Արդեն առիթ եղել է «Ազգի» էջերում անդրադառնալու պետության ձախողման ֆենոմենին, ինչու են պետությունների մի մասը հաջողում, մյուսները ձախողվում: Այս պարզ ճշմարտությունները պետք է հասկանանք, մեր երիտասարդ պետություններինՙ ՀՀ-ին ու ԱՀ-ին, նմանատիպ սխալներից ձերբազատելու եւ առաջ տանելու համար:
Նշեմ, որ ձախողված պետություն հասկացողությունը խարան չէ, եւ շատ են եղել դեպքեր, երբ պետություններին հաջողվել է ոտքի կանգնել եւ դառնալ առաջատար, ու հակառակըՙ հաջողված պետություններ ձախողվել են ու միացել անհաջողակների բանակին: Հաջողությունների ու հատկապես անհաջողությունների այս պատմությունները պետք է ուսումնասիրել հասկանալու համար, թե ինչ ընդհանրություններ եւ օրինաչափություններ կան այդ երեւույթի մեջ:
Ընդհանրապես համարվում է, որ անհաջողության են մատնվում այն պետությունները, որոնք ընտրում են զարգացման այսպես կոչված Արեւմտյան ուղին: Արեւմտյան ուղու «ընտրությունը» պայմանավորված է այդ պետությունների գրանցած հաջողությամբ եւ դրանց փորձը այլ երկրներում կրկնօրինակելու ցանկությամբ:
Որպես կանոն կրկնօրինակման տարբերակները չեն աշխատում, եթե դրանք հիմնված չեն նույն այդ Արեւմտյան աշխարհակարգի արժեհամակարգի վրա: Սակայն, եթե կրկնօրինակել մեխանիզմները հնարավոր են, ապա կրկնօրինակել արժեքները հնարավոր չէ, քանի որ տարբեր ազգերի մոտ առաջանում են ներքին հակասություններ, շատ դեպքերումՙ ազգային-էթնիկ ինքնության, մշակութային ինքնաճանաչման խնդիրներ, որոնք վաղ թե ուշ վերածվում են ներքին թշնամանքի ու հակամարտությունների, ազգային պառակտման եւ նույնիսկ բախումների:
Այն պետությունները, որոնք ընտրում են զարգացման այլ ուղիներ, որոնք թեկուզ եւ նախկինում համարվում էին հաջողված, ապա որպես կանոն ձախողվում են. կրկնել հաջողված պետություններին անհնար է: Այդ կրնօրինակման փորձերը հանգեցնում են կառավարման արեւմտյան տիպի եւ ներքին էթնո-ազգային արժեքների հակասությանը, սրանից բխող հեռահար ու վտանգավոր հետեւանքներով:
Օրինակ, ժամանակին, դեռ անցյալ դարի 50-60 ական թվականներին, Աֆրիկյան մի շարք պետություններՙ Նիգերիան, Զամբիան, Հարավ Աֆրիկյան Հանրապետությունը համարվում էին հաջողված պետություններ: Վերջիներս ունեին հզոր տնտեսություն, հաջողված քաղաքական վերնախավ, որպես կանոն սպիտակամորթներից կազմված, որոնք այդ երկրները վերածել էին Աֆրիկայի առաջատար պետությունների եւ այդ մայրցամաքին ապահովում էին գյուղատնտեսական ապրանքներով:
Տեղի ունեցած ներքաղաքական գործընթացների հետեւանքով եւ Արեւմուտքի ակտիվ աջակցությամբ, այդ պետություններում իշխանության եկած սեւամորթ մեծամասնությունը, չունենալով արժեհամակարգային այն սկզբունքները, որոնք դավանում էին սպիտակամորթ տեղաբնիկները, կարճ ժամանակում մսխեցին առկա առավելություններըՙ լիակատար ձախողման մատնելով այդ պետություններին: Ներկայումս Նիգերիան, Զիմբաբվեն (նախկին Զամբիան) ամենաաղքատ պետությունների ցուցակի առաջատարներն են, նույն ճանապարհով է շարժվում նաեւ Հարավ-աֆրիկյան Հանրապետությունը:
Նույն դարի 50-60-ական թվականների ամենաաղքատ երկրների շարքում էին ասիական պետություններըՙ Ճապոնիան, որը դեռ ուշքի չէր եկել Երկրորդ աշխարհամարտում պարտությունից, Չինաստանը, Կորեան, Հնդկաստանը եւայլն: Այսօր ասիական այդ պետությունները զարգացման իրենց տեմպերով աշխարհի առաջատարներն են ու հավակնում են մրցել արեւմտյան երկրների հետ:
Ասիական այդ պետությունները զարգացման համար որդեգրեցին քաղաքակրթական այն հենքը, որի հիմնադիրներն իրենք էին: Շատ բաներ սովորելով Արեւմուտքից, նրանք չդարձան դրան գերի, այլ այն մեկնաբանեցին ելնելով իրենց արժեհամակարգից եւ ընտրեցին զարգացման միմիայն իրենց բնորոշ ուղին, չկրկնօրինակելով եւ ոչ մեկին:
Զարգացման նման մոտեցումը ժամանակ անց տվեց իր արդյունքը, եւ այդ երկրները դարձան աշխարհի առաջատարները ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական առումով: Ասիական երկրների հաջողության հիմքում հավատն էր սեփական քաղաքակարթությանը, դրանից բխող արժեհամակարգին եւ նվիրվածությունը սեփական պատմությանը:
Չինացիներն ասում ենՙ «ով չի հիշում իր պատմությունը, դատապարտված է կրկնել դրա սխալները»: Սեփական պատմության ու դրա դասերով առաջնորդվող երկրները չեն կարող ձախողվել, քանի որ իրենց զարգացման հիմքում իրենց իսկ քաղաքակրթական հենքն է, որը ձեւավորվել է դարերի եւ նույնիսկ հազարամյակների ընթացքում: Սեփական քաղաքակրթության վրա հենվող ազգերը «դատապարտված» են հաջողության, երբ չեն հրաժարվում սեփական ես-ից, հանուն կեղծ արժեքների, ապա հաջողությունը վաղ թե ուժ թակում է նրանց դուռը:
Երբ տարիներ առաջ ստեղծվեց աշխարհի առաջատար պետությունների մեծ յոթնյակըՙ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Ճապոնիա, Իտալիա, Կանադա, ապա նրանք միասին վերահսկում էին աշխարհի ՀՆԱ-ի 50 տոկոսը: Այսօր այդ պետությունների «մասնաբաժինը» համաշխարհային տնտեսության մեջ հազիվ հասնում է 25 տոկոսի:
Ասիական պետությունները, Չինաստանի գլխավորությամբ, փոխում են համաշխարհային տնտեսության աշխարհակարգը, ինչը ստիպում է արդեն հայացքները ուղղել դեպի այդ երկրներ, հասկանալու համար, թե ինչպես նրանց հաջողվեց այսքան կարճ ժամանակում նման հաջողություն գրանցել: Չինական ֆենոմենի հիմքում հենց այդ ժողովրդի ազգային արժեհամակարգն էր ու նրա քաղաքակրթական պատմական հենքը:
Ի հակադրություն ասիացիների, ԽՍՀՄ-ի քայքայումից հետո, սոցիալիստական ճամբարի պետությունները, չնայած միլիարդավոր ներդրումների ու խոստումների, այդպես էլ չկարողացան, անցած 30 տարիների ընթացքում, կրկնել «ասիացիների» հաջողությունները: Արեւելաեվրոպական պետությունները շարունակում են մնալ Եվրոպական մայրցամաքի անհաջողակների առաջատարը, նույնիսկ նրանց չհաջողվեց կրկնօրինակել իրենց արեւմտյան գործընկերների հաջողությունը:
Այսինքն զարգացման եւ հաջողության համար հարկավոր է նախ եւ առաջ չհրաժարվել սեփական պատմությունից, արժեքներից, կրոնա-էթնիկ պատկանելիությունից եւ, որ ամենակարեւորն է, քաղաքակրթական այն հենքից, որի շուրջ էլ կառուցվել ու ձեւավորվել է տվյալ ազգը: Երբ պետության զարգացման հիմքում չի դրվում սեփական պատմությունը, նրա ազգային, մշակութային ու կրոնական արժեքները, ապա անկախ դրսից ներդրված լավագույն փորձին, այդ երկրները դատապարտված են ձախողման:
Անկախ Հայաստանի պատմության ընթացքում պետության կառուցման գործում առկա անհաջողության ընկալման պատճառներից մեկը, սեփական արժեհամակարգի ու պատմության փոխարեն, այլ արժեքներով ու քաղաքակրթությամբ առաջնորդվելն է: Մեզ այդպես էլ չի հաջողվում կառուցել հայ, ազգային-էթնիկ սկզբունքներով առաջնորդվող, մեր պատմությունից, կրոնական պատկերացումներից ու դրանցից բխող բարոյահոգեբանական սկզզբունքներով առաջնորդվող պետական համակարգ: