ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

12

Հայաստանի ժուռնալիստների միության դիմումըՙ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

Ամիսներ առաջ ստեղծված հայալեզու վրացական դոմեյնով կայքըՙ համագործակցելով հայկական media.am կայքի հետ, սկսել է պայքարել, իրենց հավաստիացմամբՙ ապատեղեկատվության, բայց իրականում ոչ պրոֆեսիոնալ, ընտրողաբար թիրախավորված որոշ լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերի դեմՙ իբրեւ թե կեղծ լուրեր, մանիպուլյատիվ հոդվածներ հրապարակելու համար։

Հայաստանյան «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» վրացական ընկերության հետ մամուլի նկատմամբ դատավորի դեր է ստանձնել, այն էլ անչափ կասկածելիՙ լրագրողական հանրությանն անհայտ չափանիշերով ու սկզբունքներով։

Այդ կազմակերպությունը իր իսկ հիմնադրած լրատվական-վերլուծական media.am կայքէջը գործիք դարձրածՙ առանց պրոֆեսիոնալ փորձագետների հետ քննարկման, սուբյեկտիվ ընտրությամբ, իրենց կարծիքովՙ կեղծ լուրեր եւ մանիպուլյատիվ հոդվածներ հայտնաբերելովՙ դրանց հետ կապվածՙ միջնորդավորված տեղեկատվություն են փոխանցում Ֆեյսբուք սոցիալական ցանցին, որն էլ արգելափակում է հայաստանյան բազմաթիվ կայքերի ֆեյսբուքյան էջերը, դադարեցնում է գովազդը, սահմանափակում հրապարակումների հասանելիությունը, տեսանելիությունը։

Կասկած չկա, իհարկե, որ ապատեղեկատվության, կեղծ, չստուգված լուրերի դեմ պետք է պայքարել։ Միեւնույն ժամանակ անվիճելի է, որ այդ երեւույթի դեմ պայքարի մեթոդները պետք է լինեն հստակ ու թափանցիկ, օբյեկտիվ ու անաչառ, չառանձնացնելով հաճելի կամ ոչ հաճելի, ընդդիմադիր կամ իշխանական թեւերին հարող լրատվամիջոցները կամ ֆեյսբուքյան օգտատերերին, մի խոսքովՙ պահպանել լրագրության սուրբ կանոններից մեկըՙ հավասարակշռությունը։

Գաղտնիք չէ, որ ամբողջ աշխարհում Ֆեյսբուքն այսօր ԶԼՄ-ների աշխատանքային կարեւոր գործիքներից է, հետեւաբարՙ իրենց ոչ միշտ հիմնավորված, բազմակողմանի ուսումնասիրության հետեւանքով «Փաստերի ստուգում» ծրագիրն իրականացնողները խոչընդոտում են տեղեկության տարածմանն ու հանրության իրազեկված լինելունՙ դրանով իսկ լուրջ հարված հասցնելով լրատվամիջոցների վարկանիշին, հեղինակությանը, հարյուր-հազարավոր ընթերցողներով լսարանին, արտահայտման ազատությանը, ֆինանսական աղբյուրներին։

Հարկ է շեշտել, որ նախաձեռնության գոյության մասին լրատվամիջոցներն իմացել են բոլորովին վերջերս, երբ նրանց ահազանգել են ընթերցողները եւ փորձել են հասկանալՙ ի՞նչ պատճառով են ծագել ֆեյսբուքյան իրենց էջերի հասանելիության հետ կապված խնդիրները։ Իսկ վրացական https։//factcheck.ge կայքէջի հետ համագործակցող «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» եւ media.am կայքը Ֆեյսբուքի փաստերի ստուգման ծրագրի եւ Ֆեյսբուքի պիտակներից խուսափելու մասին լրագրողական հանրությանը տեղեկացրել են ընդամենը հունիսի 7-ին (հենց ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկի օրը)։ Նախաձեռնության հեղինակները ընդամենը իրենց կայքում եւ ֆեյսբուքյան էջում տեղադրելով հոդված, իսկ հունիսի 23-ին էլ հաղորդագրություն հետեւյալ բովանդակությամբ.

«Media.am-ը սկսել է համատեղ աշխատանք IFCN կողմից 2020թ․ սեպտեմբերից հավատարմագրված Factcheck.ge կայքի հետ։ Փաստերի ստուգման թիմըՙ վրացի գործընկերների հետ միասին ստուգում է Ֆեյսբուքում եւ Ինստագրամում տարածվող այն տեղեկատվությունը, որը այս կամ այն կերպ վերաբերում է արտահերթ ընտրություններին եւ հետընտրական գործընթացներին»։

Տպավորություն է ստեղծվում, որ նախաձեռնության հեղինակների նպատակը կարծես այնքան էլ դաշտը ապատեղեկատվություն տարածողներից մաքրելը չէ։ Հենց թեկուզ այն, որ մինչեւ ծրագրի մեկնարկը ԶԼՄ-ների, Հայաստանի ժուռնալիստների միության հետ որեւէ քննարկում չի կազմակերպվել, չի ներկայացվել ծրագիրը, չի բացատրվել նոր կարգավիճակով, համագործակցության նոր շրջանակով կայքի իրավասությունը, գործունեության սահմանները, համագործակցության տարբերակները, մեդիաների բողոքարկման հնարավորությունները։ Չեն լսվել առաջարկներ կամ կարծիքներ, չի արվել որեւէ կառուցողական համագործակցային առաջարկ լրատվամիջոցներին։

Եթե այս ծրագիրն իրականացնողների նպատակն իսկապես ազնիվ էր, իսկ դրված խնդիրն էլՙ ոչ ցանկալի, ընդդիմադիր հայացքներով լրատվամիջոցներին լռեցնելը չէր, ապա լրատվամիջոցները եւ մեդիա-կազմակերպությունները պետք է ոչ միայն առնվազն մի քանի ամիս առաջ տեղեկացված լինեին սկսվող ծրագրի մասին, այլեւ կազմակերպեին լսումներՙ իրավաբանների, լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ մեդիա փորձագետների մասնակցությամբ։ ԶԼՄ-ներն էլ, իրենց հերթին, կներկայացնեին իրենց աշխատանքի կազմակերպմանՙ տեղեկության հայթայթման, պետական գերատեսչությունների, մասնագիտական կառույցների հետ աշխատանքի, տեղեկատվության ստուգման, ճշտման հետ կապված դժվարությունները։

Բոլոր լրատվամիջոցները կողմ են ապատեղեկատվության, կեղծ լուրերի դեմ պայքարին, ցանկանում են ճշգրտված տեղեկատվություն հաղորդել, դա բոլորի մասնագիտական պարտականությունն է եւ հարգանքը ընթերցողի հանդեպ, սակայն, ցավոք սրտի, բազմաթիվ խոչընդոտների պատճառով լրատվամիջոցներն այսօր դա չեն կարողանում իրագործել։

«Փաստերի ստուգման» այս ծրագրի գործարկումից առաջ եւ ընթացքում այն իրականացնողների կողմից չեն պահպանվել թափանցիկ, անաչառ բոլոր կողմերին լսելու լրագրության սուրբ կանոնները։ Արդյունքում, տարակուսանքի եւ լրջագույն կասկածների առիթ է դարձել, որ media.am կայքը գրաքննիչի եւ դատավորի դեր է ստանձնելՙ պահանջելով անգամ գրաքննության ենթարկել ԶԼՄ-ներում հրապարակված հարցազրույցները, գրաքննել իրենց զրուցակիցների խոսքը։

Մինչդեռ ՀՀ օրենսդրությամբՙ ՀՀ Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին օրենքով հարցազրույցի նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է հարցազրույց տվող եւ հարցազրույց անցկացնող անձանցՙ որպես համահեղինակների, եթե նրանց միջեւ չկա այլ պայմանավորվածություն։ Հարցազրույցի հրապարակումը թույլատրվում է հարցազրույց տվող եւ հարցազրույց անցկացնող անձանց համաձայնությամբ։

Ստացվում է, որ հարցազրույցի մասնակից համահեղինակի խոսքը գրաքննելու առաջարկ անող կողմն առաջարկում է շրջանցել կամ խախտել ՀՀ օրենսդրությունը։

Մամուլը գրաքննող կայքի աշխատակազմը թեեւ օրինակներ է բերում, որ իշխանական կամ իշխանամերձ որոշ լրատվամիջոցների հրապարակումներ նույնպես ենթարկվել են ստուգման, սակայն, եթե համեմատենք, տոկոսային հարաբերությամբ դրանք չնչին եւ ձեւական են։

Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում եւս մեծ տարածում ունի Ֆեյսբուք սոցիալական ցանցը եւ ԶԼՄ ընթերցողների ավելի քան 40 տոկոսը դրանք ընթերցում է այդ ցանցի միջոցով։

Լրատվամիջոցները տարիներ շարունակ իրենց տքնաջան աշխատանքի շնորհիվ նվաճել են ընթերցողների վստահությունըՙ ապահովելով հարյուր-հազարավոր բաժանորդագիր հետեւորդներ։

Եթե «Փաստերի ստուգում» իրականացնող հայաստանյան եւ վրացական այս ընկերությունների նպատակն իսկապես ազնիվ է, կեղծ լուրերի դեմ պայքարն է եւ ոչ թե լրատվամիջոցին, ազատ խոսքին ու արտահայտման ազատությանը վնասելը, ապա մինչ, այսպես կոչված, «վճիռ» կայացնելը կարող եւ պարտավոր էին այդ մասին տեղեկացնել լրատվամիջոցին կոնկրետ խնդրահարույց հրապարակման մասին, քննարկել, հիմքեր ներկայացնել առ այն, որ հրապարակման մեջ իսկապես կեղծ տեղեկություն կա, համաձայնության գալ այն ուղղելու կամ հրապարակումը հեռացնելու շուրջ եւ չկատարելու դեպքումՙ նոր միայն դիմել Ֆեյսբուքին։

Սակայն իր այս գործելաոճով փաստերի ստուգում իրականացնող հայաստանյան կազմակերպությունը եւ իր կայքըՙ ըստ էության խորությամբ չուսումնասիրված ու լավ չմտածված քաղաքականության ու հապշտապ գործելու պատճառով, հենց ընտրությունների ընթացքում վերահսկողություն իրականացնելու մտադրությամբ փորձ արեցին մեկ հարվածով լռեցնել օրինական գրանցված, երկար տարիներ գործող, հարկեր վճարող, կայացած իրավաբանական անձ հանդիսացող պատասխանատու լրատվամիջոցներին։ Փոխարենը տարատեսակ սունկ-կայքեր ամենազազրելի ապատեղեկատվությունն ու կեղծ լուրերն են անարգել տարածում տասնյակ-հազարավոր հետեւորդներ ունեցող իրենց ֆեյսբուքյան էջերով, խմբերով։

Ի դեպ, հայկական լրատվամիջոցները Ֆեյսբուքի հետ համագործակցության բավականին հաջողված եւ գործընկերային փորձ ունեն։ Շատ են եղել դեպքեր, երբ այս սոցիալական ցանցի ադմինիստրացիան կոնկրետ հրապարակման առնչությամբ դիտողություն է արել որեւէ կայքի, ու այն հեռացվել է կամ փոխվելՙ Ֆեյսբուքի կանոններին համաձայն։

Հատկանշական է նաեւ, որ երբ Ֆեյսբուքը որեւէ ալգորիթմ է փոխում կամ նոր կանոններ է ներդնում, անպայման նախապես տեղեկացնում է իր բաժանորդներին, բողոքարկվում է, սխալն ուղղելու հնարավորություն է տրվում, իսկ տվյալ դեպքում media.am-ի անհիմն եւ կամայական որոշումն ընդունվում էՙ որպես վերին ատյանի ճշմարտություն, իրենց բնորոշմամբ` վերդիկտ (վճիռ)։ Նշենք, մինչեւ հունիսի 7-ըՙ փաստերի ստուգման ծրագրից հետո մեկ շաբաթ շարունակ, «փաստերի ստուգման» վրացական կազմակերպության պաշտոնական կայքում վճիռը բողոքարկելու պայմանները եղել են վրացերենով։ Այսինքն հայկական ԶԼՄ-ները մեկ շաբաթ շարունակ զրկված են եղել իրենց գնահատված հրապարակումների «վճիռները» բողոքարկելու հնարավորությունից։ Վճռի ծանուցման եւ բողոքարկման համակարգը չի գործում։

Այդպիսով, ստուգող կազմակերպությունը կանխակալ «վճիռներով» լուրջ վնասներ է հասնում ամիսը 4 մլն եւ ավելի լսարան ունեցող լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերինՙ շատ հաճախ իր վճռում հաշվի չառնելով վիճարկվող հրապարակման հետ կապված տվյալ լրատվամիջոցի հրապարակային պարզաբանումները, հակափաստարկները եւ առարկությունները։

Ի դեպ, media.am կայքի վերլուծությունների ուսումնասիրությունները փաստում են, որ շատ դեպքերում որեւէ լրատվամիջոցի կոնկրետ հոդվածի վերաբերյալ այս կայքի հրապարակումներն իրենք են մանիպուլյատիվ, ոչ ամբողջությամբ ճշտված, ոչ բազմակողմանի, այլ ընդամենը մեկ կարծիքի հիմքով կատարված եզրակացություն։ Առանձին դեպքերում որպես որեւէ հրապարակման կեղծ լուրի վերաբերյալ հավաստում կամ ապացույցՙ կայքը մեջբերում է ռուսական լրատվամիջոցներից հատվածներ. իսկ որտե՞ղ է երաշխիքը, որ դրանցում բացարձակ ճշմարտություն է գրված։ Կամ, որպես ապացույցՙ բերում են պետական մարմիններից ստացված հարցումների պատասխանները։

Բացի այդ, Ֆեյսբուքի փաստերի ստուգման քաղաքականությունն արգելում է ստուգել քաղաքական գործիչների արտահայտած մտքերը, բայց լրատվականներից մեկի հրապարակումը «կեղծ» որակելու համար, որն իր տեղեկությունը հիմնավորելու համար հղում էր արել քաղաքական գործիչներից մեկին, «փաստեր ստուգող» կազմակերպությունը ստուգել է նաեւ տվյալ քաղաքական գործչի հայտարարությունը եւ լրատվականի հրապարակումը ստուգելու անվան տակ մի ամբողջական նյութ պատրաստել նշված քաղաքական գործչի կենսագրության մասին։ Այս պարագայում փաստեր ստուգողը խախտել է Ֆեյսբուքի փաստերի ստուգման քաղաքականության կանոնները։

Փաստերը ստուգողը, բացի բուն ստուգվող նյութի վերաբերյալ փաստեր ներկայացնելը, որոշ դեպքերում անդրադարձել է առհասարակ լրատվամիջոցի գործունեությանըՙ կայքը որակելով որպես կեղծ լուրեր տարածող, ինչի իրավունքը փաստեր ստուգողը չունի։

Որոշ դեպքերում գնահատականներ են հնչեցվել լրատվամիջոցի, նրա հիմնադրի, նրա կողմից համակարգվող այլ հարթակների վերաբերյալՙ ընթերցողների մոտ ձեւավորելով (որպես կեղծ տեղեկություններ տարածողներ) կանխակալ վերաբերմունք, ինչի իրավունքը փաստեր ստուգողները չունեն, ինչը չի մտնում Ֆեյսբուքիՙ երրորդ կողմի միջոցով ֆեյսբուքյան հրապարակումների հավաստիությունը ստուգելու համար ապատեղեկատվության քաղաքականության եւ փաստեր ստուգողների գործառույթների մեջ։

Հայաստանի ժուռնալիստների միությունը (ՀԺՄ) դեմ է կեղծ, բազմակողմանիորեն չստուգված լուրերի եւ ապատեղեկատվության տարածմանը, միեւնույն ժամանակՙ չի հանդուրժելու մանիպուլյատիվ գործունեությունը, օգտագործելու է օրենքով չարգելված ողջ գործիքակազմըՙ պայքարելու կանխակալ, թիրախավորված լրագրության եւ փորձագիտական սկզբունքները ոտնահարող ու հակասող գործունեության դեմ, որոնք ուղղված կլինեն արտահայտման ազատության, անկախ լրատվամիջոցների կայացման ու զարգացման, լրատվամիջոցների եւ լրագրողների իրավունքների դեմ։

Հայաստանի ժուռնալիստների միության պարտքն էՙ պաշտպանել այդ իրավունքները ցանկացած ոտնձգություններից եւ այդ նպատակով դիմում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանինՙ կանխելու մամուլի անխափան աշխատանքի դեմ ուղղված այս ոտնձգությունը։

Անհրաժեշտության դեպքում Հայաստանի ժուռնալիստների միությունը եւ նախաձեռնությանը միացած երկու տասնյակից ավելի լրատվամիջոցները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին պատրաստ են տրամադրել իրավիճակի վերաբերյալ առավել դետալային տեղեկություններ եւ փաստարկներ։

Նախաձեռնությանը միացել են երկու տասնյակից ավելի լրատվամիջոցներ։

1. Հայաստանի ժուռնալիստների միություն

2. NEWS.am-գլխավոր խմբագիրՙ Արմենիկա Կիվիրյան

3. «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն- տնօրենՙ Դավիթ Հակոբյան

4. «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրենՙ Հարություն Հարությունյան

5. «Գոլոս Արմենիի» թերթ, golosarmenii.am-գլխավոր խմբագիրՙ Ֆլորա Նախշքարյան

6. Tert.am-գլխավոր խմբագիրՙ Արկադի Գրիգորյան

7. Yerkir.am-գլխավոր խմբագիրՙ Վահե Սարգսյան

8. «Հրապարակ» թերթ, Hraparak.am-գլխավոր խմբագիրՙ Արմինե Օհանյան

9. «168 Ժամ» թերթ, 168.am- գլխավոր խմբագիրՙ Սաթիկ Սեյրանյան

10. «Փաստինֆո», Pastinfo.am-տնօրենՙ Սոնա Տռուզյան

11. PARA TV առցանց հեռուստաընկերություն-տնօրենՙ Էլիզաբեթ Պետրոսյան

12. AntiFake.am-գլխավոր խմբագիրՙ Աստղիկ Մաթեւոսյան

13. Yerevan.Today լրատվական-վերլուծական կայք -գլխավոր խմբագիրՙ Սեւակ Հակոբյան

14. Blognews.am-գլխավոր խմբագիրՙ Կոնստանտին Տեր-Նակալյան

15. 7or.am-խմբագիրՙ Արեգնազ Մանուկյան

16. Politik.am- խմբագիրՙ Բորիս Մուրազի

17. ArmDay.am-գլխավոր խմբագիրՙ Տաթեւ Այվազյան

18. Irakanum.am- գլխավոր խմբագիրՙ Փայլակ Ֆահրադյան

19. zham.am- գլխավոր խմբագիրՙ Երվանդ Բոզոյան

20. «Ժողովուրդ» օրաթերթ, armlur.am- խմբագիրՙ Քնար Մանուկյան

21. Iravunk.com, «Իրավունք» թերթ-գլխավոր խմբագիրՙ Հովհաննես Գալաջյան

22. Hayeli.am-գլխավոր խմբագիրՙ Անժելա Թովմասյան

23. Lurer.com-խմբագիրՙ Նելլի Ավետիսյան

24.24 News.am-տնօրենՙ Նարեկ Գալստյան

25. LIVEnews.am- գլխավոր խմբագիրՙ Ժաննա Ծառուկյան

26. «Ազգ» թերթ, azg.am, գլխավոր խմբագիրՙ Հակոբ Ավետիքյան