ՄԻՆՉԵՎ ԱՅՍ ՊԱՀԸ ՊԱՐԶ ՉԷՙ Ո՞Վ Է ՇՈՒՇԻԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ

9

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն այսօր խորհրդարանում տեղահանված արցախցիների սոցիալական, կրթական, իրավական խնդիրների վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ քննարկման մասնակից արցախցիներից հետաքրքրվեց, թե տեղյա՞կ ենՙ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ ո՞վ է եղել Շուշիի պաշտպանության հրամանատարը:

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն է արձագանքում, որ մինչ օրս այդպես էլ ոչ ոք չի հասկացել, թե Շուշին պաշտպանության պատասխանատու ունե՞ր, թե՞ ոչ: «Վերջին օրերին լսեցինք, որ Սեյրան Օհանյանն է լծվել այդ գործին, այն էլՙ կամավոր հիմունքներով, բայց թե իրականում ո՞վ է գլխավորել, հստակ չէ: Ամեն դեպքումՙ Նիկոլ Փաշինյանին եւ Արցախի նախագահին առաջարկել են (անուն չեմ հնչեցնի, թե ով), որ Շուշիի պաշտպանության գործը հանձնի Օհանյանինՙ այն տրամաբանությամբ, որ հետագայում թե՛ հաղթանակի, թե՛ պարտության դեպքում նա կրի պատասխանատվություն: Առաջարկը, սակայն, մերժվել է: Այն ժամանակ չէինք հասկանումՙ ինչ հիմքերով է դա մերժվում, բայց հիմա բոլորս էլ շատ լավ հասկանում ենքՙ ինչու մերժվեց: Շուշիի պաշտպանությունը, ըստ էության, տարերային բնույթ էր կրում. եթե հիշում եքՙ մարդիկ աղիողորմ նամակներ էին գրում, թեՙ փրկեք մեզ, մենք այստեղ փակված ենք, քանի որ մի քանի հարյուր թշնամի կար Շուշիում, ու նրանք ոտ-ոտ քայլում էին: Դրան հակառակՙ թշնամուն քաղաքից հանելու որեւէ օպերացիա չէր կատարվում, այսինքնՙ համակարգված ոչինչ չկար, եւ այդպես էլ չիմացանք, թե ով էր զբաղվում Շուշիի պաշտպանությամբ: Վերջին օրերին Սեյրան Օհանյանի անունը շրջանառեցին, որը որեւէ բան չէր կարող փոխել, քանի որ Շուշին հանձնելու որոշումն արդեն կայացվել էր»,- ասում է Հակոբյանըՙ շեշտելով, որ շատերը գիտեն նաեւ, թե այդ օրերին ինչպես զոհվեցին ՀՀ ԱԱԾ զինվորները:

Շուշեցի պատմաբան Աշոտ Հարությունյանի կարծիքովՙ հարցը ռազմական դատարանի իրավասությունների տիրույթում է, բայց որոշ դրվագների մասին ինքն էլ տեղեկություններ ունի: Շուշիի պաշտպանության պատասխանատուն կա, վստահեցնում է պատմաբանը, սակայն այդ անձը Սեյրան Օհանյանը չէ: «Շուշիում անմիջապես Սեյրան Օհանյանի հետ հանդիպել եմ շրջվարչակազմի ռմբապաստարանում: Նա Քարինտակի առաջին օպերացիան է կազմակերպել, որի ժամանակ 750 ադրբեջանցի է ջարդվել, դիակներն ամբողջությամբ Քարինտակում փռված են եղել: Մենք պատրաստվում էինք այդ «գյոռբագյոռ» ասած օպերացիային, սակայն անհասկանալի բան կատարվեց… Դա թողնենք ռազմական դատարանին»,- ասում է նա:

Աշոտ Հարությունյանը մեկ այլ հարց է բարձրացնումՙ ինչի՞ համար է աշխատավարձ ստացել Շուշիիՙ ոչինչ չարած աշխարհազորը: Ըստ նրաՙ ամենացավալին այն է, որ պատերազմի մեղավորներից որեւէ մեկը չի պատժվել: «Արցախի նախագահին հարցնում ենք, թեՙ գանք Ստեփանակերտ, անվտանգության ի՞նչ երաշխիքներ եք տալիս, ասում էՙ ռուսական զորքն է երաշխավորը: Բա որ վաղը Պուտինը փոխվի՞, այդ զորքը վեր է կենալու, գնա: Արցախի նախագահը բանակը ցրում է, ասում ենքՙ ո՞վ է ասելՙ ցրես, ասում էՙ Ադրբեջանը: Ադրբեջանը ղալաթ է արել, գլուխն էլ պատին է տվել: Եթե Հայաստանը ճանաչեր Արցախի կարգավիճակը, ապա անգամ պատերազմ չէր սկսվի»,- ասում է պատմաբանը:

Մետաքսե Հակոբյանն անդրադառնում է նաեւ պատերազմի ժամանակ Ստեփանակերտը լքելու մասին խոսակցություններին: Նշում էՙ երբ նոյեմբերի 7-ինՙ «փախուստի օրը», կանգնեիք Վերածննդի հրապարակում, կտեսնեիքՙ եւ՛ Կառավարության, եւ՛ նախագահական շենքերից քանի հազար տղամարդ դուրս եկավ: Դրանք թաքնվածներն էին, մնացածը ռազմաճակատում էին: Ու երբ ասում ենՙ փախչողները, պետք է հստակեցնելՙ ովքեր են նրանք: Հակոբյանի համար ընդունելի չէ նաեւ Արցախի նախագահի այն հայտարարությունը, թե այստեղից-այնտեղից 3-4 հոգի էր գտնում ու ուղարկումՙ Շուշին փրկելու, ինչը իրականության չի համապատասխանում, ու Արցախում ապրողները շատ լավ գիտեն այդ մասին:

«44-օրյա պատերազմի հետ կապված շատ դրվագներ այսօր հայտնի չեն, եւ դժվար թե ներկայիս իշխանությունների օրոք կարողանանք ստանալ այդ հարցերի պատասխանը»,- ասում է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ու ավելացնումՙ իշխանությունը հետպատերազմյան շրջանում ամեն ինչ անում է եղածը քողարկելու եւ այլ կեղծ թիրախներ գտնելու համար:

Նրա համոզմամբՙ ռազմական գործողությունը, որպես կանոն, ունենում է իր գրավոր հրամանը, որում ամրագրված է լինում նաեւ ճակատի հրամանատարը: Այսինքնՙ երբ հնարավոր լինի ստանալ այդ գաղտնի տեղեկատվությունը, պարզ կլինի, թե ո՞ր ուղղությամբ ո՞վ է եղել ռազմական գործողության պատասխանատուն:

Այսօր Արցախում առաջնայինն անվտանգության խնդիրն է, վստահ է պատգամավորը, սակայն պետք չէ երկրորդական դարձնել առկա մյուս բոլոր խնդիրները: «Բոլոր այն մարդիկ, թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, որոնք համարում են, որ Արցախի անվտանգությունը պետք է եւ կարելի է ապահովել միայն ռուս խաղաղապահների միջոցով, նրանք սխալվում կամ մոլորեցնում են մեզ: Պաշտպանության բանակը պե՛տք է վերականգնվի ու արդիականացվի: ՀՀ իշխանությունների վարքըՙ ձեռքերը լվանալ եւ լծվել զուտ հումանիտար բնույթի հարցեր լուծելուն, անթույլատրելի է, քանզի վաղը, մյուս օրը, չգիտենքՙ Արցախում ինչ իրավիճակ կարող է ստեղծվել: Եթե Արցախում ու Հայաստանում չունենանք պաշտպանական հզոր բանակ ու զինված ուժեր, ապա բանակցային գործընթացում որեւէ ձեւով որեւէ հարցում հաջողության հասնելու հնարավորություն չենք ունենա պարզապես»: