Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Իմաստաբանական բառարան

Երազից մինչեւ փյունիկ

«Երազ» բառի ծագման մասին գիտենք այնքան, որքան մեզ հուշում  են ստուգաբանական բառարանները: Իհարկե, շատ հեշտ կլիներ բառը բխեցնել իրանական աղբյուրից, այն համեմատել պարսկերեն ՌԱԶ (գաղտնիք) բառի հետ ու փակել թեման: 

Բայց մենք  կարող ենք հիմնավոր կերպով խոսել երեւանյան բնակելի թաղամասերից մեկի անունը կրող  ԵՐԱԶ բառի ստուգաբանության  մասին,  որը ինչպես գիտեք, կառուցապատման տեղանքի ընտրության բերումով, կազմվել է ռուսերեն Ереванский автомобильный завод` ЕрАЗ, (հայերեն՝  Երեւանի ավտոմոբիլային գործարան) բառակապակցության հապավման եղանակով: Ճիշտ է, հետագայում  այդ հապավումը  ադրբեջանցիների կողմից  խեղաթյուրվել  ու   օգտագործվել է Երեւանում, եւ առհասարակ՝ Հայաստանում բնակվող նախկին ազերիներին անվանելու համար, բայց նորակառույց թաղամասի անվանումը ազերիների հետ կապելը  միայն մեր ներքին ու արտաքին թշնամիների  մոտ կարող է  ԵՐԱԶանք թվալ, եւ վերջ:  

Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի շնորհիվ պատմության գիրկն անցած ԵրԱզ-ի նման մեկ այլ անփառունակ  «մահաբեր» մեքենա էլ կար, որն ի պատիվ ռուսական Գորկի քաղաքի մեքենաշինական գործարանի, ինչպես նաեւ  եղնիկի շարժուձեւը  նմանակելու անհաջող փորձի պատճառով, կոչվել էր  ԳԱԶԵԼ  « ГАЗе ль»: 
Առհասարակ, հապավման բառակազմական եղանակը հայերենում լայն տարածում է ունեցել հատկապես  սովետական ժամանակահատվածում, թեեւ դրա համար հիմք են ծառայել հայերենի հնամյա համառոտագրությունները, որոնք գլխավորապես կիրառվում էին մագաղաթի կամ թղթի խնայման նպատակով:

Անգամ տխրահռչակ Սովետական ժամանակաշրջանի ավարտից  հետո, արեւմտյան եւ արեւելյան ուղղություններից   Հայաստանի նկատմամբ իրականացվող լեզվական էքսպանսիայի դեմ մեզանում պետական լեզվի կարգավիճակ ունեցող հայերենի անհաշտ պայքարի պայմաններում, շարունակվում է ռուսերեն բառերով կազմված հապավումների հաղթարշավը:

Այսօր քչերի մտքով կանցնի օգտագործել  ռուսերեն  ՕՎԻՐ  (Отдел виз и регистрации) բառի հայերեն համարժեքը, կամ  ռուսերեն    ԶԱԳՍ բառի  փոախրեն՝ հայերեն ՔԿԱԳ (Քաղաքացիական Կացության Ակտերի Գրանցում) տարբերակը: 

Սովետական շրջանի ռուսերեն հապավումների ներթափանցման շռնդալից ընթացքն այնքան մեծ է եղել, որ այն տարածվել է նաեւ անձնանունների վրա: Բնականաբար, ոչ ոք այսօր չի ցանկանա  իր տատիկի, մոր, դստեր, քրոջ ԴՈՆԱՐԱ անունը փոփոխված տեսնել ու դրա փոխարեն արտասանել անվան  հայերեն համարժեքը: Չէ՞ որ Դոնարա անունը, տատիկից թոռ փոխանցվելով, իր կենսունակությունը   պահպանած  ռուսերեն  ДОчь освобожденного НАРодА (ազատագրված ժողովրդի դուստր) բառակապակցությունից ծաղկաքաղ արված հնչյունախումբ է:  

Սովորաբար հապավման եղանակով բառակազմության ժամանակ, կարեւորվում է բառի բարեհնչությունն ու եզրույթին նոր իմաստ հաղորդլու միտումը:    
Համոզված եմ, որ ժամանակին դուք էլ  նեղվել եք՝  կարդալով   ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՃՆՇԱԿԱՅԱՆ գերբեռնված հնչյունախմբի ծնունդը հանդիսացող  ԱԳԼՃԿ  հապավումը, որը ոչ մի կերպ չի տեղավորվում  մեր լսողական ապարատի մեջ:

Կամ, ի՞նչն էր խանգարում ավերածություններ պատճառող  «Անօդաչու Թռչող  Սարք» բառակապակցությունից  անբարեհունչ Ա-Թը-Սը  եռավանկ բառն  ստանալու   փոխարեն,  հապավման համար հիմք ծառայած բաղադրիչների փոխատեղումով՝ «Թռչող Անօդաչու Սարք» բառակապակցությունից  ստանալ     միավանկ    ԹԱՍ  բառը:   

Կարծում եմ, հաջողված հապավումների շարքում իր բարեհնչությամբ ու իմաստային նոր երանգավորումով կարելի է առանձնացնել Իրանի Ազգային Օդագնացության համար կազմված  պարսկերեն հապավումը՝  հավերժական կյանքը խորհրդանշող առասպելական ՓՅՈՒՆԻԿ թռչունի պարսկերեն  ՀօՄԱ անվանումը՝  իր պատկերանիշով (լոգո), որի հեղինակը  հայազգի ճարտարապետ Էդվարդ Զոհրաբյանն է:  Պատկերանիշը նախագծելիս, հայազգի հեղնակը 1961  թվականին հայտարարված մրցույթին մասնակցելիս, ներշնչվել է Աքեմենյան կայսրության մայրաքաղաք  Պերսեպոլիսի զարդը հանդիսացող հսկայածավալ փյունիկի քանդակով:

Հավելենք նաեւ, որ Զոհրաբյանի հեղինակած լոգոն, միջազգային զբոսաշրջության  Skift կազմակերպության կողմից հայտարարված  մրցույթին, որին մասնակցում էին աշխարհի   լավագույն լոգոներով հանդես եկած  30  ավիաընկերություններ, գրավել  է առաջին տեղը:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ