Իսպանացին տոլմա է փաթաթում, իտալացին՝ հայերեն հաշվում, լեհը «Իմ փոքրիկ նավակ» է երգում, մեքսիկացին էլ պարում է «Մենք ենք մեր սարերը» երգի տակ, ու սա ամենեւին էլ ֆանտաստիկայի ժանրից չէ: Անհնարը հնարավոր է դառնում Ուսանողական ջոկատների հանրապետական շտաբ (HUJ) կամավորական աշխատանքների ծառայության ճամբարներում: Հայաստանում HUJ-ի շնորհիվ յուրաքանչյուր տարի գործում են միջազգային եւ երկկողմանի ճամբարներ, որտեղ հայ եւ արտասահմանցի կամավորները կատարում են տարածքների բարեկարգման, շրջակա միջավայրի պահպանման աշխատանքներ՝ այդ ամենը համեմելով ճանաչողական եւ մշակութային բովանդակ առօրյայով, էքսկուրսիաներով: Այս մասին առավել մանրամասն տեղեկացանք հենց տեղում՝ այցելելով մի շարք ճամբարներ:

«ՏՊԱՎՈՐԻՉ Է, ԵՐԲ ԿԱՐՈՂ ԵՍ ԴԻՊՉԵԼ 7-ՐԴ ԴԱՐԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑԻՆ»
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում աշխատող եւ ապրող հայ եւ արտասահմանցի կամավորները միանգամից մեզ զարմացրեցին: Օտարերկրացիները ողջունեցին «Բարեւ ձեզ»-ով եւ հայերեն հետաքրքրվելով, թե «ի՞նչ կա-չկա»: Նշված տարածքում ճամբարի ղեկավար ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԻՄՈՆՅԱՆՑԸ մեզ հետ զրույցում նշեց, որ ռուս, լեհ, մեքսիկացի, իտալացի կամավորները սովորել են հայտնի «Իմ փոքրիկ նավակը» երգել եւ հայկական պարել՝ «Մենք ենք մեր սարերը» երգի հնչյունների ներքո, որը նրանց սովորեցրել է պրոֆեսիոնալ պարուսույց Անի Պետրոսյանը:
Ինչ վերաբերում է արգելոց-թանգարանի տարածքում իրականացվող կամավորական աշխատանքներին, Լյուդմիլան նախ հիշեցրեց տարածքի կարեւորության մասին, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում:
«Մեր հիմնական նպատակն այս տարածքի մաքրության ապահովումն է: Կամավորների շարքում ունենք 6 օտարազգի ներկայացուցիչ, ինչպես նաեւ հայ կամավորներ, որոնք առույգ եւ սիրով աշխատում են: Հիմնականում հին քարերի արանքում աճած բույսերն ենք մաքրում, թանգարանում ենք աշխատանքեր իրականացնում, օրինակ՝ առավոտյան գորգերն արեւին ենք տալիս, երեկոյան՝ հավաքում: Բացի այդ, որոշ կամավորներ թանգարանի ցուցանակների թարգմանություններ են անում՝ անգլերենից իրենց լեզվով», – ասաց Լյուդմիլան, որն, ի դեպ, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհի է եւ երրորդ տարին է, որ միացել է կամավորների մեծ ընտանիքին:

Ըստ Լյուդմիլայի, արտասահմանցի կամավորներից հայերենը շատ արագ սովորում, ընկալում եւ չի մոռանում Մեքսիկայից ժամանած կամավոր ԱՆԴՐԵՍ ՄԱՐՏԻՆԵԶ ՍԱՆՉԵԶԸ: Դրանում մենք համոզվեցինք իր հետ զրույցում: Անդրեսն իր երկրում սովորում է ֆինանսների կառավարման ֆակուլտետում, բայց տպավորված է այն ամենով, ինչով զբաղվում է, որպես կամավոր, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում:
«Թեպետ հաճախ կատակում եմ, որ չեմ սիրում գործ անել, բայց իրականում շատ եմ սիրում ֆիզիկական աշխատանքը: Մանավանդ այս տարածքում աշխատելն ինձ համար անչափ հաճելի է: Եվ բացի աշխատանքը, մենք միմյանց ենք ներկայացնում մեր ժողովուրդների մշակութային առանձնահատկությունները: Հայկական ճաշատեսակները շատ սիրեցի, համով են եւ նման մեքսիկականին: Օրինակ, դուք ունեք լավաշ, մենք՝ տորտիյա», – նշեց Անդրեսը՝ ընդգծելով, որ ունենում են տարբեր երկրների օրեր, որի շրջանակում ամեն մեկը ներկայացնում է իր հայրենիքի խոհանոցը, մշակույթն ու լեզուն: Արդյունքում միմյանցից գիտելիքների մեծ պաշար են ձեռք բերում:
Լեհաստանից ժամանած կամավոր ԲԱՐՏՈՇ ԲԻՍԿՈՒՊԸ նույնպես հիացած է Հայաստանով: Ավելին՝ արդեն երեք -չորս տարի է ուզում էր Հայաստան գալ եւ վերջապես այստեղ է:
«Արգելոց-թանգարանի տարածքում աշխատելը հետաքրքրական է, որովհետեւ կարող ես դիպչել 7-րդ դարի կառույցին, ոչ թե այն տեսնել հեռվից կամ նկարներով: Շատ գեղեցիկ տեղ է»,- տպավորությունները ինձ հետ կիսեց Բարտոշը՝ անկեղծանալով, որ ապագա ինժեներ է եւ որեւէ կապ չունի հնէաբանության ու պատմագիտության հետ:

Քանի որ լեհ կամավորը չափազանց անկեղծ էր, հետաքրքրվեցինք նրանից նաեւ հայաստանյան կիզիչ արեւի ու անտանելի շոգի մասին. «Իրականում այս շոգն ինձ համար իդեալական է եւ շատ չէ: Ես ատում եմ ձյունը ու որպես չգրված օրենք՝ երբեք չեմ բողոքում շոգից»:
Սանկտ Պետերբուրգից ժամանած ռուս կամավոր ԳԼԵԲ ԿՈՉԻՆՆ էլ ասաց, որ ՌԴ-ում սովորել է արվեստի պատմության ֆակուլտետում եւ առանձնահատուկ տպավորություններ ունի «Զվարթնոց»-ից:
«Ինձ շատ է դուր գալիս այստեղ: Ընդհանրապես, տեղացիները շատ անկեղծ են, հյուրընկալ: Իհարկե, դժվար է աշխատել առավոտյան արեւի տակ, ինչն ինձ համար անսովոր է, բայց ընտելանում եմ եւ կցանկանայի աշնանը կամ գարնանը կրկին լինել այստեղ», – շեշտեց ռուս կամավորը:
Գլեբը նաեւ անկեղծացավ, որ Հայաստանն իրեն դուր է գալիս եւ կցանկանար հնարավորինս երկար մնալ ճամբարում, որովհետեւ, ըստ նրա, հայաստանյան օդում բարություն կա:
«ԸՆԿԵՐԱՑԵԼ ԵՆՔ ԵՎ ԱՅԴ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՄԲԱՐԻՑ ՀԵՏՈ ԷԼ ԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ»
Երեւանի Նիկողայոս Տիգրանյանի անվան Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների համար 14 հատուկ կրթահամալիրի կամավորները համատեղ ուժերով ճաշ էին պատրաստում, երբ այցելեցինք նրանց:
Գեղարվեստի պետական ակադեմիայի Համակարգչային գրաֆիկայի բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի ՄԱՐԻԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, որը կրթահամալիրի ճամբարի ղեկավարն է, մեզ հետ զրույցում ասաց, որ HUJ-ի շնորհիվ արդեն երկրորդ անգամ է կամավորագրվել:
«Անցյալ տարի հոկտեմբերին մեկնել էի ճամբար՝ Ֆրանսիա: Գնացել էինք այնտեղ ժամանակակից բեմադրություն խաղալու: Սա երկրորդ համագործակցությունն է, եւ շատ ուրախ եմ, որ այս անգամ հենց Հայաստանում է եւ ինչ–որ կերպ կարող եմ մեր երկրին օգտակար լինել», – ասաց Մարիաննան:

Ճամբարի ղեկավարը պատմեց, որ համար 14 կրթահամալիրը Հայաստանում իր տեսակով միակն է՝ տեսողության խնդիրներ ունեցող երեխաների համար, եւ կամավորներն առանձնահատուկ ջերմությամբ են աշխատում կրթահամալիրի այգում, բարեկարգում են տարածքը, վերանորոգում ու ներկում են նստարանները, աղբամանները: Հիմնականում աշխատանքը փայտի հետ է:
«Հայ կամավորները չորսն են, օտարերկրացիները՝ 8-ը: Ունենք կամավորներ Իսպանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Շվեցարիայից, ի դեպ, որի ներկայացուցիչն ազգությամբ ճապոնացի է: Ճամբարում օրերը շատ հետաքրքրան են անցնում, աշխատանքին զուգահեռ՝ կազմակերպում ենք խաղեր, որոնք խմբի անդամներին ավելի է մտերմացնում: Յուրաքանչյուր կամավոր պատմում է իր երկրի պատմությունը, եւ շատ հետաքրքրական մշակութային փոխանակման ծրագիր է ստացվում: Նույնիսկ դաս ենք անցկացրել, որի ժամանակ օտարերկրացի կամավորները սովորում էին հայերեն գրել իրենց անունները», – նշեց Մարիաննան:
Իտալիայից ժամանած կամավոր ՉԵԶԱՐԵ ԼՈՒԻՋԻ ԲԼԵՆՋԻՆԻՆ, որն իր երկրում սովորում է համակարգչային ծրագրավորում, մեծ հետաքրքրությամբ է աշխատում փայտի հետ՝ այն էլ երեւանյան տապին:
«Ընդհանրապես աշխատանքը դժվար չէ: Այն գիտակցումը, որ այս ամենն անում ենք տեսողության խանգարումներ ունեցող երեխաների համար, ծանրաբեռնվածության զգացողությունը վերանում է: Իրականում շատ հետաքրքրական է անցնում առօրյան: Այնպես չէ, որ մի խումբը շատ է աշխատում, մի խումբը՝ քիչ, աշխատանքը բաժանվում է բոլորին հավասար, մենք էլ իրար օգնում ենք ու շատ ուրախ ժամանակ անցկացնում», – պատմում է իտալացի կամավորը եւ նշում, որ միշտ մտադրություն է ունեցել Հայաստան գալու, բայց չի ցանկացել լինել զուտ զբոսաշրջիկ:

«Ուղղակի գալ Հայաստան, պտտվել՝ առանց տեղեկանալու երկրի պատմությանն ու մշակույթին, ինձ համար այդքան էլ հաճելի չէր լինի: Մինչդեռ ճամբարն ինձ մեծ հնարավորություն տվեց ոչ միայն ընկերներ ձեռք բերելու, այլեւ էքսկուրսիաների շնորհիվ ծանոթանալու հայաստանյան մշակույթին, գեղատեսիլ վայրերին, միեւնույն ժամանակ ինքս էլ ներկայացրել եմ իմ երկրի մշակույթն ու պատմությունը», – ընդգծեց Չեզարե Լուիջին, որն արդեն հայերենով մինչեւ 10-ը հաշվել է սովորել եւ սիրահարվել հայկական խոհանոցին:
«Ճամբարի ամենավառ հիշողություններից, որն ինձ մոտ տպավորվել է, տոլմայի դասն էր: Սովորում էինք ինչպես տոլմա փաթաթել եւ ծանոթանում հայկական խոհանոցին: Քանի որ շատ եմ սիրում համով ուտելիքներ, սա ինձ համար շատ մեծ պատճառներից մեկը կարող է լինել, որ հետագայում վերադառնամ Հայաստան», – ասում է Չեզարե Լուիջին:
Հայաստանյան կամավորներից Ճարտարապետական համալասարանի շրջանավարտ ՍՅՈՒԶԻ ԱՍԼԱՆՅԱՆՆ էլ պատմեց, որ թեպետ ծանրաբեռնված են անցնում ճամբարում օրերը, բայց այդ ամենից իրենք հաճույք են ստանում:
«Ամենակարեւորը՝ կա այն գիտակցումը, թե ինչի համար ենք այս աշխատանքը կատարում: Սա ամենափոքրիկ օգնությունն է, որ կարող ենք ցուցաբերել տեսողության խանգարումներ ունեցող երեխաների համար», – շեշտեց հայ կամավորը:
Ի դեպ, Ուսանողական ջոկատների հանրապետական շտաբի կամավորների շարքում է նաեւ արցախցի ՀԱՅԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ:
Նա Ստեփանակերտից է, սովորում է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի առաջին կուրսում եւ առաջին անգամ է կամավորության փորձ ձեռքբերում: Արցախի շրջափակման պատճառով՝ այդպես էլ չի կարողացել տուն վերադառնալ, որոշել է կամավորագրվել՝ Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների համար 14 հատուկ դպրոցի աշխատանքներում:
«Ինձ շատ օգնեց այս ճամբարը, որովհետեւ տանը մնալով՝ անընդհատ մտածում էի հարազատներիս մասին: Իսկ այստեղ շփվելով հասակակից օտարերկրացիների հետ ե՛ւ մտահորիզոնս է ընդլայնվում, ե՛ւ նաեւ փոքր–ինչ ցրվում եմ: Բացի այդ, ինչ–որ չափով կարողանում եմ այսկերպ օգնել Արցախին՝ տարբեր երկրներից եկած կամավորներին տեղեկացնելով ստեղծված իրավիճակի մասին: Հայկական դասերից մեկի ժամանակ ներկայացրել եմ Արցախի պատմությունը, նրանք հետաքրքրված են այդ ամենով», – ասաց Հայկը եւ նշեց, որ ճամբարում անվճար սնվում են, գիշերում եւ հիանալի ժամանակ անցկացնում:
«Դարձել ենք մեծ ընտանիք: Ընկերացել ենք եւ այդ ընկերությունը ճամբարից հետո էլ ենք պահելու: Ինչ վերաբերում է պայմաններին, այնքան լավ է, որ նույնիսկ բանակի հետ համեմատելը տեղին չէ: Ունենք ազգային ուտեստների օր, եւ յուրաքանչյուրն իր ազգային խոհանոցով կարողանում է հիացնել մյուսներին: Շատ հեշտ լեզու ենք գտել օտարերկրացիների հետ: Աշխատանքի բաժանումը կատարվում է հավասարաչափ: Իրենք շատ աշխատասեր են: Հայերիս եւ օտարերկրացիների տարբերությունն այն է, որ մենք միշտ ձգտում ենք աշխատանքը թեթեւացնել, մտածում ենք այլընտրանքային տարբերակներ, իսկ իրենք պատրաստակամ են անել աշխատանքը, ինչպես հարկն է ու չշեղվել», – անկեղծանում է արցախցի կամավորը, որն արդեն յուրացրել է իտալերեն մի շարք բառեր: Նա վստահեցնում է, որ նույնքան հայերեն բառեր էլ արդեն իտալացի կամավորն է սովորել:
Հայկը նաեւ պատմեց, որ օտարերկացիները տպավորված են ոչ միայն կապուտաչյա Սեւանով, պատմական բացառիկ արժեք ունեցող Գառնիի տաճարով եւ Գեղարդավանքով, այցելած մի շարք թանգարաններով, այլ նաեւ Հանրապետության հրապարակի երգող շատրվաններով ու Հյուսիսային պողոտայով: Նրանցից շատերը Հայաստանի միայն տեղն են իմացել քարտեզի վրա, ուրիշ ոչինչ, եւ հիմա բացահայտելով իրենց համար մեր երկիրը՝ վստահեցնում են՝ կվերադառնան կրկին:
Շարունակությունը` հաջորդ համարում