Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՎՍՏՐԻԱՑԻ ԲԱՐԵԿԱՄԸՙ ՅԱՍՄԻՆ ԴՈՒՄ-ԹՐԱԳՈՒՏ

24/09/2021
- 24 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Արցախի պատմա-մշակութային ժառանգությունը համաքրիստոնեական արժեք է, այն պահպանելը միայն Հայաստանի խնդիրը չէ»

…Արցախ աշխարհ: Մեծ Հայքի 10-րդ նահանգ: Հայ ազգը դարեր շարունակ այստեղ ապրել ու արարել է իր քաղաքակրթությունը, որի ակունքները ձգվում են մինչեւ հազարամյակների խորքը: Հայոց Տիգրան Մեծ արքան Ք.ա. 1-ին դարում այստեղ կառուցեց պատմական քաղաք Տիգրանակերտը: Հետագա դարերի ընթացքում արդեն Արցախում հառնեցին քրիստոնեական հռչակավոր վանքերն ու տաճարները…

2020 թվականի սեպտեմբերի 27-ից թշնամու կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո բռնազավթվեց Արցախի 75 %-ը… Իսկ թշնամին անմիջապես անցավ իրեն բնորոշ վանդալիզմինՙ ոչնչացրեց Շուշիի Ս. Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին: Վտանգված է Արցախի մշակութային ժառանգությունը:

Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արեւելքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ավստրիացի հայագետ, դոկտոր Յասմին Դում -Թրագուտը գրեթե 30 տարի զբաղվում է հայագիտությամբ: Զալցբուրգի համալսարանի հայագիտության ամբիոնի հիմնադիրն է, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր եւ հայագիտական ոլորտի մրցանակների դափնեկիր: Պատերազմի առաջին օրերից եղել է հայ ազգի պայքարի կողքին, միջազգային մամուլում հետեւողականորեն ներկայացրել, թե ինչ վայրագություններ են կատարվում ընդդեմ Արցախի ու Հայաստանի: Նա արդեն ամիսներ շարունակ Եվրոպայի բազմաթիվ ազդեցիկ գործիչների ու կազմակերպությունների հետ ծրագրեր է մշակում, որ քայլեր ձեռնարկվեն մեր մշակութային ժառանգությունը ոչնչացման վտանգից փրկելու համար:

– Մշակութային արժեքները ոչնչացնելը ցեղասպանության բաղադրիչներից է: Իսկ Արցախի պատմա-մշակութային ժառանգությունը համաքրիստոնեական արժեք է, եւ այն պահպանելը միայն հայերի խնդիրը չէ ,- ասում է հայագետը:

Դոկտոր Յասմին Դում-Թրագուտը հերթական այցով Հայաստանում է. նա պատմել է, որ արդեն գործընկերային կապեր է հաստատել «Կապույտ վահան» միջազգային կոմիտեի հետ , որը նվիրված է կոնֆլիկտային իրավիճակներում հայտնված մշակութային կոթողների պահպանմանը:

– Հարգելի դոկտոր, գիտենք, որ «Կապույտ վահան» միջազգային կոմիտեն ստեղծվել է Հաբսբուրգների ազնվականական տան ժառանգ Կարլ ֆոն Հաբսբուրգի նախաձեռնությամբ եւ ամենուր կարեւորագույն առաքելություն է իրականացնում «աշխարհի հիշողության»ՙ շարունակվող պատերազմների պայմաններում ազգերի մշակութային ժառանգությունը պահպանելու համար: Եվ կոմիտեի հետ դուք արդեն սկսել եք աշխատել Արցախի վտանգված մշակութային ժառանգության հարցում: Կխոսե՞ք այս մասին:

– «Կապույտ վահան» («Blue Shield») միջազգային կոմիտեն ստեղծվել է 1996թ.-ին եւ ներառում է 5 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների` Արխիվների միջազգային խորհրդից (ICA), Թանգարանների միջազգային խորհրդից (ICOM), Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդից (ICOMOS), Գրադարանների ասոցիացիայի միջազգային խորհրդից (IFLA) եւ Տեսալսողական արխիվների ասոցիացիայի համակարգող խորհրդից (CCAAA): «Կապույտ վահան»-ը հավակնում է լինել «Կարմիր Խաչ»-ի մշակութային տարբերակը: «Կապույտ վահան»-ի ներկայիս հոգեբարձուների խորհրդի ղեկավարը Փիթր Սթոունն է…

Ես երկար տարիներ է, որ համագործակցում եմ Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորնդերի հետ, բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել Էջմիածնումՙ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Հայոց կաթողիկոսի հետ, իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր: Տարիներ ի վեր Ավստրիայում համագործակցում եմ Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի Հայրապետական պատվիրակՙ Գերաշնորհ Տ. Տիրան Սրբազան Պետրոսյանի հետ: Միասին հիմնել ենք Ավստրիայիՙ Արցախի մշակութային ժառանգության պահպանության կոմիտեն, որում ընդգրկված են հայտնի հասարակական գործիչներ, գիտնականներ Եվրոպայի տարբեր երկրներից: Հիմա աշխատում ենք «Blue Shield»-ի հետ, որի անդամն եմ: Այս կազմակերպությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման զբաղվում է պատերազմական տարածաշրջանների երկրների մշակութային ժառանգության պահպանության հարցերով: Բայց , ի տարբերություն ՅՈՒՆԵՍԿՕ-իՙ այն սկզբունքորեն որեւէ երկրի կառավարության հետ պայմանագրեր չի ստորագրում, ինչն ավելի անաչառ է դարձնում կատարվող աշխատանքները: Մենք նպատակ ունենք, որ Հայաստանում հիմնվի «Blue Shield»-իՙ այս կարեւոր կազմակերպության ներկայացուցչությունը, եւ մեզ պետք է միանան Հայաստանի տարբեր կազմակերպություններ: Ես էլ որպես միջնորդՙ փորձում եմ հնարավորինս սեղմ ժամկետներում իրականություն դարձնել այդ ծրագիրը, որը պետք է իր գրասենյակն ունենա Հայաստանում:

Կոմիտեի հիմնադիր Կարլ ֆոն Հաբսբուրգը հետաքրքրված է Արցախի մշակութաին ժառանգության պահպանության խնդրով. նա նպատակ ունի այցելել Արցախ: Դժվար է կազմակերպելը, բայց, հուսանք, որ կհաջողվի:

Դոկտոր Յասմին Դում-Թրագուտը այս բոլոր ծրագրերը կյանքի կոչելու համար առաջնային է համարում համակարգված աշխատանքըՙ իրավագիտական հարցերից մինչեւ տեղեկատվական քարոզչություն, օտարալեզու գրքերի ու ալբոմների հրատարակություն…

– Մենք մտածում ենք Արցախի մասին, բայց հիշենք, որ հսկայական մշակութային ժառանգություն կա նաեւ Հայաստանում: Վտանգված են Արցախի հուշարձանները, բայց թիրախավորված է նաեւ Սյունիքը, Տավուշը… Չես կարող ասել վաղն ինչ կլինի: Հետեւաբար, պետք է ունենանք համընդհանուր ծրագրեր, համատեղ քայլեր ձեռնարկենք:

Եվ այսպիսի գրքուկ արդեն պատրաստ է, որը հեղինակել է դոկտոր Յասմին Դում-Թրագուտըՙ Թաֆթի եւ Կալիֆոռնիայի համալսարանների միջազգային ճանաչում ունեցող գիտնականներՙ Քրիստինա Մարանցիի եւ Սերջո Լա Պորտայի հետ միասին: Ամենայն Հայոց կաթողիկոսի աջակցությամբ Մայր աթոռ Ս. Էջմիածնի հրատարակչությունը թողարկել է անգլալեզու գրքույկ, որի խորագիրն է «Armenian Cultural-Religious Heritage of Artsakh (Major Sites In The Territories Currently Occupied By Azerbaijan)»: Եվ այսՙ «Արցախի Հայկական հոգեւոր-մշակութային ժառանգությունը (Ադրբեջանի կողմից ներկայիս բռնազավթված տարածքում գտնվող նշանավոր սրբավայրերից) գրքույկում Արցախի շուրջ 2000 եկեղեցիներից ու վանքերից ընդգրկված է միայն փոքր մասը: Սակայն դոկտորը սա համարում է մեկնարկը հետագա աշխատանքների համար:

– Ի՞նչ ընդգրկում ունի սույն գրքույկը,- դիմում եմ հայագետին:

– Իմ գործընկերներիՙ Քրիստինա Մարանցիի եւ Սերջո Լա Պորտայի հետազոտությունների կենտրոնում տարիներ շարունակ գտնվում են Քրիստոնյա Արեւելքին, հայերին, Հայաստանին եւ Հայոց եկեղեցուն առընչվող տարբեր թեմաներՙ պատմությունից մինչեւ ճարտարապետություն: Այսպիսի ներգրավվածությամբ հնարավոր է դարձել հետազոտվող նյութը ներկայացնել ամենատարբեր տեսանկյուններից: Գրքույկում տեղ են գտել սրբավայրերի հիմնման պատմությունները, աշխարհագրական տեղորոշման հստակ նկարագրությունները, եկեղեցիների ճարտարապետական ու մշակութային առանձնահատկություններն եւ արժեքը, իսկ որոշ դեպքերումՙ ազգագրական կարեւորություն ունեցող հանգամանքները: Ներկայացրել ենք նաեւ առանձին սրբավայրերի հիմքում գտնվող սրբազան մասունքների կամ այդ սրբավայրերի հետ կապված սրբերի պատմությունները, բազմաթիվ եկեղեցիների ու վանքերի լուսանկարները, դրանց հատակագծերի գերճշգրիտ պատկերները: Մենք առաջնային ենք համարել այն հատկապես անգլերենով հրատարակելը, քանի որ խիստ կարեւոր է միջազգային հանրությանը հասցնել Արցախի հայկականության փաստը:

Այսօր ադրբեջանցիները շարունակելով կեղծել պատմությունըՙ իրենց հայտարարում են աղվանցիների հետնորդներ, իսկ Արցախըՙ «պատմական Աղվանքի» մաս: Բայց Եվրոպայում կրթված մարդիկ, անաչառ գիտնականները գիտեն, որ դա այդպես չէ: Այո, եղել է Աղվանքը, եղել են աղվանցիները: Բայց դա եղել է առանձին պատմական երկիր եւ ժողովուրդ, եւ չեն կարող կապ ունենալ իրենց հետ,- ասում է հայագետը:

Հայաստանում եղած օրերին նա մասնակցել է նաեւ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ եւ նախաձեռնությամբ Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի ու Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանման հանձնախմբի կազմակերպված «Միջազգային կրոնական ազատություն եւ խաղաղություն» խորագրով երկօրյա համաժողովին (սեպտեմբերի 9-10), որին մասնակցում էին Մայր աթոռի միաբաններ, քույր եկեղեցիների եւ քրիստոնեական կառույցների ներկայացուցիչներ, ազդեցիկ գիտնականներ ու հասարակական գործիչներ տարբեր երկրներից: Հյուրերի թվում է եղել նաեւ Արցախի բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսը:

Դոկտոր Յասմին Դում-Թրագուտը համաժողովը դիտարկում է որպես վերջին շրջանի ամենակարեւոր նախաձեռնություն.

– Համաժողովի ընթացքում բոլոր բանախոսները հանդես եկան արժեքավոր զեկուցումներով: Եվ ամենակարեւորըՙ իրավական գնահատական էր տրվում Արցախի հայկական ժառանգության նկատմամբ կատարվող ոտնձգություններին: ՅՈՒՆԵՍԿՕԻ-ին եւ միջազգային կառույցներին կոչ էր արվում ուշադրության առանցքում պահել Արցախի մշակութային ժառանգության հետ կապված հրատապ խնդիրները: Հենվելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում եւ տարածաշրջանային հետագա պայմանագրերում ամրագրված դրույթների վրաՙ վերահաստատվեց այն գաղափարը, որ սուրբ վայրերը պետք է պահպանվեն ներկա եւ գալիք սերունդների համարՙ արժանապատվությամբ, ամբողջականությամբ եւ հարգանքովՙ իրենց անվան եւ դավանանքի ինքնության նկատմամբ, -ասում է դոկտոր Յասմին Դում-Թրագուտը:

Նշենք, որ համաժողովն ընդունել եւ հրապարակվել է կոմյունիկեն (ամբողջությամբ տեսնել Մայր աթոռի Տեղեկատվական համակարգի ֆեսբուքյան էջում):

– Հարգելի՛ դոկտոր, իսկ որո՞նք պետք է լինեն մեր հետագա քայլերը այս դժվարին պայքարը մինչեւ վերջ տանելու գործում:

– Երբ ոչնչացնում են քո մշակույթը, ոչնչացնում են քո ինքնությունը: Իսկ սա արդեն անվտանգության հարց է: Սա մշակութային ցեղասպանություն է: Արցախում դա կանխելու եւ Ջուղայի դարավոր խաչքարերի ճակատագրի կրկնությունը թույլ չտալու համար բոլորս պետք է գործենք մեկտեղ ու համախմբված ,-ասում է Արցախի ու Հայաստանի բարեկամ դոկտորըՙ Յասմին Դում-Թրագուտը:

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՊԻՏԱԿ ԹՂԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հաջորդ գրառումը

ՓՅՈՒՆԻԿ ԹՌՉՈՒՆԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔՈՎ ԿԱՄ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՓՅՈՒՆԻԿ ԹՌՉՈՒՆԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔՈՎ ԿԱՄ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական