Տարբերանշաններ
Գլխարկը, որպես տարբերանշան, օգտագործվել է տարբեր երկրներում ու ժամանակներում: Ղզլբաշներն, օրինակ, Իրանի ու Հարավային Կովկասի տարածքներում շրջող թյուրքալեզու քոչվոր ցեղեր էին, որոնց անունը տասներկու շիա իմամների պատվին տասներկու շարք կարմիր կտորներով պատրաստված չալմաներվ էր պայմանավորված: Ղզլբաշը նաեւ անվանարկման համար սուննիների կողմից շիաներին տրվող արհամարհական անուն էր:
Գլխարկին փոխարինող չալման շիական նվիրապետությամբ հոգեւորականների համար նախատեսված տարբեր գույների գլխածածկ է. Սպիտակը կրում են սովորական հոգեւորականները, իսկ սեւը՝ Մուհամմեդ մարգարեի տոհմից սերող «սեյյեդ» պատվանվամբ մահմեդականները: Ասում են՝ համայն մուսուլմանների սրբավայր Մեքքայում գտնվող Մասջեդ ալ-Հարամ մզկիթ մուտք գործած Մուհամմեդ մարգարեն, ի նշանավորումն իր փառահեղ հաղթանակի, սեւ գույնի չալմա է կրել:
Մեզանում էլ մի ժամանակ հոգեւարական խավի ընդհանրական անվանումը «սեւագլուխ» էր՝ վերջիններիս գլխի սեւ գույնի վեղարի պատճառով:
Սոցցանցերի ժամանակակից աշխարհում ծովահենի գործառույթ իրականացնող հաքերներն էլ պայմանականորեն տարբեր գույնի գլխարկներ կրելու իրավասություն ունեն: Նրանց բնորոշ են սեւ, սպիտակ ու կանաչ գույնի գլխարկները: Ընդ որում, «կանաչգլխարկավոր» են անվանում սկսնակ հաքերներին:
Նախորդ դարի 40-ականներին Իրանում ձեւավորվել էր մի ենթամշակույթ, որի կրողները հիմնականում միջին տարիքի տղամարդիկ էին: Նրանց բնորոշ էր Թեհրանի հարավային թաղամասերի գողական շրջանակներում տարածված վարքի կանոններն ու օրենքները:
Իրանի մայրաքաղաքում ծնունդ առած այդ վարքագծի կրողները, որպես տարբերանշան, հագնում էին թավշյա գլխարկներ, եւ կոչվում «քոլահմախմալիհա», թարգմանաբար՝ «թավշեգլխարկավորներ»:
Զարմացած եմ, որ «թավշյա» հեղափոխությունից հետո Հայաստանում ուժային կառույցներից ամենաուժայինները՝ «կարմիրբերետավորներն» ու «սեւբերետավորները» ինչո՞ւ իրենց սեւ ու կարմիր գլխարկների փոխարեն, նախորդ դարի 40-ականներին Իրանում ձեւավորված ենթամշակույթի բարքերը ներկայացնող գողականների նման «թավշյա» գլխարկներ չեն կրում:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ