Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ՎԱՀԱՆ ԱՎԱԳՅԱՆԻ ԱՇԽԱՐՀԸ

22/01/2021
- 22 Հունվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՅԱՆ, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր-տնօրեն

Այս անունը ծանոթ է թերեւս միայն հայ հասարակության այն խավին, հիմնականումՙ նկարիչներին, ովքեր առնչվում են այսօրվա գեղանկարի ռուսական շուկայի հետ, որտեղ ժամանակակից գրաֆիկայի ոլորտում Վահան Ավագյանը մեծ համարում ունի: Իսկ մեր ընթերցողներին ասենք, որ նա բանաստեղծ Վարդան Վանատուրի (Ավագյան) եւ մանկավարժ Մանուշ Ավագյանի որդին է, որը հանգամանքների բերումով 1990-ից ապրում եւ ստեղծագործում է Մոսկվայում:

Վահանը ծնվել է 1960-ի հոկտեմբերի 7-ին Երեւանում: Դպրոցական տարիներին հաճախել է Պիոներպալատի գեղարվեստական խմբակ, հրապուրվել Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործություններով եւ անտիկ Հունաստանի արվեստով: 1970-ական թվականներին հաճախել է Մանկական գեղագիտական կենտրոն, ապա ավարտել Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1985-ինՙ նաեւ գեղարվեստաթատերական ինստիտուտը եւ նույն տարում ունեցել առաջին ցուցահանդեսըՙ Երեւանի նկարչի տանը: Նա հրապուրվել է նաեւ գրքի ձեւավորումով եւ ավելի քան 20 գիրք ձեւավորել: Դրանց թվում է Հ. Թումանյանի «Սուտլիկ որսկանը» հեքիաթը, որը 1979-ին բանաստեղծի ծննդյան 110-ամյակի առթիվ տպագրվել է Երեւանում, ներկայացվել Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսում եւ տպագրվել նաեւ օտար լեզուներով (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն եւ այլն):

Վահանի նկարչական տաղանդն առաջինը նկատել ու բարձր է գնահատել նկարիչների միության այն օրերի նախագահ, ճանաչված նկարիչ Սուրեն Սաֆարյանը:

Գեղարվեստաթատերական ինստիտուտը բեմադրող-նկարչի մասնագիտությամբ ավարտելուց հետո Վահանն աշխատել է Երեւանի Խամաճիկների թատրոնում եւ ներկայացումներ բեմադրել, շարունակել է ձեւավորել մանկական գրքեր, բանաստեղծությունների, նաեւ պարսիկ բանաստեղծների ժողովածուներ:

Իմ ձեռքին է Վահան Ավագյանի հրատարակության պատրաստվող ալբոմի թվային տարբերակը, որը գրաֆիկական գործերի մի իսկական գանձարան է: Այն բացվում է երկու ճանաչված արվեստագետների մուտքի խոսքով. առաջինը համաշխարհային մշակույթի խոշոր պատմաբան Իգոր Նաումովիչ Գոլոմշտոկինն է (1929-2017)ՙ վերնագրված «Վահան Ավագյանի գրաֆիկան», մյուսըՙ Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Վալերի Ժուկովինը (ծ. 1941)ՙ «Մարդկային կրքերի ռոմանտիկական էպոսը» վերնագրով:

Անկեղծ ասածՙ հազվադեպ է լինում, երբ այլազգի արվեստագետներն այդքան բարձր են գնահատում հայ գեղանկարչի գործերը, այնքան բազմակողմանիորեն վեր հանում նրա արվեստի խորքային շերտերն ու հիացական խոսքեր ասում նրա արվեստի մասին, որ ակամա շոյվում է մարդու ազգային արժանապատվությունը:

Գոլոմշտոկն իր խոսքը սկսել է այսպես. Վ. Ավագյանի նկարներից մեկը կոչվում է «Երեք դեմք». այն կազմված է դասական հունական կիսադեմից, նրա հետեւից բարձրացող ակնհայտորեն արեւելյան տիպի կանացի դեմքից եւ մեկ այլՙ արդեն եվրոպացու կիսադեմից: Դրանք կարծես հենց Ավագյանի գրաֆիկայի երեք դեմքերն են, որոնք արտահայտում են երեք մշակութային ավանդույթներՙ Հին Արեւելքի, հելենիզմի ու մոդեռնիզմի: Դրանք դրսեւորվելով տարբեր փոխհարաբերություններովՙ մերթ բացահայտում են նրա ազգային բնութագիրը, մերթ միախառնվում յուրատեսակ սինթեզի մեջ: Այստեղ անտիկ Հունաստանը միահյուսվում է Ասորեստանի ու Բաբելոնի հետ, Արեւելքը հանդիպում է Արեւմուտքին, եւ այդ ամենը, միաձուլվելով նկարչի անհատական գործելաոճին, վերածվում է այնպիսի դեպքի, որը հաճախ չի հանդիպում ժամանակակից արվեստում: Այն ավանդույթները, որոնց հետեւում է Ավագյանը, օտար չեն: Հայ գեղարվեստական մշակույթը հեռավոր անցյալ ունիՙ հասնում է մինչեւ Ուրարտու, Ասորեստան, ավելի ուշՙ Հունաստան, Բյուզանդիա, նաեւ Եգիպտոս եւ վերջապեսՙ Եվրոպական մոդեռնիզմ: Այդ ամենն իր հետքն է թողել ժողովրդական գիտակցության մեջ, արմատավորվել ինչ-որ տեղՙ գեներում, կոլեկտիվ ենթագիտակցության մեջ եւ էլի ինչ-որ տեղ: Պատմական ժառանգությունը մութ բան է: «Հանդիպում» եւ «Հակամարտություն» նկարներում մեր դիմաց ակնհայտորեն արեւելյան դիցաբանության գործող անձինք ենՙ աստվածներ կամ թագավորներՙ գազանների գլուխներով: Միայն թե սովորաբար ասորաբաբելական ռելիեֆներին (մակերեւույթապատկերներին) բնորոշ դեպի ներս խորացող թաքուն լարվածությունն այստեղ լիցքաթափվում է ֆիգուրների դրամատիկական բախումներով:

Նրա գործերի մյուս աղբյուրը Հին Հունաստանի դիցաբանությունն է. այնտեղից են վերցված Ավագյանի բազմաթիվ ստեղծագործությունների սյուժեները: Կենտավրոսները, հավերժահարսերը, ամազոնուհիները, սատիրները (այծամարդիկ) նրա մի գործից անցնում են մյուսը: Հերակլեսն իջնում է մեռյալների թագավորություն, Աթենասը վիճում է Մարսի հետ: Բայց, ինչպես եւ արեւելյան սյուժեներում, դա ոճավորում չէ, ասենքՙ հունական ամֆորաների եւ ասորական ռելիեֆների հայտնի պատկերների նմանությամբ: Այստեղ ամենից առաջ գրավում է ազգային մշակույթների հենց ոգու մարմնացումը գրաֆիկայի միջոցներով, որն արմատացած է նրանց դիցաբանության մեջ:

Դարաշրջանների այս շերտավորման մեջ է ներխուժում XX դարըՙ իր մոդեռնիզմի գեղագիտությամբ, գիտակցության մասնատվածությամբ, շարժունությամբ ու հեգնանքով: Եվ մի շարք նկարներում ձեւը կարծես պայթում է ներսից: Դրվագվում ու տրոհվում է մասերի եւ սինթեզվում նոր կերպարում: Նույնիսկ առասպելն է այստեղ ենթարկվում հրաշալի կերպարանափոխության: Վհատ Սիզիփոսը նստած է իր քարին, եւ նույն քարին տեղավորվել է քնարահար Օրփեոսը: Պայքարում հյուծված Մարսը դժվարությամբ տանում է Վեներայի մերկ մարմինը, վիճում են Հին Բաբելոնի եւ Եգիպտոսի աստվածությունները, մյուս նկարների անձնավորումներում մարդկայինն օրգանապես վերածվում է գազանայինի կամ մատնում է իր մերձավորությունը բուսական աշխարհին:

Վահան Ավագյանի գրաֆիկական վարպետությունն այդ սյուժեները ռացիոնալ պատկերավորման հարթությունից բարձրացնում է մինչեւ գեղարվեստական կերպարի բարձունք: Նրա կռիվների բազմաթիվ սցենարներում մարտի են բռնվում զինվորներ, ասպետներ, ամազոնուհիներ եւ նույնիսկ աքլորներՙ աքլորակռիվներում: Հաճախ դրվագների գեղադիտակային (կալեյդոսկոպային) եւ շտրիխային մրրիկների կատաղի դինամիկայում դժվար է հասկանալ, թե ով ում դեմ է կռվում: Դա տարուղղված ուժերի եւ էներգիայի բախում է, որոնցից առաջանում են խորտակման, ցասումի, անկման, մահվան կերպարներ:

Նկարների շարքն ավարտվում է «Նոր Աստվածություն»-ով. այն ինչ-որ խորանարդաձեւ, մեքենայատիպ, անկյունավոր բան է, որը ձողերի վրա տանում են անդեմ մարդկային ֆիգուրները: Ո՞ւր: Որպեսզի այն բարձրացնեն մեր դարի պատվանդանին հին աստվածների փոխարեն:

Արվեստաբան Վալերի Ժուկովը կարեւորում է հատկապես նկարչի սիմվոլիկ (խորհրդանշական) մտածողությունը: Ըստ նրաՙ աշխատանքներում ներկայացված է ոչ թե իրական կերպարի պատկերը, այլ սիմվոլը (խորհրդանիշը), որոշակի հոգեվիճակի խորհրդանշանը: Միայն այդ տեսակետից կարելի է գտնել նրանց իրական ընկալումը: Այդ դեպքում նկարի ընդհանրացման ուժը բացում է զգացողության ռոմանտիկան, մարդկային ոգու ուժը: Նկարները դառնում են մեդիտացիայի նշաններ, որոնք, հեռացնելով ողջ անկարեւորը, բացահայտում են նրա խորքն ու ուժը: Ավագյանի գործերը հուզում, ցնցում են դիտողի զգացմունքները, գրում է արվեստաբան Ժուկովը: Նրանցում ուժ ու կիրք կա, վաղուց անցած նախնադարյան ժամանակների ավերիչ բնազդներ: Նրա աշխատանքների գաղտնիքը կանխատեսվածի եւ կամայականի, սպասելիի եւ պատահականի հավասարակշռությունն է:

Դրանք գրեթե միշտ ֆիգուրատիվ գործեր են, հեռու լուսանկարչությունից, բայց առարկայական ճանաչելիությունն անառարկելի է: Ծնվող զգացումների ուժը Ավագյանի յուրաքանչյուր աշխատանք դարձնում է ինքնաբավ եւ ավարտուն: Ընդամենըՙ մի քանի թեմաներ, եւ սյուժեների ու ձեւերի ինչպիսի բազմազանություն:

Այլաբանության լեզուն, եթե այն հասկանալի է, դիտողին ներքաշում է երկխոսության մեջ հեղինակի հետ: Սկզբում գուցե պետք է ստեղծագործության վերնագիրը կարդալ: Այն հակիրճ է, բայց ճշտորեն արտահայտում է պատկերի բովանդակությունը: Վերնագիրն ուղեցույց է յուրաքանչյուր աշխատանք հասկանալու համար: Նրա բովանդակությունը դիտելու ցանկություն է ծնում եւ օգնում հասկանալու հեղինակի ակնարկներով արված մտահղացումը: Երբ բովանդակությունը գրեթե բացահայտված է, գծերի քաոսը եւ կիսաերանգների մոլեգնությունը միատեղվում են մտահղացման ամբողջական ընկալման մեջ, եւ պատկերում ըմբռնում ես մարդկային կրքերի եւ ֆանտազիայի ռոմանտիկական էպոսը:

Ավագյանն ինչ-որ բանով հիշեցնում է ռուս խոշոր նկարիչ Վասիլի Կանդինսկուն, շարունակում է արվեստագետը: Իհարկե, խոսքը գունապնակի մասին չէ, ոչ էլ նրբության, բայց անսովորը (հեքիաթայինը) նրանց համար ընդհանուր է: Բայց եթե Կանդինսկու գործերում հեքիաթայինը ռուսարեւելյան է, ապա Ավագյանի կտավներում այն մարդկային քաղաքակրթության հնագույն դիցաբանությունն է: Նրա մարտական սյուժեներում ցնցում է իրադարձության դինամիկան: Դրանք գրաֆիկայով արտահայտված Խաչատրյանական «Սպարտակի» ակնթարթներ ենՙ նույն հաստատակամությունը, նույն լարվածությունը, նույն ձգտումը, նույն դրամատիզմը: Կենտավրոսներ, մինոտավրոսներ, ամազոնուհիներ, գլադիատորական մրցահրապարակների անվախ զինվորներ, առասպելական հերոսներՙ այդ ամենում խտացված դրամաՙ անցյալ ժամանակների զենք ու զրահով:

Նրա սիրած մյուս թեման մարդու մարմնի գեղեցկությունն է: Այն մեկնաբանում է որպես բնության բարձրագույն, կատարյալ ստեղծագործություն: Ընդամենը մի քանի շտրիխներով, մի քանի գծերով եւ ընդգծված կոպիտ, կարծես պատահական տոնավորմամբ ստեղծում է բացարձակ ֆիզիկական, բնութագրական կերպար, ծավալում տիեզերական մասշտաբի զգացողությունների իրադարձություն: Այս նկարչի համար իրականությունը զուտ առիթ է դիտողի հետ դրամատիկական, կրքոտ հանդիպման համար, եզրափակում է արվեստագետը:

Ավագյանը 1985-ին անդամագրվել է Երիտասարդ նկարիչների միությանը, 1995-ին նրա գործերը ցուցադրվել են Մոսկվայի նկարիչների կենտրոնական տանը, 1996-2001-ինՙ շվեյցարական «Մարտին» արվեստի ցուցասրահում, որտեղ 2001-ին նա ունեցել է նաեւ անհատական ցուցահանդես: 2002-ին դարձել է Միջազգային գեղարվեստական ֆոնդի անդամ, հաճախ ցուցադրվել Մոսկվայի Մանեժում ու Նկարիչների կենտրոնական տանը: 2010-ին որմնանկարներով ձեւավորել է Հայկական մշակույթի կենտրոնը Մոսկվայի Կապոտնյա շրջանում, 2011-ին պատկերազարդել Աֆանասեւի ռուսական հեքիաթները, 2012-ին ստեղծել է Միխայիլ Բուլգակովի «Վարպետը եւ Մարգարիտան» վեպի պատկերազարդումների շարք:

Վահան Ավագյանի ստեղծագործությունների զգալի մասը գտնվում է Ամերիկայում, Գերմանիայում, Շվեդիայում, Ավստրիայում եւ Ռուսաստանումՙ հիմնականում մասնավոր հավաքածուներում:

Դժվար է ասել, թե Վահանի ճակատագիրն ինչպես կդասավորվեր, եթե մնար ու ստեղծագործեր Երեւանում եւ այստեղ ստեղծեր իր գույնն ու ձեռագիրը: Սակայն, ինչպես տեսնում եք, այդպես չեղավ եւ գուցե մեծ աշխարհի մեծ ճանապարհ փնտրելու նպատակով տեղափոխվեց Մոսկվա, ինչը, ըստ էության, իրականացել է: Այդուհանդերձ, իմ լավ բարեկամին ուզում եմ հիշեցնել, որ հայրենի հողի ուժն ավելի քան զորավոր է եւ անկասկածելիորեն կարող է դառնալ նոր նվաճումների անսպառ աղբյուր:

Թերեւս եկել է տունդարձի ժամանակը:

Նկար 2. «Նոր Աստվածություն» (2009 թ.)

Նկար 3. «Օրփեոսն ու Սիզիփոսը» (2007 թ.)

Նկար 4. «Երեք դեմք» (2007 թ.)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԱԼԻՔ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՀԵՌՈՒ ՉԵՆ

Հաջորդ գրառումը

Աշոտ Ապրեսյանը մահվանից առաջ ասել է, որ իր դեմ որս է սկսվել (ձայնագրություն)

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
Հաջորդ գրառումը

Աշոտ Ապրեսյանը մահվանից առաջ ասել է, որ իր դեմ որս է սկսվել (ձայնագրություն)

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական