Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին եւ մաղթելով ստեղծագործական նոր նվաճումներ՝ հրատարակում ենք արվեստաբաններ Մարգարիտա Ռուխկյանի եւ Սիրանույշ Գալստյանի հոդվածներն Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին:
Հայ երաժշտական արվեստը համալրվել է բարոյական հզոր ուժ ունեցող ստեղծագործությամբ` մեծ օպերայով, որը գրել է հայտնի կոմպոզիտոր Վարդան Աճեմյանը: Նրա հաջողությունները կոմպոզիցիայում` սիմֆոնիկ ու երգչախմբային ստեղծագործությունները, գործիքային համերգները, «Կիկոսի մահը» օպերան` ըստ Հովհաննես Թումանյանի համանուն գործի, բազմաթիվ ռոմանսները` հայ բանաստեղծների երկերի հիման վրա, այս ամենը նախանշում էին, որ ստեղծվելու է նման հզոր նշանակության գործ:
Օպերայի թեմային իրեն որոշակիորեն հանգեցրել է ցավը հանուն Հայրենիքի, որն արդեն որքան ժամանակ է, ապրում է իր պատմության ողբերգական էջերը:
Քրիստոնեության ծագման պատմությունը հայ ժողովրդի գոյության եւ կյանքի առանցքային թեման է: Այն բացահայտում է նրա բնավորության առանձնահատկությունները, սկսած սեփական ինքնության գիտակցման պահից, երբ հայ ժողովուրդը ձգտում էր իրեն միավորող հավատ ձեռք բերել: Հենց դա էր, որ ուղի հարթեց քրիստոնեության լուսավոր եւ կենսահաստատող գաղափարների ձեռքբերման համար:
Օպերայի ստեղծման համար տարվող աշխատանքը կոմպոզիտորի համար փրկություն դարձավ սեփական ապրումներից ու տառապանքներից: Իսկ նրա տաղանդը բազմապատկեց այն մետաֆիզիկ ուժերը, որ ուղղված են ունկնդիրների եւ հանդիսատեսի լայն շրջանակին: Օպերայի երաժշտությունը հիանալի է, հագեցած մեղեդայնությամբ, երգեցիկությամբ, հարմոնիաներով, որոնք ստեղծում են առ լույս, ուրախություն եւ հավատի ձեռքբերման ձգտող համաժողովրդական մեծ ներշնչանքի մթնոլորտ:
Երեք մեծ արարները եւ ութ պատկերները ժողովրդական սպասման տեսանկյունից են բացահայտում Մեսիայի առաջին ավետաբերի մասին սյուժեն: Եթե ժողովուրդն սպասում է, ապա այն անպայման կիրականանա:
«Սուրբ Տրդատ» օպերայի վրա կատարված աշխատանքն ընթացել է լիբրետիստի հետ սերտ համագործակցությամբ, որը նույնպես տոգորված էր այս հոյակապ թեմայով: Եվ այս օպերայի բեմադրման իրագործումը նույնպես կպահանջի բեմադրիչների ամբողջ թիմի` ռեժիսորի, դիրիժորի, նկարիչների եւ արտիստների ստեղծագործական եւ գաղափարական լիակատար փոխըմբռնում:
Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի բեմադրությունը կարող է հասարակական մեծ նշանակություն ունեցող երեւույթ դառնալ:
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՌՈՒԽԿՅԱՆ
Արվեստագիտության դոկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
***
Արդի հայտնի կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերան նվիրված է հայ ժողովրդի պատմության ամենաառանցքային թեմային` քրիստոնեության ընդունմանը: Այդ օրերից ի վեր քրիստոնեությունը դարձել է հայ ժողովրդի մշակույթի, հայի ինքնության կարեւորագույն դիմագիծը, որով նա ներկայացել ու ներկայանում է աշխարհին:
Վերջին ժամանակներում մեզ պատուհասած արհավիրքներից հետո դժվար էր պատկերացնել, որ մեր Հայրենիքում կարող է ծնվել այսպիսի կենսահաստատ մասշտաբային գործ, որն ապշեցնում է ոչ միայն հզոր թափով, այլեւ իր վեհացնող մեղեդայնությամբ ու լավատեսությամբ: Գլխավոր եւ երկրորդ պլանի հերոսների արիաների, երգչախմբի, պարային կտորների գործիքային համադրումը կարծես վերածվում է հոգեւոր ցնծության: Արվեստագետի սխրանքը գուցե հենց դրանում է կայանում, որ վերջինս կարողանա «քաոսից ներդաշնակություն արարել», ինչպես կասեր բանաստեղծ Ալեքսանդր Բլոկը:
Անկախության տարիների թերեւս ամենատպավորիչ ներկայացումից` Գաետանո Դոնիցետիի «Պողիկտոսի» բեմադրումից (ռեժիսոր՝ Տիգրան Լեւոնյան) հետո հայ օպերային բեմն այս գործով կարող է հիացնել ու զարմացնել թե՛ մեր, եւ թե՛ օտար հանդիսատեսին, այս անգամ արդեն հայ կոմպոզիտորի ստեղծագործությամբ, որն ունի բացառապես հայեցի պատմական նյութի վրա հիմնված լիբրետո: «Սուրբ Տրդատ» օպերան կարող է ընկալվել նաեւ իբրեւ մեր պատմական առաքելության հիշեցում:
Այսպիսով, ժամանակակից հայ դասական երաժշտական արվեստը Վարդան Աճեմյանի շնորհիվ հարստացել է մոնումենտալ` խոշորակերպ մի երկով, որն ունի համամարդկային եւ բացառիկ հոգեւոր բովանդակություն: Իսկ այդպիսի ստեղծագործության մեծադիր բեմադրությունը կարող է վերածվել համահայկական մշակութային խոշոր իրադարձության եւ համազգային վերելքի ազդարար դառնալ: Հուսանք, որ այն շուտով իրականություն կդառնա՝ զարդարելով ազգային օպերային արվեստը մեր օրերում:
ՍԻՐԱՆՈՒՅՇ ԳԱԼՍՏՅԱՆ
Արվեստագիտության թեկնածու, դոցենտ









