Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ ՆՈՐ ԳԱՐՈՒՆՆԵՐ ԴԵՌ ՇԱՏ ԿԲԱՑՎԵՆ

ԼԱՈՒՐԱ ՕՍԻՊՅԱՆ

Արցախը վիրավոր է, բայց եւ կանգուն, իսկ Արցախից եկած արցախցու ոգինՙ անկոտրում:

Արդեն մեկ ամսից ավել է, ինչ շարունակվում են ադրբեջանաթուրքական եւ վարձկանական անմարդկային ռազմական գործողություններն Արցախում:

Թիրախի տակ հայտնվեցին նաեւ խաղաղ բնակավայրերը եւ անմեղ, անզեն բնակչությունը: Այդ ընթացքում արցախցիների մեծ մասը տեղափոխվեցին Հայաստան, ինչպես Հայաստանն իր որդիներին ուղարկեց հայրենիք պաշտպանելու, այնպես էլ հյուրընկալ թեւերը բացեց Արցախից եկած բնակչության համար:

Ինչպես Հայաստանի շատ վայրերում, Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում ժամանակավոր բնակություն է հաստատել Արցախից եկած երեք ընտանիք:

Նելլին, որ չորս երեխաների հետ է Արցախից եկել ասում է.

-Ամեն օր այն հույսով եմ արթնանում, որ պետք է լուր հայտնեն, ու բոլորս գնանք մեր տները, մեր հողում ապրենք:

Նելլիի խոսքով իրենց գործերը կիսատ են մնացել. ճիշտ է, բերքը այս տարի այնքան էլ լավ չի եղել, բայց քրտինք են թափել աչքիս:

Նելլիի ընկերուհինՙ Ինգան պատմեց, որ ամուսնու հետ խոսելիս ասել է.

– Հայաստան եկողի հետ երեխեքի վերմակներն ու ծածկոցները կուղարկես: Բայց ամուսինն ասել է.

– Ոչ մի բան էլ չեմ ուղարկելու, մեր տան իրերը իրենց տեղից չեմ շարժի, դու էլ հո չե՞ս տեղափոխվում… Էսա հետ եք գալու:

Ինգան ժպտաց, ժպիտի վրա գլորվեցին արցունքները աչքերից:

– Ասել էի, էլ չեմ լացելու, բայց դե փաստորեն Էլի ա արցունք մնացել:

Եվ ողջ հայ ազգը այս օրերին մեծ ցավ ունի ծանրացած իր սրտին, եւ այդ ամենի հետ հանդերձ թախիծը թաքցնում է ժպիտի հետեւում, որովհետեւ սպասում է հույսով եւ հավատով:

Ու երբ թշնամին ռմբակոծում է ծննդատունը, այստեղՙ Հայաստանում արցախցի առողջ բալիկներ են ծնվում:

Մեր վանքերն է քանդում, մենք նոր ընտանիքներ ենք կազմումՙ վիրակապ դնելով քանդված վանքին:

Անտառներ է ոչնչացնում, մենքՙ բերք ու բարիք ենք ստեղծում: