«Թասիբը» հայկական սպորտում
Հայաստանին սպորտային հաղթանակներ պարգեւած հայ մարզիկների հաջողության գաղտնիքը բացահայտելու համար ընդամենը պետք է հասկանալ մեր քաջազուն երիտասարդներին վերագրվող ԹԱՍԻԲ բառի իմաստը: Եվ երբ մեր բառարաններում հանդիպում ենք ԹԱՍԻԲ բառի իմաստային նրբերանգներին ու բազմազանությանը, միայն այդ ժամանակ ենք հասկանում, որ մեր մարզիկներն իրենց արժանապատվությամբ, բարոյական անբասիրությամբ, սկզբունքայնությամբ ու բազմաթիվ այլ դրական հատկանիշների շնորհիվ են միջազգային մրցութային թատերաբեմերում հայի անունը բարձր պահում:
Ուրեմն, հայերեն ԹԱՍԻԲ նշանակում է վերը թվարկված բոլոր դրական հատկանիշները, դեռ մի բան էլ ավելի:
Սակայն, բառիմաստից բացի, մեզ հետաքրքրում է նաեւ դրա ծագումնաբանությունը:
Թող տարօրինակ չթվա, բայց հայերեն ԹԱՍԻԲ-ի սկզբնաղբյուրը հանդիսացող արաբերեն taassub բառի հիմքում asab «նյարդ» արմատն է, որը ոչ մի կապ չունի տվյալ բառի եւ այն փաստի հետ, որ սպորտսմենն իր նյարդերի լարման շնորհիվ է հաղթանակի հասնում:
Ինչեւէ, արաբերեն taassub բառը, որի հիմնական իմաստը անհանդուրժողականությունն է, երկար ճանապարհ անցնելով՝ փոխանցվել է նաեւ պարսկերենին եւ ձեռք է բերել «դոգմատիզմ», «ֆանատիզմ», «արժանապատվություն», «մոլեռանդություն», «կույր ու անվերապահ հետեւում կրոնա-փիլիսոփայական համոզմունքներին», «նյարդայնացում», «կողմնապահություն»…եւ մի շարք այլ իմաստներ, որոնցից են նաեւ հայերի ընկալմամբ մեր սպորտսմեններին վերագրվող հասկացողությունները:
Արաբերեն taassub բառը նաեւ փոխանցվել է թյուրքերենին: Սակայն թուրքերը բազմաթիվ իմաստներից առանձնացրել են միայն բացասականը, այդ թվում՝ Ֆանատիզմը:
Նշենք նաեւ, որ ՖԱՆԱՏԻԶՄ-ը առաջացել է լատիներեն “fanum” բառից, որը նշանակում է «զոհաբերության տաճար»: Իսկ ֆանատիզմի ամենավտանգավոր ու տարածված տեսակները կրոնական եւ սպորտային ֆանատիզմներն են, որոնք ոչ մի կապ չունեն դրական լիցքով հագեցած հայերեն ԹԱՍԻԲ բառի հետ:
Ուրեմն, փառք ու պատիվ մեր թասիբով տղաներին:
Խաչատուր Աբովյանը, բացականչում էր. «Հայոց ազգ, ձեր ջանին մեռնիմ, Հայոց ազգ. քո հողին մատաղ, Հայոց աշխարհ… Դուք, դուք իրար պահեցեք, ինչպես ձեր նախնիքը, դուք իրար թասիբ քաշեցեք, ձեր նախնիքը միտք բերեք, ձեր հողն ու ազգը պաշտեցեք» (ԽԱ, «Վերք Հայաստանի», էջ 71):
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ