Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

ԱՂԱՎՆԱՁՈՐՈՒՄ ԿԼՈՒԾՎԻ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ՏԱՆ ԵՎ ԹԵՔԱՀԱՐԹԱԿԻ ԽՆԴԻՐ

Կիսամութ սենյակներՙ սահմանափակ պատուհաններով ու քանդված պատերով, կաթացող տանիք, կիսավեր պատշգամբ, փայտյա թեքահարթակ եւ էլի խնդիրներ… Բաբայանները տան շինարարության խնդիր ունենՙ տեւական ժամանակ: Ավելի քան չորս տասնամյակ առաջ կառուցված տունը հոգատար ձեռքերի անհրաժեշտություն ունի: Ընթացիկ գործեր այս տանն արվել են, սակայն կառույցի հիմնանորոգման կարիք, այնուամենայնիվ, կա: Առանց աջակցության խնդիրը չի լուծվի: Պատճառներն օբյեկտիվ են. տան ավագ որդինՙ Ալիկը, տեղաշարժվում է անվասայլակով: Դժբախտ պատահարի հետեւանքով, նման վիճակում է հայտնվել տասներեք տարի առաջ: Թեեւ կրտսեր եղբորՙ Արծրունի հետ, աշխատում են, սակայն վաստակածով լուծում են միայն առօրյա հոգսերը: Ամուսնու անժամանակ կորստից հետո, որդիներին միայնակ մեծացրած մայրըՙ Սոնան, երազում է իր եւ ամուսնու ձեռքերով կառուցված օջախը նորից ամուր ու բարեկարգ տեսնել:

«Տունը կառուցել են ծնողներս: Ընթացքում առաջացած խնդիրները լուծվել են մասնակի: Սենյակներում կա լուսավորության խնդիր: Նոր պատուհաններ բացելու, իսկ հներըՙ փոխելու անհրաժեշտություն կա: Պատշգամբը որոշ հատվածներում քանդվում է: Կա նաեւ տանիքի խնդիր, որը մասնակի ենք լուծել: Թեքահարթակս փայտից է եւ վաղ թե ուշՙ շարքից դուրս կգա: Ձմռանը տեղաշարժվելու խնդիր կունենամ: Եվ առհասարակՙ եթե քայլեր չձեռնարկենք, ապա տարիների ընթացքում տունը կփլուզվի»,-ասել է ավագ որդինՙ Ալիկը :

«Մեր տունն անձրեւաջրերի հեռացման համակարգ չունի: Դրա հետեւանքով պատերը տարիներ շարունակ խոնավացել են ու սկսել քանդվել: Արդեն տասնհինգ տարի այդ վիճակն է: Վերակառուցելու հնարավորություն չենք ունեցել: Խնդիրն այդպես էլ մնացել է: Իմ երազանքն էՙ օջախս նորից լուսավոր ու մաքուր տեսնել»,-ասել է ընտանիքի մայրըՙ տիկին Սոնան :

Բաբայանների տան խնդիրը հայտնվել է բնակարանաշինության ծրագիր իրականացնող գործընկերների ուշադրության կենտրոնում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ, մինչեւ տարեվերջ, Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում ապրող այս ընտանիքին կհաջողվի լուծել տարիների խնդիրը: