ԵՐԿԱԹԸ ՍԱՌԵԼ Է

7

Այս օրերին ողջ լրատվական դաշտը զբաղված է վերջին ՏԻՄ ընտրություններով, մարդկանց միտքն առավել զբաղված է նրանով, թե իշխանությունը ո՞ր ՏԻՄ-երում պարտվեց, ընդդիմությունը որտե՞ղ հաղթեց, քանի որ ընտրությունները ոմանց երազանքներում իշխանությունը ներքեւից փոխելու շանս են, ու դա ընդդիմադիր շրջանակները լուրջ-լուրջ քննարկում են: Եթե նկատի ունենանք, որ դեկտեմբերն էլ ներառյալ այսուայն համայնքում դեռ ՏԻՄ ընտրություններ կանՙ մարդկանց ուշադրությունը երկրի համար առավել ճակատագրական հարցերից, այդպիսով, սահուն կերպով տեղափոխվում է այդ դաշտ: Միգուցե դա հենց կա գծված ինչ-որ պլանում, ու ենթանպատակը ստացվում է, քանի որ եթե նկատի ունենանք փոխվարչապետների մակարդակով Մոսկվայում Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպումից ստացված սուղ տեղեկատվության եւ դրա հանդեպ հանրության անտարբերության փաստը, ապա կարելի է ասել, որ Հայաստանում այս պահին ճակատագրական որոշումների շուրջ հետաքրքրության տեսակետից մի տեսակ զգոնությունը կարողացել են բթացնել, այն դեպքում, երբ այդպիսի որոշումները էսօր-էգուց են, եթե տարածաշրջանային խաղացողները դրանց չխանգարեն,:

Ի՞նչ է քննարկվել Մոսկվայում հոկտեբերի 20-ին, ի՞նչ է մանրամասներ են թաքնվում «2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքը» ընդհանուր ձեւակերպման տակ, ինչի՞ վերաբերյալ են համաձայնել, ինչիՙ ոչ, որ դեռ մոտակա ժամանակում քննարկման շարունակություն է լինելու: Ալիեւն էլ հայտարարում էՙ «Զանգեզուրի միջանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը հասնում է իր ուզածին» : Խուլ լռություն հայկական կողմից, ոչ ոք ոչ մի բան չի բացատրում, մերոնք ՏԻՄ ընտրություններով են խիստ զբաղված:

Համենայնդեպսՙ այս տարվա հունվարի 11-ի եռակողմ հայտարարությանՙ հաղորդուղիների բացման վերաբերյալ պայմանավորվածությունների ժամկետները բազմիցս արդեն խախտվել են, եւ դա լավ է, որովհետեւ մեր տարածաշրջանի նոր զարգացումներն աստիճանաբար շատ բան կարող են փոխել, շատ հարկադրանքներ Հայաստանին կարող են ի չիք դարձնել, ու այդ առումով ժամանակը Հայաստանի օգտին կարող էր աշխատել, եթե մենք ամենաճիշտ քայլերն անեինք երկրի ներսում էլ, ոչ թե նոր պարտադրանքների դուռ բացեինք, ինչպես Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու, կամ Հայաստանի քաղաքացուն սեփական երկրի անձնագիրը ընդամենը երկու տարով տրամադրելու ռուսական պարտադրանքներն են: Դրանք հին պարտադրանքներին հավելյալ են, ընդ որումՙ երկուսն էլ պարզապես խայտառակություն են: Ռուսական դպրոցների պարտադրանքը Հայաստան պետության ինքնիշխանության կորստի ատրիբուտ է, իսկ արդեն օրենսդրական նախագծի ճանապարհին գտնվող ՀՀ քաղաքացու անձնագիրն այսուհետ 2 տարով տրամադրելու պարտադրանքի դեմ եթե Հայաստանի քաղաքացին չընդվզի, իրեն երկու տարվա ժամանակի մեջ արգելափակելուն դեմ չկանգնի, դա բազմաթիվ անհարմարություններ ու նյարդերի քայքայում է բերելու երկրից դուրս բնակվող եւ աշխատող Հայաստանի միլիոնավոր քաղաքացիներին:

Դեՙ մերոնք զբաղված են ՏԻՄ ընտրություններով, ու մինչեւ ուշքի գանՙ կտեսնեն իրենք հյուր են սեփական երկրում, երկու տարին մեկ պետք է թողնեն դրսի աշխատանքը, բավական գումար ծախսեն, գան Հայաստան, անձնագրային բաժիններում հերթեր կանգնեն, նյարդ ու ֆինանսական ռեսուրս ծախսեն, որ ժամկետանց անձնագիր չունենանՙ սեփականության եւ բազմաթիվ այլ իրավունքների իրացման առումով խոցելի դառնալով: Ուզում ենք հարցնել անձնագրերի տրամադրման երկու տարվա ժամկետի նախաձեռնության հեղինակ կառավարությանըՙ գժվե՞լ եք, էս ինչ ե՞ք բերում սեփական քաղաքացիների գլխին, որոնք լավ օրից չէ, որ թափառում են աշխարհով մեկՙ կրծքին մոտ պահելով 10 տարով տրված անձնագիրը ու հույս փայփայելով, որ մի օր, հենց գործերը լավանան, վերադառնալու են Հայաստան: Ո՞ւմ պատվերը կարող է լինել ՀՀ քաղաքացուն իր երկրում ու հատկապես դրանից դուրս անհարամարավետ վիճակի մեջ դնելը, ո՞վ կարող է նման հայահալած գաղափարներ իրականացնել, որպեսզի հայերի զահլան գնա այդ բոլորից, վաճառեն ունեցածն ի վերջո, ձեռքը թափ տան Հայաստանի անձնագիր ունենալու վրա ու ընդմիշտ հեռանան երկրից: Վստահ ենքՙ նախաձեռնությունը պարտադրվում է, եռակողմ թղթերի նման: Ի վերջո սա մի խնդիր է, որի համար ՀՀ քաղաքացիները պե՛տք է ոտքի կանգնեն եւ բողոքենՙ չտրվելով որեւէ քաղաքական ուժի ձեռնածություններին:

Վերադառնալով ՏԻՄ ընտրություններին, որոնց արդյունքները ընդդիմությունը համարում է իր հաղթանակը, իշխանությունը բամանշանակ լռում էՙ երբեմն մեկ -երկուսի բերանով նշելով, որ տեղի ունեցածը պարտություն չէ, այլ իրոք ընտրություն, մի քանի դիտարկում անենքՙ երկու կողմի բացատրություններից դուրս.

Սյունիքում ոչ իշխանական թեկնածուների եւ ուժերի ստացած զգալի քվեն, եւ հատկապես Գորիսումՙ Առուշ Առուշանյանի հաղթանակը մի քանի պատճառ ունեն. ա/ սյունեցին իր սահմաններին պատերազմի բերած իրավիճակին եւ պատերազմ պարտված ուժերի հետ համաձայն չէ եւ պատրաստ է հակադրվել իշխանությանը, եթե բանը հասնի լուրջ զիջումների, բ/ անկախ նրանից, թե ինչպես է իշխանությունը վերաբերվում սյունեցի թեկնածուին (ասենքՙ Առուշ Առուշանյանին), սյունեցին թույլ չի տա իրեն այլ ընտրություն պարտադրել եւ սատար կկանգնի նեղ վիճակում հայտնված հայրենակցին, գ/սա ամենակարեւորն էՙ իշխանությունը Սյունիքի ընտրություններով պետք է հասկանա, որ անվերջ չի կարող խոսել իրեն տրված ծանր մետաղե մանդատի մասին, իր հնարավորությունները գնալով նվազում են, ՏԻՄ հետագա ընտրություններում էլ մարդիկ կարող են աստիճանաբար չվախենալ պարտադրանքներից, եւ ի վերջո կարող է վրա հասնել անդառնալիության կետը:

Վերն ասվածը ամենեւին չի նշանակում, որ ընդդիմությունն է հաղթել ասենք Սյունիքում: Մեր ասած անդառնալիոթյան կետը հավասարապես ընդդիմությանն էլ է վերաբերում, քանի որ Մեղրիում Արամ Զավենի Սարգսյանի, Տաթեւում «Շանթ» դաշինքի, բոլոր համայնքներում «Ապրելու երկիր» անհայտ կուսակցությանը տրված քվեները, Գյումրիի ընտրական պատկերը ցույց է տալիս ընդհանրապես հիասթափություն ե՛ւ իշխանությունից, ե՛ւ ընդդիմությունից, իսկ Առուշ Առուշանյանի քվեներն էլ չի կարելի «Հայաստան» դաշինքի հաղթանակ համարել, դա տվյալ սյունեցի անհատի եւ բնավորություն դրսեւորող սյունեցու հաղթանակն է, որին, ի դեպ, նպաստեց նաեւ իշխանությունըՙ այդ թեկնածուի եւ նրա շրջապատի նկատմամբ հետապնդումներ իրականացնելով:

Իսկ որ իշխանությունը թույլ է տվել, որ այդպես լինիՙ այս տեսակետն էլ միգուցե գոյության իրավունք ունի, դե որ ճար չես ունենումՙ հաղթողի ձեռքը պաչում ու դնում ես ճակատիդ: Մանավանդՙ ոստիկանական ուժերի մուտքը Առուշանյանի շտաբ հենց հակառակ էֆեկտն էր ունենալու, դա իշխանությունը չէր կարող չիմանալ, այսինքնՙ իշխանությունն ամեն ինչ արեց, որ սյունեցին բռնի այս պահին իր քվեի կարիքն ունեցողի կողմը կամ միգուցե, որ ավելի ճիշտ է, հակադրվիՙ ասելով որ սյունեցին է որոշումՙ ով լինի տեղական իշխանություն:

Զարմանալի է, որ նախկիններն ուրախանում են նրանից, որ իշխանությունը պարտվում է ՏԻՄ ընտրություններում: Մինչդեռ սա որքան ազդանշան է իշխանության համար, նույնքան ազդանշան է ընդդիմության համարՙ նայեք, թե ինչու, վերն ասվածը մի փոքր էլ բացենք:

Տաթեւի օրինակը ընտրությւոններին մասնակցած 2615 ընտրողի պարագայում ՔՊ-ն ստացել է 1280 քվե, «Շանթ» դաշինքը 949, «Ապրելու երկիր» կուսակցությունըՙ 337, վերջին երկուսը համագործակցելով եւ կոալիցիա կազմելովՙ կարող են իրենք իշխանություն դառնալ Տաթեւում: Չնայած նրանցից մեկի համագործակցությունն ՔՊ-ի հետ չի բացառվում: Նույնը Գյումրիի դեպքում է, «Բալասանյան» դաշինքը եւս կարող է միայն համագործակցությամբ իշխանություն ձեւավորել, հարցն այն էՙ թե ում հետ: Գյումրիում անցողիկ շեմը հինգ ուժ է հաղթահարելՙ «Բալասանյան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիրը», «Զարթոնքը» , «Ապրելու երկիրը» եւ ՀՀԿ-ն: Սակայն այս ուժերից ոչ մեկը միանձնյա քաղաքային իշխանություն ձեւավորել չի կարող, քանի որ ստացած քվեներով ավագանու 33 տեղերի կեսից ավելինՙ 17 մանդատ որեւէ ուժ չի ապահովում Սա նշանակում է Գյումրիում քաղաքային իշխանությունը կձեւավորվի կոալիցիոն սկզբունքով: «Բալասանյան» դաշինքի բարձր քվեի դեպքում (ի դեպՙ թե ում հետ կոալիցիա կկազմի այս դաշինքը, սա եւս ցուցիչ կլինի, թե ինչ է կատարվել Գյումրիում) ընտրողը մտածել է դեռ իրերի դրությունը չփոխել, նոր անկտրել ձմերուկ մեջտեղ չբերել, բացի այդՙ պատերազմի ելքն ու գյումրեցի գերիների առկայությունը նույնպես իրենց դերն ունեին: Բալասանյանի անձնական հարստությունն ու աշխատատեղեր առաջարկելու փաստն էլ նշանակություն ունեն, չնայած ի վերջո, ըստ տարբեր լուրերի, անձամբ Բալասանյանը ինքը հազիվ թե մնաՙ առողջական խնդիրները եթե հաշվի առնենք, նա հավանաբար ամեն ինչ արել էՙ որդուն գործոն դարձնելու համար, հին ժամանակների հանգույն (ստացվե՞ց նախկինՙ ներկայով ներծծված):

Բայց համ էլՙ ինչի Բալասանյանը ներկա իշխանությունից տարանջա՞տ էր, Բալասանյանը ե՞րբ, ո՞ր ժամանակներում է գործող իշխանության հետ չնույնացել որ:

Մի խոսքովՙ վերլուծելով, թե ընտրողներն այս անգամ ում էին ընտրում (իհարկեՙ ոչ բոլոր համայնքներում), կհասկանաք, որ ոչ նախկիններն ուրախանալու բան ունեն, ոչ ներկաները, երկուսին էլ սովորական միջին հայը ինչ-որ մի պահի երեք մատի կոմբինացիա կարող է ցույց տալՙ նույնիսկ հերթական անգամ սխալվելու գնով: Կարող է ընտրել ոչ նախկին, ոչ ներկաՙ ուղղակի ընտրելով չարյաց փոքրագույնը, ինչպես Մեղրիում եղավ (թեեւ ով չգիտե, որ Արամ Սարգսյանն իշխանության կողքին է կանգնած ի վերջո), կարող է օգնության հասնել նեղն ընկածին, ինչպես Առուշանյանի դեպքում եղավ, կարող է առանց ճանաչելու, առանց խորանալու տոկոս տալ նոր ուժերի, մտածելով, որ նախկինները մեզ էին ուտում, նորերը հայրենիքն են զիջում: Ու այս միտումը ժամանակի ընթացքում ավելի է խորանալու:

Էս բոլորը նշանակում է, որ ժողովուրդը մանրից ուշքի է գալիս պատերազմի ապատիայից, իշխանության հիպնոսից եւ նախկինների քարոզին տրվելու ինքնախաբեությունից: Մի որոշ ժամանակ անց ընտրողն ընդհանրապես անճանաչելի եւ անվերահսկելի կլինիՙ ե՛ւ ներկա իշխանության, ե՛ւ նախկին ամեն տեսակի խմբերի կողմից, հիշեք սա: Այստեղ կա եւ լավ բան, եւ վատ: Լավն այն է, որ նոր ընտրությունների պատկերով ՔՊ-ն այլեւս բացարձակ իշխող ուժ չէ, ու եթե հենց հիմա համապետական ընտրություն լիներՙ սա էր արձանագրվելու: Վատն այն է, որ մինչեւ դեկտեմբեր այլ համայնքներում եւ քաղաքներում պատկերի կրկնության դեպքում իշխանությունը կդադարի կենտրոնաձիգ լինել (անկախ նրանիցՙ վատն է, թե՞ լավ այդ իշխանությունը), իսկ Հայաստանին որոշումներ պարտադրելու լավագույն տարբերակը միմյանց հետ անհամաձայն տեղական իշխանությամբ թույլ իշխանության առկայությունը կարող է լինել:

Եթե պատերազմն ու նրա աննպաստ արդյունքով Հայաստանի խոցելիությունը չլիներՙ իշխող ուժի թուլությունը քաղաքագիտական կանոններով կնաշանակեր քաղաքական կյանքի աշխուժացում, իրոք նոր ուժերի ձեւավորում, որը պետության ճակատագրով մտահոգ նորմալ հայերի երազանքն է, թող ներեն ինձ իշխանության եւ ընդդիմության մեջ եղած ընկերներս, սա պետության անվտանգության խնդիր է, իսկ բոլորիդ հնարավորությունն ու արածը տեսել ենք, նոր կարող ուժերի կարիքը կա այլեւս:

Ժողովրդական խոսքը դատարկ հնչյուն չէՙ երկաթը տաք- տաք են ծեծում, ՔՊ-ն երկաթը տաք-տաք չծեծեց, քիչ է, շատ ուշացավ շատուշատ բաներում, պատերազմ տանուլ տվեցՙ ցավալի հետեւանքներով, դեռ թողեց երկաթն այնքան սառի, որ այն ոչ մի կերպ ծռել այլեւս հնարավոր չէ: Ի դեպՙ երկաթի սառելը միայն ՔՊ-ին չի վերաբերում, ՔՊ-ն , փաստորեն, գահավիժելով վարկանիշով, իր հետեւից տանում է իրեն իշխանության բերած ՀՀԿ-ին եւ հաջորդ իշխանություն լինելու հավակնող «Հայաստան» դաշինքին, քանի որ հենց ՏԻՄ ընտրությունները ցույց են տալիս, որ մարդիկ իրենց հայացքը կարող են ուղղել լրիվ ուրիշ ուժերի եւ ուրիշ մարդկանց:

Հայաստանում իշխանության ու նոր քաղաքական ուժերի պարագան կախված է նաեւ նրանից, թե որքան հնարավորություններ կարող են ստեղծվել նոյեմբերի 9-ին համաձայնագիրը չեղյալ համարելու ուղղությամբ, որի մասին խորհրդարան անցած ուժերը երբեք չեն խոսել, այդպիսով այդ թելի վրա խաղալու իրենց շանսը փակելով: Բայց բացառել դա, բացառել այն, որ կարող է ստեղծվել ի վերջո աշխարհաքաղաքական այնպիսի դասավորություն, հանգամանքների այնպիսի զուգորդում, որ անկախ Հայաստանի ցանկություններիցՙ նոյեմբերի 9-ի թուղթը դառնա առ ոչինչ, այժմ ոչ ոք 100 տոկոսով չի կարող երաշխավորել: Իսկ շահագրգիռ ներքին ուժերը, որոնց համախմբումը ժամանակի հարց է, ուշադիր հետեւում են զարգացումներին:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ.- Իշխանությունը ԶԼՄ-ների աշխատանքը կանոնակարգելու մշտական մարմաջով է զբաղված, այս անգամ ԶԼՄ-ների օրենքը փոխում էՙ մտադրվելով անանուն կայքերից լուրերի տարածման պատասխանատվությունը դնել լրատվամիջոցի վրա, իսկ տարեկան ֆինանսական հաշվետվություն չհրապարակող կայքերին պետական մարմիններում չհավատարմագրել, այդպիսով զրկելով լրատվությամբ զբաղվելուց: Այս օրինագծին դեռ կանդրադառնանք: