Երազից մինչեւ փյունիկ
«Երազ» բառի ծագման մասին գիտենք այնքան, որքան մեզ հուշում են ստուգաբանական բառարանները: Իհարկե, շատ հեշտ կլիներ բառը բխեցնել իրանական աղբյուրից, այն համեմատել պարսկերեն ՌԱԶ (գաղտնիք) բառի հետ ու փակել թեման:
Բայց մենք կարող ենք հիմնավոր կերպով խոսել երեւանյան բնակելի թաղամասերից մեկի անունը կրող ԵՐԱԶ բառի ստուգաբանության մասին, որը ինչպես գիտեք, կառուցապատման տեղանքի ընտրության բերումով, կազմվել է ռուսերեն Ереванский автомобильный завод` ЕрАЗ, (հայերեն՝ Երեւանի ավտոմոբիլային գործարան) բառակապակցության հապավման եղանակով: Ճիշտ է, հետագայում այդ հապավումը ադրբեջանցիների կողմից խեղաթյուրվել ու օգտագործվել է Երեւանում, եւ առհասարակ՝ Հայաստանում բնակվող նախկին ազերիներին անվանելու համար, բայց նորակառույց թաղամասի անվանումը ազերիների հետ կապելը միայն մեր ներքին ու արտաքին թշնամիների մոտ կարող է ԵՐԱԶանք թվալ, եւ վերջ:
Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի շնորհիվ պատմության գիրկն անցած ԵրԱզ-ի նման մեկ այլ անփառունակ «մահաբեր» մեքենա էլ կար, որն ի պատիվ ռուսական Գորկի քաղաքի մեքենաշինական գործարանի, ինչպես նաեւ եղնիկի շարժուձեւը նմանակելու անհաջող փորձի պատճառով, կոչվել էր ԳԱԶԵԼ « ГАЗе ль»:
Առհասարակ, հապավման բառակազմական եղանակը հայերենում լայն տարածում է ունեցել հատկապես սովետական ժամանակահատվածում, թեեւ դրա համար հիմք են ծառայել հայերենի հնամյա համառոտագրությունները, որոնք գլխավորապես կիրառվում էին մագաղաթի կամ թղթի խնայման նպատակով:
Անգամ տխրահռչակ Սովետական ժամանակաշրջանի ավարտից հետո, արեւմտյան եւ արեւելյան ուղղություններից Հայաստանի նկատմամբ իրականացվող լեզվական էքսպանսիայի դեմ մեզանում պետական լեզվի կարգավիճակ ունեցող հայերենի անհաշտ պայքարի պայմաններում, շարունակվում է ռուսերեն բառերով կազմված հապավումների հաղթարշավը:
Այսօր քչերի մտքով կանցնի օգտագործել ռուսերեն ՕՎԻՐ (Отдел виз и регистрации) բառի հայերեն համարժեքը, կամ ռուսերեն ԶԱԳՍ բառի փոախրեն՝ հայերեն ՔԿԱԳ (Քաղաքացիական Կացության Ակտերի Գրանցում) տարբերակը:
Սովետական շրջանի ռուսերեն հապավումների ներթափանցման շռնդալից ընթացքն այնքան մեծ է եղել, որ այն տարածվել է նաեւ անձնանունների վրա: Բնականաբար, ոչ ոք այսօր չի ցանկանա իր տատիկի, մոր, դստեր, քրոջ ԴՈՆԱՐԱ անունը փոփոխված տեսնել ու դրա փոխարեն արտասանել անվան հայերեն համարժեքը: Չէ՞ որ Դոնարա անունը, տատիկից թոռ փոխանցվելով, իր կենսունակությունը պահպանած ռուսերեն ДОчь освобожденного НАРодА (ազատագրված ժողովրդի դուստր) բառակապակցությունից ծաղկաքաղ արված հնչյունախումբ է:
Սովորաբար հապավման եղանակով բառակազմության ժամանակ, կարեւորվում է բառի բարեհնչությունն ու եզրույթին նոր իմաստ հաղորդլու միտումը:
Համոզված եմ, որ ժամանակին դուք էլ նեղվել եք՝ կարդալով ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՃՆՇԱԿԱՅԱՆ գերբեռնված հնչյունախմբի ծնունդը հանդիսացող ԱԳԼՃԿ հապավումը, որը ոչ մի կերպ չի տեղավորվում մեր լսողական ապարատի մեջ:
Կամ, ի՞նչն էր խանգարում ավերածություններ պատճառող «Անօդաչու Թռչող Սարք» բառակապակցությունից անբարեհունչ Ա-Թը-Սը եռավանկ բառն ստանալու փոխարեն, հապավման համար հիմք ծառայած բաղադրիչների փոխատեղումով՝ «Թռչող Անօդաչու Սարք» բառակապակցությունից ստանալ միավանկ ԹԱՍ բառը:
Կարծում եմ, հաջողված հապավումների շարքում իր բարեհնչությամբ ու իմաստային նոր երանգավորումով կարելի է առանձնացնել Իրանի Ազգային Օդագնացության համար կազմված պարսկերեն հապավումը՝ հավերժական կյանքը խորհրդանշող առասպելական ՓՅՈՒՆԻԿ թռչունի պարսկերեն ՀօՄԱ անվանումը՝ իր պատկերանիշով (լոգո), որի հեղինակը հայազգի ճարտարապետ Էդվարդ Զոհրաբյանն է: Պատկերանիշը նախագծելիս, հայազգի հեղնակը 1961 թվականին հայտարարված մրցույթին մասնակցելիս, ներշնչվել է Աքեմենյան կայսրության մայրաքաղաք Պերսեպոլիսի զարդը հանդիսացող հսկայածավալ փյունիկի քանդակով:
Հավելենք նաեւ, որ Զոհրաբյանի հեղինակած լոգոն, միջազգային զբոսաշրջության Skift կազմակերպության կողմից հայտարարված մրցույթին, որին մասնակցում էին աշխարհի լավագույն լոգոներով հանդես եկած 30 ավիաընկերություններ, գրավել է առաջին տեղը:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ