ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ

22

ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ

Գրողը, գրականագետը, քաղաքացին

Տաղանդավոր գրողի 85-ամյա հոբելյանի առթիվ գրված ընթացիկ հոբելյանագրություն չէ ստորեւ ներկայացվող հոդվածըՙ տիտղոսներով, պաշտոններով, մրցանակներով ու պատվոգրերով լեցուն, այլ արժանի գնահատական մի արժանավոր արվեստագետի, գրական բազմարդյուն մշակի, թատրոնի ու հրապարակագրության մեջ (այդ թվումՙ նաեւ մեր թերթում) ծանրակշիռ դեր եւ ավանդ ունեցող անձնավորության, որի յուրաքանչյուր գիրք, պատմվածք ու հոդված գրասերներն սպասում են անհամբերությամբ:

Սպասում ենք Նորայր Ադալյանի նոր ստեղծագործություններին:

Նորայր Ադալյանը, ի տարբերություն սերնդակից որոշ գրողների, գրականություն մտավ անաղմուկ եւ առանց գրական միջավայրի լուրջ ուշադրությունը գրավելու: Երկրագործներ կան, որոնք լուռ ու ինքնամփոփ մշակում են իրենց օրավար հողը կամ տնամերձ այգին: Հետագայում էլ իր շուրջը գրական աղմուկ չեղավ, իր գրականությունը չդարձավ բանավեճերի եւ գրական ասուլիսների նյութ եւ առարկա: Դա ակնհայտ պատճառներն ուներ. եւ ուստիՙ այսօր արդեն հասկանալի իր բացատրությունը: Գրողը առանձնակի տուրք չտվեց գրական միջավայրում եւ օրվա գրական մթնոլորտում կարեւոր, արդիական եւ ժամանակակից համարված թեմաներին ու մոտեցումներին:

1960-ից մեր գրականությունը շատ առումներով գնում էր ռուսական գրականության հետքերով (ես նկատի չունեմ «գաղափարականորեն հագեցած գրականությունը»): Վասիլի Բելնովը, Վասիլի Շուկշինը եւ էլի մի քանի հոգի գնացին դեպի ռուսական բնաշխարհն ու բնաշխարհի մարդկանց բնական ու անմիջական, անաղարտ կյանքը: Անդրեյ Վոզնեսենսկին եւ էլի մի վիթխարի զանգված արեւմտյան ոգու, մշակույթի, կյանքի, կենցաղի եւ առօրյայի ջատագովներ էին: Այս հովերը, իհարկե, հասան նաեւ Հայաստան, այդ երեւույթը, այդ հոգեբանությունը կար նաեւ մեզանում: 1965-ը մեր արդի գրականությանը բերեց մի նոր ու անվերջ ծավալվող թեմա: Հարկ չեմ համարում անուններ տալու եւ ասածս մանրամասնելու. ամեն ինչ առանց այդ էլ շատ պարզ է ու ակնհայտ:

Նորայր Ադալյանը նվազագույն տուրք տվեց օրվա գրավիչ տրամադրություններին, իր գրականությունը անաղմուկ էր, բայց եղավ կայուն եւ խաղաղ ընթացքի գրականություն, եւ իր ընթացքն էլ եղավ արգասավոր ուղի:

***

Նորայր Ադալյանի գրական ուղին կարելի է բաժանել երկու մասի, երկու հատվածի: Առաջինըՙ մինչեւ խորհրդային երկրի փլուզումը, երկրորդըՙ այդ փլուզումից հետո:

Նորայր Ադալյանի առաջին պատմվածքը, «Լիպոն» խորագրով, տպագրվել է «Պիոներ» ամսագրում 1958 թվականին: Դրան հաջորդեց եւս երեք պատմվածք նույն ամսագրում: Նրա առաջին գիրքըՙ «Ետ մի՛ նայիր» խորագրով, լույս տեսավ 1963 թվականին: Սա ժողովածու էր եւ ընդգրկում էր ութ պատմվածք եւ մի վիպակ, որ ժողովածուին տվել էր իր վերնագիրը: Այդ խորագիրը, կարելի է ասել, խորհրդանշական էր եւ իմաստալից: Վիպակը գրվել է 1960 թվականին: Մեր կյանքը արթնանում էր երկար ընդարմացումից, համեմատականորեն ազատ շնչելու մեր տարիներն էինՙ 1937-ից առաջ եւ հետոՙ դատապարտվածներըՙ գնդակահարվածներն ու աքսորյալները արդարացված էին, մեր դասականները վերադարձվել էին ժողովրդին, արդեն կարելի էր խոսել նաեւ Արեւմտյան Հայաստանի մասին…

Երեւան քաղաքը արթնանում էր, «ելնում էր մի նոր Երեւան» Չարենց: Եվ այդ նոր Երեւանի երիտասարդ բնակիչների հայացքը ջինջ էր, մղումներըՙ մաքուր, ձգտումներըՙ ազնիվ… Նրանք կյանքից սպասելիքներ ունեին եւ մղվում էին կյանքին ընդառաջ, նրանք ետ նայելու պետք չունեին: «Ետ մի նայիր», ասում է վիպակի հերոսներից մեկըՙ Վարդանը, իր ընկերոջըՙ Արեգին: Թվում է` գրողը հորդոր է կարդում եւ կամ խորհուրդ է տալիս իր սերնդին` մենք պետք է կյանքին ընդառաջ գնանք, ժամանակը մեզ չի սպասում, ետ մի՛ նայիր:

Գիրքը այս մասին էր: Պատմվածքներում եւ վիպակում ստվերներ չկային:

1965 թվականին լույս տեսած «Շոգ ամառ» վիպակը գրողի ակնհայտ հաջողությունն էր, որն իր վրա գրավեց շատերի ուշադրությունը: Ինչպես ասում ենՙ վիպակը լավ մամուլ ունեցավ, լուրջ անդրադարձներ եղան: Վերլուծական խոnքով փայլուն գրախոսություն գրեց Ալբերտ Կոստանյանը: Գրականության հարցերում դժվարահաճ եւ բծախնդիր Գուրգեն Մահարին շատ լավ հոդված գրեց եւ բարձր գնահատեց երիտասարդ գրողի գործը. «Նորայր Ադալյանի աճը նախ եւ առաջ վարակիչ է: Երիտասարդ արձակագիրը կարող է անցնել ընթերցողի սրտի միջով, հուզել, հմայել: Գրողի հավակնող կեցվածք չունի նա եւ քրտինքի հոտ չի զգացվում «Շոգ ամառ»ի էջերում: «Շոգ ամառ»ը լեցուն է լույսով, արեւով եւ կենսահաստատ ջերմությամբ»:

Վիպակը ի հայտ էր բերում երիտասարդ հեղինակի գրողական ձիրքը, առավելություններն ու արժանիքները, որոնք իր հետագա գործերում ավելի խորացան, կայունացան եւ հաստատվեցին: Ու նաեւ գեղարվեստական մտածողության որոշ թույլ կողմերն ու թերությունները, որոնք հեղինակը հաղթահարեց իր հետագա գործերում: Վիպակում արծարծված խնդիրներն ու պատկերված իրադրությունները, գլխավոր հերոսիՙ Հարություն Սարդարյանի կերպարը հետաքրքրական էին ու համոզիչ, բայց պետք է ասել, որ գյուղական կյանքի որոշ կողմերի ու երեւույթների պատկերումը (իմացությունը) քաղաքի մարդու հայացք էր:

Երկու տարի անց Նորայր Ադալյանը հրատարակեց «Արագածի ձյուները» պատմվածքների ժողովածուն: Իր առաջին իսկ գործերում նշմարվում էին երիտասարդ հեղինակի գայթակղությունները: Այսպես, օրինակ, «Շոգ ամառ» վիպակում հիշվում էր «Կիլիմանջարոյի ձյուները» պատմվածքը, որ «մատնում էր» հեղինակի գրողական համակրանքը, «Արագածի ձյուները» խորագիրը բացահայտորեն ընդգծում էր դա: Հեղինակը առտնին կյանքի պարզ իրողություններն ու իրավիճակները վերածում էր հետաքրքրական պատմվածքներիՙ իրականության գեղարվեստական պատկերումը միահյուսելով երեւակայական-պայմանական իրավիճակներին: Իր երկխոսությունները կառուցելիս գրողը հետեւում էր արեւմտյան գրականության հսկայինՙ ջանալով արտաքուստ պարզ երկխոսությունների մեջ ներդնել խորք, ներքին իմաստ, ինչը ամենակարեւորն է:

Նորայր Ադալյանը պատմվածքը դարձրեց իր նախընտրելի ժանրը: Եվ «Մենախոսության ժամեր» (1981) ժողովածուի մեջ նա, կարելի է ասել, արդեն պատմվածքի վարպետ էր: Նորայր Ադալյանը պատմվածք է գրել ողջ կյանքում, հրատարակել է պատմվածքի քանի ժողովածու: Նա կարծեմ մոտ հարյուրի չափ պատմվածքի հեղինակ է, ինչը, իհարկե, լուրջ քանակ է, մանավանդ որ պահպանվում են շարադրանքի անհրաժեշտ մակարդակն ու որակը:

Նորայր Ադալյանի գրականության հիմնական թեման քաղաքն է ու իր բնակիչները: 60-70-ական թվականների իր գրվածքների հիմնական հերոսները երիտասարդ մարդիկ են, տարբեր մասնագիտությունների, տարբեր զբաղումի տեր պատանիներ ու աղջիկներ: 1960-ական թվականները լուրջ փոփոխություններ բերեցին մեր գիտակցության եւ հետեւաբար մեր հոգեբանության մեջ: Գրողին հետաքրքրում է երիտասարդ մարդկանց հոգեբանությունը եւ նրանց ներաշխարհում կատարվող փոփոխությունները: Դրա լավագույն վկայությունը գրողի «Խաղաղ զորանոցներ» (1973) վեպն է, որ նոր էր ե՛ւ իր թեմատիկայով,- ես լավ չեմ հիշում, այդ տարիներին կա՞ր հայ զինվորի ծառայությունը պատկերող այլ գործ,- ե՛ւ իր կառուցվածքով, ե՛ւ պայմանականությունների հագեցվածությամբ:

Գրողի իսկական հաջողությունը «Կապույտ Երզնկա» (1985) պատմվածքների ժողովածուն էր: Այս ժողովածուն հստակում էր գրողի հայացքն ու վերաբերմունքը ոչ միայն կյանքի եւ իրականության, այլեւ սեփական ստեղծագործության իմաստի, բովանդակության եւ ուղղվածության վերաբերյալ:

«Կապույտ Երզնկա» ժղովածուն ինքնաճանաչումի, իր նախասկզբի հայտնաբերումի, իր գրականության հիմնական իմաստի եւ բովանդակության, վերջապես սիրո, նվիրումի եւ հավատարմության պատմություն է: Կապույտ Երզնկայի գաղափարը գրողի գրականությունը դնում էր ստեղծագործական նոր ընթացքի մեջ: Երզնկայի գաղափարը ուրվագծվում էր արդեն «Շոգ ամառ» վիպակում: Գնացքի պատուհանի մոտ նստած Հարություն Սարդարյանը պատուհանից մտովի տեսնում է նախնիների երկիրը. «Ես տեսնում եմ Արաքս գետը, որից այն կողմ Վանն է, Կարսը, Խարբերդը, Երզնկան»: Բայց Երզնկան դեռեւս «անվերծանելի արձանագրություն» է:

Գրողի «Եփրատ» (1990) գիրքը դառնում է սահմանագիծ: Երկրի փլուզման հետՙ ավարտվում է իր գրականության, այսպես ասած, առաջին շրջանը: Եվ հետաքրքրական բան է տեղի ունենում: Խորհրդային երկրի փլուզման հետ ավարտվում է նաեւ մեր շատ գրողների, որոնց թվումՙ նշանավոր ու հայտնի դարձած գրողների գրականությունը: Մշակված ու քննություն բռնած թեմանե՞րն են վերջանում, նոր իրականությունն ու նոր իրավիճակները դեռեւս անհասկանալի՞ են ու գրականություն չե՞ն դառնում, թե՞ ինչ, փաստը մնում է փաստ, եղածըՙ վավերական իրողություն:

Նորայր Ադալյանի գրականությունը հետխորհրդային շրջանում ե՛ւ ծավալուն է, ե՛ւ բովանդակալից: Նա գրում է ամենատարբեր ժանրերով` վեպ, վիպակ, պատմվածք, գրում է հետաքրքրական պիեսներ ու դրամաներ: Հետխորհրդային շրջանում նա հրատարակել է մոտ քսան անուն գիրք: Ցավոք, հնար չկա ոչ միայն դրանց մասին խոսելու կամ դատումներ անելու, այլեւ նույնիսկ թվարկելու, այնքան որ շատ են: Դրանց թվում նա հրատարակել է պատմվածքների մի քանի ստվար ժողովածու, պատմվածքի նյութ դարձնելով նոր իրականությանը առնչվող, նոր իրականությունը արտացոլող ամենատարբեր թեմաներ: Գրողը հաջողությամբ խուսափում է միօրինակությունից եւ կրկնություններից, պատկերում է ամենատարբեր իրավիճակներ եւ իրադարձություններՙ միահյուսելով իրականը, պայմանականը, մտացածինը, անհավանականն ու երեւակայականը եւ, ինչը որ կարեւոր է, կարողանում է հասնել ձեւակառուցվածքային բազմազանության:

Բայց Երզնկանՙ նախնիների կանչը, նախնիների արյան ձայնը, ծնողների հայրենիքը արդեն տեւում է իր մեջ: Հեռավար ու անդառնալի անցյալ դարձած Երզնկայի մարած ձայները արթնանում են իր պատմվածքներում, այնուամենայնիվ, Երզնկայի մասին գրողի ասելիքը ամբողջացում էր հայցում: Այսպես ստեղծվում է Երզնկա աշխարհի հերոսական ու ողբերգական վիպասքըՙ «Սեւ քառակուսի կարմիր անապատում» վեպը (2008): Դա ոչ թե Մալեւիչիՙ մտահայեցողական կյանքի եւ գոյության բնազանցական խորհրդանիշ դարձած սեւ քառակուսին է, այլ Երզնկա քաղաքի, գավառի, ի վերջո ամբողջ ժողովրդի սեւ ճակատագրի քառակուսին արյունաներկՙ նույն ժողովրդի արյունով ներծծված անապատում: Գրողը ջանում է վերակենդանացնել Երզնկայի կյանքն ու մաքառումը, փրկել Երզնկան ստույգ կործանումից, նույնիսկ թվարկելով գրանցել ու պահպանել վաղուց հեռացած, հուշ ու անցյալ դարձած պարզ երզնկացիների անունները, խոսքի հմայությամբ ու մոգությամբ կենդանություն պարգեւել նրանց: Եվ նրանք այլեւս ողջ են լինելու, քանզի ապրելու են այս վիպասքում:

***

Գրող Նորայր Ադալյանի հետ գրեթե միաժամանակ գրական ասպարեզ մտավ գրականագետ եւ քննադատ Նորայր Ադալյանը: «Սովետահայ պատմվածքը» (1967) մենագրությունը գրականագիտական լուրջ ուսումնասիրություն էր: Դրան հաջորդեցին «Քննադատության ժամանակը» (1977), «Ազատության ստրկությունը» (2014) եւ այլ ժողովածուներ, ինպչես նաեւ տասնյակ եւ տասնյակ հոդվածներ մամուլի էջերում:

Ես մի կողմ եմ թողնում իր գրականագիտական եւ քննադատական գրքերն ու տասնյակ շահեկան հոդվածները եւ ուզում եմ խոսել Վահան Թոթովենցին նվիրված իր երկու գրքի, երկու ուսումնասիրության մասինՙ «Վահան Թոթովենց. կենսապատում» (1992) եւ «Թոթովենց» (1994): Ափսոս որ դրանք լույս տեսան մեր կյանքի ծանր ու խառն ժամանակներում:

Գրողներ կան, որոնց կյանքն ու ճակատագիրը մեծապես կապված է իրենց գրականությանը: Սա վերաբերում է ողբերգական ճակատագիր ունեցած մեր բոլոր գրողներինՙ թե՛ արեւմտահայերին եւ թե արեւելահայերին: 1937-ի զոհերինՙ առավել եւս:

Աքսորված գրողների աքսորն ու աքսորանքի տարիները մեր գրականագիտության մեջ մատնված են անբարո լռության: Գուրգեն Մահարիի աքսորի 17 տարին, այդ տարիների անմարդկային տառապանքը եւ այդ տարիներին ստեղծած իր գրականությունը մեր գրականագիտությունը ուղղակի միշտ անտեսել եւ այսօր էլ անտեսում է, փարիսեցիական կցկտուր, կեսբերան, թոթով ոչինչ չասող մի երկու խոսք իր մի վիպակի եւ երկու-երեք պատմվածքի շուրջ: Նույնըՙ Լեռ Կամսարի եւ մյուսների պարագային: Հասկանալի է, թե ինչու է այսպես. դրա մասին չեմ ուզում խոսել, տեղը չէ:

Ֆրանկոյի Իսպանիայում 1936 թվականի օգոստոսի 17-ին Գրանադայից 10 կիլոմետր հեռու վրա գտնվող Վիսնար գուղի մերձակայքում, Այնադամար («Արցունքի աղբյուր») աղբյուրի մոտ Ֆեդերիկա Գարսիա Լորկայի սպանությունը իրագործած վեց դահիճի անուններն ու կենսագրությունները այսօր հայտնի են, հրապարակված են: Մտապահենք սա, Լորկային մահվան դատապարտած Ֆրանսիսկո Ֆրանկոյիՙ դաժան բռնակալ-մարդասպանի Իսպանիայում այսօր ամեն բան հայտնի է, իսկ Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի, Վահան Թոթովենցի, Զապել Եսայանի, Մկրտիչ Ջանանի, այլոց վախճանը մինչեւ այսօր էլ խորհրդավորության, մթության ու անհայտության մշուշի մեջ է: Վահան Թոթովենցի մահն ու ողբերգական վախճանը ամբողջացնում են ոչ միայն լուսավոր մարդու իր ճակատագիրը, այլեւ իր գրականության ըստ էության ողբերգական խորքն ու բովանդակությունը:

Չխոսելով Նորայր Ադալյանի «Թոթովենց» ուսումնասիրության այլ արժանիքների մասինՙ նյութի համակողմանի ընդգրկում, վերլուծական խորություն, նոր փաստերի ու անհայտ փաստաթղթերի հրապարակում եւ այլն, ուզում եմ առանձնացնել գրքի մի յուրահատուկ կողմը: Հեղինակը, թերեւս առաջին անգամ, հանգամանորեն ներկայացնում է Թոթովենցի կյանքի վերջին տարին, վերջին օրերը: «Խաչելություն» գլուխը այս գրքի լավագույն հատվածներից մեկն է: Վերջապես, մեր գրականության եւ գրականագիտության մեջ գրողը, ուսումնասիրողը անուններ է տալիս: Ահա դրանցից մեկը:

Հայաստանի նկարիչների միության տունը մի տնօրեն ուներ, Աշոտ Տոնիկյան անունով, որին բոլորը շողոմ ժպիտով ու հաճոյանքով Աշոտ Բոգդանիչ էին ասում, եւ ինքն էլ դրանից շողում էր: Ես տեսել եմ այդ մարդուն, նա միշտ երջանիկ մարդու տեսք եւ երեւույթ ուներ: Այդ անձնավորությունն է եղել Թոթովենցին ձերբակալողը: Եվ քանի՜ մարդու ողբերգական վախճանն է կապվում այդ անձի հետ: Տեսնես, նրա ժառանգները իրենց երջանի՞կ են զգում: Աստվածաշունչ գիրքն ասում է, որ հայրերի մեղքը երեք եւ չորս սերունդ ընկնում է զավակների վրա: Ծանր բան է:

Մեզ բոլորիս վրա մեծ մեղք է ծանրացած, որովհետեւ մենք փարիսեցիաբար լռում ենք այդ ամենի մասին, դահիճներին ու սրիկաներին պատիվներ ենք մատուցում, մինչդեռ մենք բոլորս, բոլորս զղջում ու ապաշխարում պետք է ապրենք: Հասարակությունը պետք է ապրի համաշխարհային օվկիանոսի օրենքովՙ մակընթացությամբ եւ տեղատվությամբ: Թեպետեւ համաշխարհային օվկիանոսի մեջ միլիոնավոր տոննաներով աղբ է թափվում, հսկա բեռնանավերի ու լողացող հսկա քաղաքների ողջ աղբը, այնուամենայնիվ համաշխարհային օվկիանոսի ջուրը միշտ մաքուր է, օվկիանոսի կենդանական աշխարհը չի վնասվում եւ չի վտանգվում, որովհետեւ օվկիանոսը մակընթացությամբ մաքրում է իրեն եւ ամբողջ աղբը դուրս (ափ) է նետում: Հասարակութունը նույնպես պետք է մաքրի ինքն իրեն: Քանի դեռ մենք զանազան աշոտբոգդանիչների մասին չենք ասում ճշմարտությունը, եւ ոչ միայն չենք ասում, այլեւ հատուկ, մեծամեծ պատիվների ենք արժանացնում, ուրեմն մեղավոր ենք մենք, բոլորս, մեղավոր ենք այսօր եւ մեղավոր ենք ազգովին:

Նորայր Ադալյանի «Թոթովենց» ուսումնասիրությունը անուղղակիորեն մեզ սա՛ է ասում: Այն ճշմարտախոս գիրք է, արդար եւ արժանի է առավել մանրամասն քննության եւ արժեւորման:

***

Վերջապես չեմ կարող չխոսել գրողի եւս մի կարեւոր արժանիքի մասին: Դա իր քաղաքացիական հստակ կեցվածքն է, իր քաղաքացիական հստակ վերաբերմունքը մեր կյանքի քաղաքական եւ հասարակական երեւույթների հանդեպ: Այսօր, ավելի քան երբեւէ, մեր իրականության մեջ կարեւորագույն, գործոն պետք է լիներ մտավորական խավի առկայությունը եւ մտավորական մարդու հայացքը մեր կյանքի եւ իրականության հանդեպ: Մեկ անգամ արդեն, մեկ այլ առիթով, գրել եմ, որ մեզանում կան առանձին ընտիր քաղաքացիներ, բայց դժբախտաբար մենք չունենք քաղաքացիական հասարակություն: Այլ խոսքովՙ երկրում չկա հանրային կարծիք, որը դեր եւ նշանակություն ունենա երկրի կյանքում, որ ազդեր քաղաքական եւ հասարակական կյանքի ընթացքի վրա: Մենք ունենք խիստ նվազ թվով ուղղակի հատուկենտ ընտիր մտավորականներ, բայց չունենք մտավորականություն իբրեւ խավ, որը դառնար ազգի միտքը, պատիվը, խիղճը, որ լիներ ազգի սերուցքը, որ լիներ ազգը դեպի ապագա առաջնորդող բարձր, ազնիվ եւ մաքուր ոգին: Չկա՛, չի եղել: Կան իբր թե մտավորական աշխատանք կատարող անձինք, որոնք, իհարկե, ունեն գիտական կամ մշակութային գործունեության իրավունք տվող զանազան տեղեկանքներ, որոնք վկայում են իրենց ունեցած գիտական կամ պատվո կոչումներն ու աստիճանները: Բայց նրանք բոլորը ոչ մի կապ չունեն բարձր իմաստով մտավորականություն ըմբռնումի հետ: Նրանք իրականում էժան վաճառվող մանր փերեզակներ են:

Ի պատիվ Նորայր Ադալյանի պետք է ասեմ, որ նա ուշադիր հետեւել եւ արձագանքել է ոչ միայն մեր գրական-մշակութային կյանքի անցուդարձին, այլեւ մեր քաղաքական-հասարակական կյանքի տագնապալի եւ տագնապահարույց երեւույթներին եւ իրադարձություններին: Այլ բան է եւ, եթե ճիշտ դատենք, այնքան էլ էական չէ, թե իր դատումներն ու վերլուծությունները որքանով են ճշմարտացի ու համոզիչ, իր կանխատեսումները որքանով են պատճառաբանված եւ իրականանալի: Միգուցե սխա՞լ է իր բռնած դիրքը, սխա՞լ են իր դատողությունները: Շատ հնարավոր է, եւ դա ժամանակը ցույց կտա: Եվ նույնիսկ այդ պարագայում էականը գրողի բացարձակապես ոչ անտարբեր վերաբերմունքն է իրականության, կյանքի եւ, ի վերջո, երկրի ճակատագրի հանդեպ:

Սա մարդու, քաղաքացու կերպար ու նկարագիր ներկայացնող հատկություն է, անկասկածելի արժանիք, որ առանձնապես ընդգծված ձեւով երեւում է իր հրապարակախոսական հոդվածներում ու գրություններում:

Նորայր Ադալյանը անցել է գրական երկար ու արգասավոր ճանապարհ: Նա գրել է իր սերնդի գրականության լավագույն էջերից մեկը: Իր գրականությամբ նա փաստորեն ավարտում եւ փակում է գրական մի ողջ սերնդի գրական գործը: Եվ դա նա արել է արժանապատվորեն, տաղանդով եւ խղճի մտոք: