Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

ԿԱՆՑԿԱՑՎԻ «ԻՄ ՔԱՅԼԸ ՀԱՆՈՒՆ ՇԻՐԱԿԻ» ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 20-ին Գյումրիում կանցկացվի «Իմ քայլը հանուն Շիրակի» գործարար համաժողով: Ինչպես նշվում է այս մասին հրապարակված տեղեկատվությունում, այն նպատակ ունի ստեղծել հարթակ, որը կնպաստի մարզի տնտեսության եւ համայնքների զարգացմանըՙ տեղի եւ օտարերկրյա գործարարների միջեւ բազմակողմ փոխշահավետ համագործակցության միջոցով:

Կազմակերպիչների գնահատմամբ, համաժովը հնարավորություն է ստեղծում ներկայացնելու մարզի տնտեսական ներուժը, զարգացման հեռանկարները եւ հստակ ոլորտային ներդրումային նախագծեր: Այս առումով որպես տեղի ոլորտային ուղղություններ նկատի են առնվել տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերությունը, զբոսաշրջությունը եւ գյուղատնտեսությունը:

Ֆորումը կբացվի մարզի արտադրանքի ու ծառայությունների ցուցահանդեսով, կլինեն ելույթներ ու քննարկումներ, ըստ պայմանավորվածությանՙ կներկայացվեն մոտ հինգ տասնյակ ներդրումային ծրագրեր:

Հուսանք, որ սա չի լինի վերջին հաշվով ոչ մի էական հետք չթողնող հերթական միջոցառում, որպիսիք բոլոր այս տարիների ընթացքում ցավալիորեն շատ են տեսել Գյումրին ու Շիրակը:

Համաժողովում նախատեսված է նաեւ ՀՀ վարչապետի ելույթը: