Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

79 տարի առաջ. 89-րդ  հայկական Թամանյան հրաձգային դիվիզիայի հաղթական քոչարին

1941թ. հունիսի 22-ին սկսվեց Խորհրդային պետության Հայրենական մեծ պատերազմը ընդդեմ ֆաշիստական Գերմանիայի:

1941թ. դեկտեմբերին Երեւանում կազմավորվեց 474-րդ հրաձգային դիվիզիան, որը 1942թ. հունվարին վերակոչվեց 89-րդ հրաձգային դիվիզիայի:

 Նրա շարքերում կային ուկրաինացիներ, ռուսներ, ղազախներ եւ ուրիշ ազգություններ, սակայն մեծամասնությունը հայեր էին:

Դիվիզիայի  առաջին հրամանատարն էր գնդապետ Սեմյոն Զաքիյանը, որին շուտով փոխարինեց փոխգնդապետ Անդրանիկ Սարգսյանը: Դիվիզիայի կոմիսարն էր Վասիլի Չումակովը, իսկ շտաբի  պետը՝ փոխգնդապետ Արտաշես Ղազարյանը:

1942թ. հուլիսի 16-ին Երեւանի Լենինի հրապարակում (այսօր՝ Հանրապետության հրապարակ) գերագույն խորհրդի նախագահության նախագահ Մացակ Պապյանը դիվիզիայի զորամասերին շնորհեց ռազմական դրոշներ:

1942թ. օգոստոսի 8-11-ը դիվիզիան ընդգրկվեց Անդրկովկասյան ռազմաճակատի Հյուսիսային խմբավորման կազմի մեջ:

Դիվիզիայի զորամասերը դիրքեր զբաղեցրին Թերեքի լեռնաշղթայի մոտ եւ ստանձնեցին Գրոզնի քաղաքի պաշտպանությունը: Այստեղ՝ Թերեք գետի աջափնյա շրջանում, դիվիզիան ստացավ իր առաջին ռազմական մկրտությունը՝ անվերջ տանելով պաշտպանական մարտեր:

1942թ. սեպտեմբերի 20-ին դիվիզիան հակահարձակման անցավ եւ դաժան մարտերից հետո համալրեց 9-րդ բանակի պահեստի ուժերի կազմը:

1942թ. հոկտեմբերի 21-ին՝ իր շարքերը լրացնելուց հետո, դիվիզիան  նորից վերադարձավ իր դիրքերը Գրոզնիի մոտակայքում՝  հերոսաբար հետ շպրտելով  ֆաշիստական զորքերը, որից հետո դիվիզիան  ուղղվեց դեպի Մալգոբեկ՝ վնասներ հասցնելով թշնամու կենդանի ուժին:

1942թ. նոյեմբերի սկզբին դիվիզիայի հրամկազմի մեջ տեղի ունեցան փոփոխություններ: Դիվիզիայի հրամանատար նշանակվեց գնդապետ Արտաշես Վասիլյանը, իսկ շտաբի պետ՝ Ֆեոդոր Պոլտավեցը: Հետագա կռվի տասն օրում ոչնչացվեցին 550 ֆաշիստ, գրավվեց մեծ թվով ռազմաավար:

Սակայն ծանր մարտերից հետո մտածելով, որ թշնամին նահանջել է եւ հեռու է գտնվում, դիվիզիայի հրամանատարությունը թույլ տված անփութության պատճառով հանկարծակիի եկավ: 1943թ. փետրվարի 10-ին՝  թեժ կրակոցներից հետո, գերմանացիները դիվիզիայի դեմ ուղարկեցին մեծաքանակ տանկեր եւ հետեւակ: Խիզախորեն կռվելուց հետո  կռվի դաշտում զոհվեցին դիվիզիայի հրամանատար գնդապետ Ա. Վասիլյանը եւ 390-րդ  գնդի հրամանատար Գ. Իսախանյանը:

Չնայած այս զոհերին, այնուամենայնիվ, փետրվարի 11-ին դիվիզիայի զորամասերն  ազատագրվեցին Կուբանյան Նովոջերելիեւյան բնակատեղին:

1943թ. փետրվարի 19-ին դիվիզիայի նոր հրամանատար նշանակվեց գնդապետ  (հետագայում գեներալ-մայոր) Նվեր Սաֆարյանը:

1943թ. օգոստոսի 24-ին 89-րդ դիզվիզիան մտավ գեներալ Կ. Լեսելիձեի ղեկավարած 18-րդ բանակի կազմի մեջ:

18-րդ բանակի կազմում Թամանյան թերակղզում դիվիզիան անցավ հակահարձակման եւ սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 4-ը ջախջախեց Զիգֆրիդի Կապույտ գիծ կոչվող պաշտպանողական դիքերը: Այս ծանր մարտերում հերոսաբար կռվեցին դիվիզիայի բոլոր մարտիկները:

1943թ. հոկտեմբերի 12-ին դիվիզիայում հյուընկալվեց պաշտպանության ժողկոմիսարի տեղակալ մարշալ Ս. Տիմոշենկոն, որը բարձր գնահատեց դիվիզիայի ռազմական հաջողությունները Թամանյան թերակղզին ազատագրելու ժամանակ:

Ցուցաբերած խիզախության համար Գերագույն  հրամանատար Ստալինի հրամանով հայկական 89-րդ դիվիզիային շնորհվեց «Թամանյան» անվանումը: Դիվիզիայի զինվորներից եւ սպաներից շատերը պարգեւատրվեցին շքանշաններով ու մեդալներով, իսկ երեքին՝ Հունան Ավետիսյանին, Սուրեն Առաքելյանին եւ Ջահան Կարապետյանին շնորհվեց Խորհրդային միության հերոսի կոչում:

1943թ. դեկտեմբերի 4-ից դիվիզիայի զորամասերը մասնակցեցին Ղրիմի Կերչի թերակղզու եւ քաղաքի ազատագրման մարտերին: 1944թ.ապրիլի 11-ին Կերչն ազատագրվեց: Կերչի պաշտպանողական շրջանում թշնամուն ջախջախելու համար 1944թ. ապրիլի 24-ին դիվիզիային շնորհվեց Կարմիր աստղի շքանշան:

1944թ. ապրիլի 11-ից մայիսի 12-ը դիվիզիայի զորամասերը, գտնվելով հատուկ Ծովափնյա բանակի կազմում, ֆաշիստներից ազատագրեցին Ղրիմի թերակղզին:

Ղրիմը ֆաշիստներից ազատագրելու բարեհաջող գործողությունն ավարտելուց հետո՝ 1944թ. մայիսի 24-ին, 89-րդ հայկական Թամանյան դիվիզիային շնորհվեց Կարմիր դրոշի շքանշան,  իսկ երկու գնդերը՝ 390-ը եւ 400-ը,  ստացան Սեւաստոպոլյան անվանումը:

Ղրիմի ազատագրման համար դիվիզիայի հինգ զինվորներ՝ Խ. Խաչատրյանը, Ս. Բաղդասարյանը, Ա. Հարությունյանը, Վ. Ռոստոմյանը եւ Հ. Մկրտչյանը ստացան Խորհդրային Միության հերոսի կոչում:

1944թ. օգոստոսի 30-ին դիվիզիայի զորամասերն ուղղվեցին Լեհաստան:

Դիվիզիան մտավ Առաջին Բելոռուսական  ռազմաճակատի 16-րդ հրաձգային կորպսուի կազմի մեջ:

Հոկտեմբերի 26-ին դիվիզիայի զորամասերը կուտակվեցին Լյուբլին քաղաքից ոչ հեռու գտնվող Կամասացիա շրջանում՝ նախապատրաստվելով անցնել Վիսլա գետը եւ գրավել ռազմահենադաշտ՝ Վարշավայից քիչ հարավ:

Սկսվեցին հայկական դիվիզիայի ամենապատմական ու հերոսական էջերը:

1945թ. հունվարի 14-ին 89-րդ դիվիզիան մասնակցեց Վիսլա գետի մոտ գտնվող Պալավինի հենադաշտի ճեղքմանը: Հետո Ռուսկի Բրուդ կոչվող բնակատեղիից հարավ դիվիզիան ոչնչացրեց 6000 զինվոր ունեցող գերմանական զորախումբը: Դրանից հետո դիվիզիայի մարտիկներն ազատագրեցին Դլուգավ եւ Կոշմիկ բնակատեղիները: Այդ մարտերում  զոհվեցին դիվիզիայի հրամանատարի  տեղակալ գնդապետ Գրիգոր Բլբուլյանը եւ 531-րդ գնդի հրամանատար փոխգնդապետ Վասիլի Տինսկին:

1945թ. հունվարի 29-ին 89-րդ դիվիզիան կռվելով հասավ Գերմանիայի սահմանին եւ անցավ հակահարձակման:
Փետրվարի 16-ին դիվիզիայի զորամասերը տեղափոխվեցին Օդեր  գետի ձախ ափը եւ դիրքավորվեցին Ֆրանկֆուրտ Օդերի վրա՝ քաղաքից հարավ: Երկու ամսից ավելի գտնվելով այս ռազմահենակետում՝ դիվիզիան 19 անգամ հետ շպրտեց թշնամու հարվածները եւ երկու ընդհանուր հարձակումները:

Գեներալ Նվեր Սաֆարյան

1945թ. ապրիլի 23-ին վեցօրյա կռվից հետո դիվիզիան գրավեց Ցշեցնով քաղաքը, կռվելով շարժվեց առաջ, եւ ապրիլի 23-ին գեներալ Ն. Սաֆարյանը կորպուսի հրամանատարին հայտնեց, որ դիվիզիայի զորամսերը գրավել են Ֆրանկֆուրտ Օդերի վրա քաղաքը եւ ամրոցը:
Այդ ժամանակ դիվիզիայի հրամանատարին հրավիրեցին հեռախոսի մոտ եւ Բելոռուսական առաջին ռազմաճակատի հրամանատար մարշալ Գ. Ժուկովը դիվիզիայի զինվորներին շնորհակալություն հայտնեց:

Շարունակելով հետապնդել թշնամուն՝ 89-րդ դիվիզիան անցավ Բեռլինի փողոցների գրավմանը: 89-րդ հայկական Թամանյան հրաձգային դիվիզիան  միակ ազգային  զորամիավորումն էր, որն  իր մասնակցությունն ունեցավ Բեռլինի գրավմանը:

1945թ. մայիսի 3-ի լույս 2-ի գիշերը 89-րդ դիվիզիայի մարտիկներն անցան Բեռլինի փողոցներով շարժվելով դեպի արեւմուտք: Բրանդենբուրգյան դարպասների մոտ դիվիզիան կանգ առավ, եւ զինվորները պարի բռնվեցին: Պարում էին «Քոչարի», «Շատախի», սասունցիների «Յարխուշտա», «Ծոփ», գյումրվա «Կալոշի պրիկեն» պարերը: Նրանց հետ էր նաեւ իրենց առասպելական հրամանատարը՝ գեներալ Նվեր Սաֆարյանը:

Մայիսի 7-8-ին Էլբա գետի մոտ 89-րդ դիվիզիայի մարտիկները հանդիպեցին դաշնակիցների հետ, իսկ մայիսի 9-ը՝ հաղթանակի օրը դիմավորեցին Վիտենբերգ քաղաքում:

1945թ. մայիսի 8-ին 89-րդ դիվիզիային շնորհվեց Կուտուզովի II կարգի շքանշան, իսկ մայոր Հրանտ Բաբայանը ստացավ Խորհրդային Միության հերոսի կոչում:

1945թ հունիսի 9-ին դիվիզիայի շտաբը Մոսկվայից դիվիզիան զորացրելու հրաման ստացավ: Գեներալ Ն. Սաֆարյանը գնաց Գերմանիայում խոհրդային զորքերի քաղվարչության պետի՝ հայորդի գեներալ Ս. Գալաջեւի մոտ՝ խնդրելու,  որպեսզի թույլատրվի, որ դիվիզիան  մնա խորհրդային գործող բանակի կազմում: Նա ասաց, որ դա անմիջապես Ստալինի հրամանն է: Նրանք մեկնեցին մարշալ Գ. Ժուկովի մոտ, որը նույնպես ասաց, որ դա Ստալինի հրամանն է: Գալաջեւը համարձակվեց Մոսկվա՝ Ստալինի եւ Երեւան՝ Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղար Գ. Հարությունյանի անուններով նամակ ուղղել դիվիզիան չլուծարելու խնդրանքով:  Շուտով պատասխան եկավ, որ Ստալինը  թույլատրեց չլուծարել հայակական 89-րդ Թամանյան դիվիզիան: 1945թ. ամառվա վերջին եւ աշնան սկզբին Թամանյան դիվիզիան վերադարձավ Հայաստան եւ խորհրդային բանակի շարքում մնաց մինչեւ 1956թ.:

89-րդ հայկական Թամանյան հրաձգային դիվիզիան մեկ անգամ եւս ապացուցեց, որ հայ զինվորը կայացած իրողություն է եւ ոչ թե պատմական, առասպելական հիշողություն:

Մեր ժողովրդի հերոսական էջերը պետք է ուսումնասիրել, հետազոտել եւ չմոռանալ մեր պատմությունը, ինչպես նաեւ ԽՍՀՄ ժողովուրդների միահամուռ պայքարը ֆաշիզմի դեմ Երկրորդ աշխարամարտի տարիներին:

ՍՏԵՓԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆՑ

պ.գ.թ., պրոֆեսոր

ՍԻՄՈՆ ԵՍԱՅԱՆ

Պատերազմի, աշխատանքի, զինված ուժերի եւ իրավապաշտպան մարմինների վետերանների միության հանրապետական խորհուրդի նախագահ