ԹԱՄԱՐԱ ՀԻՆՉՔՈ. «ԱՊՐԵ՛Ք ՆԵՐԿԱՆ ԿՐՔՈՎ»

4

Բրիտանացի դերասանուհի եւ դրամատուրգ Թամարա Հինչքոն ծնվել է 1938 թվականին, կիպրացի հույն հոր եւ հայ մոր ընտանիքում: 1954-1956 թվականներին ուսանել է Լոնդոնի դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում: 1959-ից 2002 թվականներին խաղացել է 37 հեռուստասերիալներում («Արագ շոու», «Ռութ Ռենդելի առեղծվածները», «Հաշիվը», «Սցենար», «Համատեղ հաշիվ», «Կույր արդարադատություն», «Ռոքլիֆի մանկիկները», «Լիզիի պատկերները», «Թագի դատարան» եւ այլն), ինչպես նաեւ Մայքլ Պապասի «Մասնավոր իրավունք» (1966), Սթյուարթ Մաքինոնի «Ջասթին» (1976) եւ այլ կինոնկարներում: Նա նաեւ Մեծ Բրիտանիայում բեմադրված ներկայացումների հեղինակ է: Առաջին ամուսնուցՙ հեռուստաբեմադրիչ Դեւիդ Էնդրյուսից ունի դուստր (Բրոնուի) եւ որդի (Ռոուեն) եւ երեք թոռ: Վերջին 48 տարիներին ամուսնացած է բեմի եւ էկրանի դերասան Թոմ Մարշալի հետ, որից ունեցած դստերը կնքել է հայկական Լուսին անվամբ:

— Հարգելի՛ Թամարա, ձեր մասին ես առաջին անգամ կարդացել եմ ամերիկահայ «Արմինըն միրըր-սփեքթեյթըր» պարբերականի 1960 թվականի հուլիսի 9-ի համարում: Հոդվածում նշված էր «Բի Բի Սիի կիրակնօրյա գիշերային ներկայացում» շարքի «Քսաներորդ դարի թատրոն. Ազատության գինը» դրվագում ձեր հաջող մասնակցության մասին:

— «Ազատության գինը» կինոյի եւ հեռուստատեսության սցենարիստ Թրոյ Քենեդի Մարթինի պիեսն էր, որը գրվել է փախստականների տարվա համար, եւ ես մարմնավորեցի մի լեհական հրեա աղջկա, որը բաժանվել էր իր սիրուց: Ես եւ Թրոյը համագործակցել ենք եւս երեք անգամ:

— Իմ հաջորդ «հանդիպումը» ձեզ հետ եղավ Բի Բի Սի 2-ի «Թատրոն 625» հեռուստասերիալի «Չտղամարդը, Դատարկախոսն ու Զիգոն» դրվագի վերաբերյալ գրված ակնարկում… Ձեր կարիերայում կա՞ մի դեր, որը հատուկ առանձնացնում եք:

— «Չտղամարդը, Դատարկախոսն ու Զիգոն» հայտնի պատմություն է այն մասին, թե ինչպես գիշերօթիկ դպրոցի երեք աշակերտներ գնում են ուսուցչի տունՙ սպանելու նրա երիտասարդ կնոջը, բայց վերջինս նրանց հետ վերաբերվում է որպես ընկերներիՙ հյուրասիրելով նրանց ծխախոտ եւ խմիչք, եւ նրանք չեն կարողանում իրենց մտադրությունն իրականացնել: Ինչ վերաբերում է նախընտրած դերերիս, ապա հեռատեսիլից ինձ ամենաշատը դուր է եկել երկու դերՙ հայուհի Աննանՙ «Հարցաքննիչը» ֆիլմում, որը նույնպես նկարահանվել էր Թրոյի սցենարով, եւ խեղված աղջիկըՙ «Բեռնարդա Ալբայի տունը» պիեսում:

— Դուք հեռուստատեսությունում խաղում եք ավելի քան 60 տարի: Եթե համեմատեք բրիտանական հեռուստակինոյի զարգացումները, ապա ի՞նչ արմատական փոփոխություններ եք տեսնում: Դրական թե բացասական:

— Իրականում այդ ամբողջ ընթացքում ես հեռուստատեսությունում չեմ եղել, 1960-ականներից մինչեւ եւ 1970-ականների սկզբին եմ եղել շատ զբաղված, իսկ դրանից հետոՙ արդեն մի քանի տարի, քանի որ մեծ մասամբ աշխատել եմ թատրոնում: Այն ժամանակ գրում էին նոր պիեսներ, եւ ես երեք տարի աշխատել եմ նաեւ Ազգային թատրոնումՙ հանդես գալով ժամանակակից եւ դասական պիեսներում: Կարծում եմՙ նկարահանման ոլորտում դերասանական արվեստն ու ռեժիսուրան կատարելագործվել են, բայց իմ ժամանակի որոշ ներկայացումներ շատ ավելի հնարամիտ էին:

— Կիպրոսյան եւ հայկական արմատներ ունեցող բրիտանացի դերասանուհի լինելը ձեզ չէ՞ր սահմանափակում հիմնականում էթնիկական դերեր կատարել:

— Շատ լավ հարց եք տալիս: Ես մարմնավորել եմ ֆրանսուհու, լեհուհու, հայուհու, բայց տարիքն առնելուն պես սկսեցի ավելի պակաս օտարազգի ընկալվել: Լորենս Օլիվյեն ինձ չվստահեց հատուկ ինձ համար գրված մի դեր, բեմադրիչը նույնպես շատ էր ցանկանում, որ ես խաղամ այդ դերը, բայց սըր Օլիվիեն ասաց, որ իմ անունը չափազանց տարաշխարհիկ է:

— Շատ հետաքրքրական է: Իսկ ի՞նչ ներկայացում էր: Կարո՞ղ եք ավելին պատմել Լորենս Օլիվիեի հետ ձեր համագործակցության մասին:

— Ներկայացումը բրիտանացի թատերագիր Ջոն Արդենի «Աշխատատան ավանակն» էր, իսկ դերըՙ Վելսլին: Այն բեմադրվեց Չիչեսթըրի փառատոնի թատրոնում, որը սըր Լորենսը ղեկավարում էր 1960-ականների սկզբին: Ջոն Արդենը պիեսը նվիրեց ինձ, եւ ես մի քանի տարի անց խաղացի այն Նոթինգհեմի թատրոնումՙ Սթյուարթ Բըրջի բեմադրությամբ: Ջոն Արդենը եւ նրա կինը դարձան ընկերներ ողջ կյանքի համար, եւ ես նրանց ավագ որդու կնքամայրն եմ: Ջոնը մահացավ մի քանի տարի առաջ, բայց նրա կինըՙ Մարգարետան, դեռ ողջ է:

— «Վեցը» հեռուստաշարքի «Ռագնարոկի օրը» դրվագում ձեր խաղընկերուհին էր ընդամենը 28 տարի ապրած նկարչուհի, բրիտանական փոփ-արվեստի շարժման հիմնադիր Փոլին Բոթին: Ի՞նչ հիշողություններ ունեք այդ պաշտամունքային կերպարից:

— Ես փոքր-ինչ ճանաչում էի դերասան եւ գրող Քլայվ Գուդվինինՙ Փոլինի ամուսնուն, քանի որ նա Թրոյ Քենեդի Մարթինի լավ ընկերն էր: Փոլինը դարձավ մեր ընկերական խմբի մի մասը, ու մենք գիտեինք, որ նա փոփ նկարիչ է: Որքան գիտեմ, նա մասնակցել է Լոնդոնի Ռոյալ-քորթ թատրոնի մի բեմադրության մեջ: Այն ժամանակ, երբ մենք համագործակցում էինք, ես շատ բան էի արել: Փոլինի մեջ ինձ հիացնում էր այն, որ նա շատ ինքնավստահ էր, խելացի, հումորով էր ու շատ գրավիչ: Ես գնացի նրան տեսնելու, երբ նա հիվանդ էր, ու նրա տեսքը գեղեցիկ էր, դեռ ժպտում էր ու կատակում: Շատ տխուր պատմություն էր: Չգիտեմՙ նա կդառնա՞ր լավ դերասանուհի, բայց կարծում եմ, որ հայտնի նկարիչ կդառնար:

— Դուք ծնվել եք Կիպրոսում ՙ հայ մորից: Որտեղի՞ց էր նրա ընտանիքը:

— Մորս արմատները Հայաստանից էին, պապս եղբոր հետ միասին փրկվել է Ցեղասպանությունից: Դեռահաս տարիքում իմ Մինաս պապը հայտնվել է Կիպրոսում, իսկ նրա եղբայրըՙ Բոսթոնում: Մայրս փոխանցել է ինձ իր կիրքը պատմությունների, առատաձեռնության եւ որոշակի անհանգստությունների հանդեպ: Մորս անունն էր Վարդուհի Խաչատուրյան, նա ընտանիքի վեց երեխաներից մեկն էր: Նրա ավագ եղբայրըՙ Արտաշը, երկար տարիներ եղել է Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցու սարկավագ: Մորս երկրորդ եղբայրըՙ Խաչոն, վարում էր սեփական տպագրական գործը: Երրորդ եղբայրըՙ Լեւոնը, ճարտարապետ էր, որի կյանքն անցավ ԱՄՆ-ումՙ Նյու Ջըրսիում: Մորաքույրսՙ Սառան, մնաց Կիպրոսում եւ խնամում էր տատիկին: Ամենափոքր քույրն Անահիտն էր. նա եկավ Անգլիաՙ ամուսնանալու: Մայրս ծնվել է Նիկոսիայում: Ես չգիտեմ, թե Հայաստանի ո՛ր քաղաքից էր նրա հայրը, բայց գիտեմ, որ նրանք հարուստ ագարակատերեր են եղել:

Պատերազմից հետո, 1945-ին, ես յոթ տարեկան էի, երբ Անգլիայում մահացան հայրս եւ պապս, ուստիեւ մայրս ինձ տարավ Կիպրոսՙ մայրական տատիկիս եւ երկու մորաքույրերիս մոտ: Մենք Կիպրոսումլ մնացինք մեկ տարի, տարեվերջին հաճախեցի հայկական դպրոց, որտեղ սովորեցի հայերեն խոսել եւ գրել, բայց վախենում եմ, որ այլեւս չեմ կարող, չնայած մի փոքր հասկանում եմ հայերեն:

— Պատմե՛ք, խնդրեմ, հայկական թեմայով ձեր «Դատավճիռը» թատերգության մասին, որը գրել եք Քրիսթինա Բալիթի հետ: Ինչպե՞ս պատահեց, որ հայուհի մայր ունեցող երկու բրիտանացի տիկնայք միավորվեցին եւ գրեցին այդ պիեսը:

— Քրիսթինա Բալիթն ամուսնացավ ամուսնուսՙ դերասան Թոմաս Մարշալի ընկերոջ հետ: Նա մեծ հաջողություն ունի գրքերի նկարազարդման մեջ, բայց նրան հաջողվում է նաեւ պիեսներ գրել, այնպես որ մենք միավորվեցինք մի հայկական պատմություն գրելու համար: Մեր հետազոտության ընթացքում շատ պատմություններ կարդացինք «Արարատ» անգլերեն ամսագրում, եւ մեր մեջ ծնվեց «Դատավճիռը» գրելու գաղափարը:

— Այն բեմադրվեց «Օլդ րեդ լայըն» թատրոնում 1996 թ.-ինՙ բրիտանացի եւ բրիտանահայ այնպիսի դերասանների մասնակցությամբ, ինչպիսիք են Վիք Թաբլյանը, Ադամ Հուսեյնը, Ջորջ Սավիդեսը, Նանար Որբերյանը: Նրանց թվում էր նաեւ վաստակաշատ դերասանուհի Ժենյա Ներսիսյանը Հայաստանիցՙ Մարիամի դերում: Անսպասելի էր իմանալ, որ նա Անգլիայում խաղացել է եւ անգլերենով բեմ է բարձրացել: Ի՞նչ կարծիքի եք Ներսիսյանի դերասանական խաղի մասին:

— Դերասաններից ոմանք մասնակցել են միայն նախնական ընթերցմանը, որ տեղի ունեցավ «Ռիվերսայդ» ստուդիայումՙ Ռեդգրեյվների թատերախաղերի ընթերցումների փառատոնի ժամանակ: Լոնդոնի Հայ կենտրոնն ինձ ծանոթացրեց Ժենյա Ներսիսյանի հետ, որը խիստ հարմար էր Մարիամի դերի համար: Ես օգնեցի նրան անգլերեն արտասանության հարցում, եւ մեծ հաճույք էր նրա հետ աշխատելը:

— Ունե՞ք հայկական թեմաներով այլ գրվածքներ:

— Ես գրել եմ ընդամենը մեկ պիես եւ մեկ կինոսցենարՙ «Հրեաները դա փոխանցում են», որը հիմնված է գիշերօթիկ դպրոցում իմ փորձի վրա: Այն չի նկարահանվել, բայց մի տարբերակն ինձնից գնել են: Այս պահին ես պատմություններ եմ գրի առնում իմ հուշագրության համար:

— Շատ հետաքրքրական կլինի կարդալ ձեր հուշերը: Իմ տպավորությամբՙ դուք ակտիվ եք Լոնդոնի հայկական տեղեկատվության եւ խորհրդատվության կենտրոնի գործունեության մեջ: Որքա՞ն է ճանաչելի հայ մշակույթն այնպիսի հսկայական կոսմոպոլիտ մեգապոլիսում, ինչպիսին Լոնդոնն է:

— Դժվար հարց է: Անշուշտ, Աքթոնում, որտեղ գտնվում է Հայկական կենտրոնը, հայերը շատ լավ հայտնի են իրենց բազմազան գործունեության շնորհիվ: Ընդհանրապես, ես կասեի, որ մարդիկ ավելի շատ տեղյակ են հայկական նորություններին, եւ ընկերներս զանգահարում են ինձՙ տեղեկատվություն խնդրելու համար:

— Թամա՛րա, իսկ երբեւէ եղե՞լ եք Հայաստանում կամ այցելե՞լ եք աշխարհի այլ հայկական համայնքներ:

— Մենք անցած տարի պետք է Հայաստան գայինք իմ կրտսեր դստեր եւ թոռնուհու հետ, բայց, ցավոք, համավարակն արգելք հանդիսացավ:

— Ելնելով ձեր կյանքի եւ աշխատանքային փորձիցՙ ի՞նչ կցանկանայիք փոխանցել հայ ընթերցողներին:

— Եթե ինչ-որ մեկին հետաքրքրում է ծեր տիկնոջ խոսքը, կասեմ, որ, իմ կարծիքով, անհնար է կանխատեսել ապագան եւ անհնար է ջնջել անցյալը: Այնպես որՙ ապրե՛ք ներկան կրքով…

Նկար 1. Թամարա Հինչքոն ամուսնուՙ Թոմ Մարշալի հետ