Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կրթութեան շինարար ներկայութիւն

18/08/2023
- 18 Օգոստոսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կարլէն Միրզախանեանի 100 տարին

Ճիշտ այսօր լրանում է հայկական մանկավարժության, գեղարվեստական դաստիարակության, ֆիլմարվեստի, թատրոնի, հեռուստալրագրության, ժողգործիքների ուսուցման եւ հարակից մասնագիտությունների մեր գլխավոր դարբնոց՝ Հայաստանի Պետական Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հիմնադիր եւ առաջին դեկան Կարլեն Միրզախանյանի ծննդյան 100 տարին: Կազմակերպական ջիղ, բարձր ճաշակ, դիպուկ, սրամիտ խոսքի վարպետ, կոլորիտային անձնավորություն, որին տասնամյակներ հետո էլ դեռ երանությամբ են հիշում՝ այժմ արդեն հայտնի գիտնականներ եւ արվեստագետներ դարձած նրա սաները:

Եվ այլ կերպ չէր էլ կարող լինել: Կարլեն Ժիրայրիչը ծնվել էր ծագումով վանեցի իրավաբան Ժիրայր եւ Պետհամալսարանի ամենահարգված դասախոսներից, ծագումով նույնպես վանեցի Եվգենիա-Միրզախանյանների ընտանիքում: Այսուհանդերձ մարդիկ իրենց վաստակով, կատարած գործով են հիշվում: Կարլեն Միրզախանյանը հայկական բուհական կրթության բնագավառում ծանրակշիռ ավանդ ունի, որը, ամենակարեւորը, շարունակվում եւ շարունակվելու է:

Խմբ.

Թերեւս մենք առօրեայի հնհնուքի մէջ այնքան էլ չենք նկատում նրա տեսակի մարդկանց անցած ճանապարհի խորքը, տիրական բարեբեր ներկայութիւնը: Նրանք  գուցէ բնաւորութեամբ կարող են յախուռն լինել, բայց խորքի մէջ քաջ գիտեն իրենց իրական արժէքը, կատարած աշխատանքի նշանառութիւնն ու նշանակութիւնը: Նրանք ուշադրութեան կենտրոնում կարեւորում են իրենց ծառայութիւնը, բայց նախընտրում են առանձնապէս շատ չերեւալ: Ժամանակը, ի վերջոյ, երեւան է հանում անհատականութեան կազմակերպական շնորհը, մատնում էութեան ներքին շերտերը, բացայայտում նուիրումի սահմանները:

Կարլէն Ժիրայրի Միրզախանեանը յանձն էր առել կրթութեան մէջ դժուարագոյնը. նախ նկատել դիմացինի շնորհալիութիւնը, երեւան հանել այսօրուայ ուսանողի՝ վաղուայ արուեստագէտի մէջ տաղանդի առկայծումը, նշմարել նրա անցնելիք ուղին, «թեթեւ ջանքով» դուրս բերել նրա միջից «աստեղային հիւանդութեան» հնարաւոր հովերը, ապա ի վերջոյ, հպարտանալ տաղանդի իրական հունդով: Դա ենթադրում էր չեւեւացող ամենօրեայ տքնանք, մանկավարժի ներքին յամառութիւն, կամք, ուր ակնառու յաջողութիւնը երկար տարիների հաւատի ու բերկրանքի վերջնարդիւնքի պէս է, ինչը յաճախ կարող է տարրալուծուել միայն տաղանդի ու շնորհի դրսեւրումներում:

Բայց հո ամենատես մանկավարժը որսում էր, քաջ գիտէր իր իւրաքանչիւր ուսանողի՝ արուեստագէտի լինելութեան ճանապարհին իր անկրկնելի դերակատարութիւնը, ինչպէս լաւագոյն մարզիչը՝ իր ներդրումի անփոխարինելի հատիկը սանի մէջ:

Այսպիսի տեսողութիւնը խմորւում էր նրա մէջ դեռ Երեւանի պետական համալսարանի իրաւաբանական ֆակուլտետի ուսանողական եւ ասպիրանտական նստարաններից, երբ ուսման նպատակների՝ պատմութեան, իրաւագիտութեան կողքին որոնում էր յանձնառու նոր ընտրութիւնը մանկավարժութեան խորհուրդների հանդէպ: Իրաւաբանական ճիւղի հեռանկարը մնաց ըստ էութեան անաւարտ, երբ անգամ պաշտպանեց թեկնածուական աւարտաճառ նորագոյն շրջանի պատմութիւնից: Կարլէն Միրզախանեանի մասնագիտական որոնումների ճանապարհին հրապոյրները շատ էին. երիտասարդ գիտնականին անմիջապէս հրաւիրեցին համամիութենական իրաւաբանական ինստիտուտի հայկական մասնաճիւղ՝ ուսումնական աշխատանքի գծով պրոռեկտորի բարձր պաշտօնում վերագտնելու նոր կարիերայի ճանապարհը: Մինչդեռ լուծումը, շատերի համար անսպասելի, նա գտաւ Խաչատուր Աբովեանի անուան պետական մանկավարժական ինստիտուտում, մանկավարժութեան ոլորտում, ուր երեսուն տարի շարունակ վարեց իր հիմնադրած, իր նախասիրած գեղագիտական դաստիարակութեան, ապա կուլտուրայի վերանուանուած ֆակուլտետները: Իրագործեց ըստ էութեան իր մէջ  հնուց բուն դրած վաղեմի ծրագիրը:

Դեռ անցեալ դարի 70-ական թթ.-ից Կ. Միրզախանեանը հաստատեց գիտական շարունակական նախաձեռնութիւններ, երբեմն նաեւ իրարից անջատ թուացող հեռաւորութիւններում. այսպէս, պատմութեան օրինաչափութիւնները նա շաղախեց չորս գրքերում՝ տնտեսագիտական եւ մշակութային հարուստ փորձով, ի մասնաւորի՝ նոր զուգահեռներով՝ մեկնելով Մեծ Հայրենականի շրջանի երիտասարդութեան հերոսականութեան սկզբնաղբիւրներից: Պատահական չէր, որ գիտական աստիճանի կողքին դասախօսը ստացաւ նաեւ Պրոֆեսորի կոչում՝ մանկավարժի բարձր ծառայութեան դիմաց:  

Եւ իսկապէս. իր հիմնադրած ֆակուլտետը կարճ ժամանակամիջոցում դարձաւ Հանրապետութեան մշակութային գործիչների ձեւաւորման առաջնային եւ իւրատեսակ բարձրագոյն կրթական օջախ, ուր հասունանում էին արուեստագէտների եւ հանրակրթական ասպարէզի մէջ անհատականութիւնը բարձր պահող ուսուցիչների նորանոր սերունդներ, նրանք՝ որոնց վստահւում էր ջահակիրներ լինել, հաւատալ իրենց ուժին:

Ընդգծենք, այսօր էլ, երկարամեայ վաստակաշատ դեկանի մահից տասնեակ տարիներ անց, ֆակուլտետը պահում է իր վարկանիշը բուհերի մրցակցութեան մէջ: Պարզ է ու ակներեւ մի ճշմարտութիւն՝ Կարլէն Միրզախանեանին լաւագոյնս յաջողուել էր մանկավարժական համալսարանում ձեւաւորել երկրի համար ոչ սովորական ուսումնական ստորաբաժանում: Այստեղ էին մշակութային ոլորտում անուն հանած լաւագոյն մասնագէտների համախումբը, ճանաչուած արուեստագէտ ուժերի աստղաբոյլ, որոնց համար նախ եւ առաջ հպարտանում էին ուսանողները՝ իրենց մէջ յայտնաբերուած մանկավարժի ներուժը ի ցոյց դնելով, որ ասէին՝ ես Հենրիկ Մալեանի դասարանից եմ եղել, ես՝ Ֆրունզիկ Դովլաթեանի, Ազատ Ղարիբեանի կամ Հակոբ Ոսկանյանի, Յուրի Երզնկյանի, Վանուշ Խանամիրյանի, Ալբերտ Յավուրյանի  եւ նրանցպէսների: Երախտաւորներ, որոնց համար արուեստագէտի ոգին զօրացնելու գաղտնիքն ունէր Կարլէն Միրզախանեանը: Սա յաջողութեան գրաւական էր արդէն ձեռագիր մշակած իւրաքանչիւր արուետագէտի համար, կանխորոշուած, գիտակից ընտրութիւն վաղուայ ինքնուրոյն քայլերում:

Կարլէն Միրզախանեանի հաւաքական բնաւորութեան գծերի մէջ համատեղւում էին մարդու սրատես հայեացքը, կենսախնդութիւնը, սուր հումորը, բայց եւ պատուախնդրութիւնը, պահանջկոտութիւնը, դիմացինի ներքինը անմիջապէս որսալու անսխալ բնազդը: Նա ուսանողին կերպափոխելու բացառիկ յատկութիւն ունէր. անգամ երբ կատակում էր, զննում էր ու կողմնորոշւում շատ արագ, կռահում թէ ով է իր առջեւ: Դու դեռ կարող էիր նախնական տպաւորութեան գերին մնալ, նա արդէն որոշում էր քո տեղը միջավայրում՝ լրջախոհ գիտնական լինէիր թէ մարզից առաջին անգամ եկած համալսարանական միջանցքներում շփոթահար ուսանող:

Բնազդ էր դա, որ գուցէ գալիս էր իր խորաթափանց ծնողներից՝ Հանրապետութիւնում ճանաչուած, նշանավոր մտավորականներ՝ իրավաբան Ժիրայր եւ պատմաբան Եւգենիա Միրզախանեանների բերած, արեան մէջ ներարկած աւանդից, կրթութեան հանդէպ ակնածութեան դասերից, որոնք այսօր անցել են որդուն՝ նոյն ճանապարհով գիտական եւ կազմակերպական բարձունքի ուղի յաղթահարած պատմական գիտութիւնների դոկտոր, Պրոֆեսոր, Հայաստանի «Վահան Թէքէեան»  մշակութային միութեան նախագահ Ռուբէն Միրզախանեանին:

Յիրաւի՛, աւանդոյթի շարունակական ճանապարհ է սա, որ հիացում է առաջացնում, կրթութեան շինարարի աշխատանքին Միրզախանեանների գերդաստանի անսակարկ նուիրուածութեան վկայութիւն:

Այդպիսին է Կարլէն Միրզախանեան մանկավարժ-գիտնականի անցած ուսանելի հարուստ ուղին մեր տպաւորութիւններում:

ՍՈՒՐԷՆ ԴԱՆԻԷԼԵԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վայ-վայ-վայ

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական