Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՆԱՄԱԿՙ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ

ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ

Մեծարգո խմբագիր,

Չգիտեմ, թե սույն գրությունս որքանով է պատշաճ ու հարիր այս «տաք» օրերին, բայց որ կարծիքս, զգացողություններս, բավարարվածությունս, հպարտությունս, ուրախությունս այս պահին հորդում է եւ չեմ կարողանում դիմակայել Ձեր թերթին գրելու ցանկությանս:

Երեկՙ 24 հոկտեմբեր, հեռուստաալիքներով լսեցի աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող, Հայաստանի հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը եւ հարցազրույցը: Ինչպես ասում ենՙ յոթերորդ երկնքում էի, քանզի Կարեն Դեմիրճյանից հետո իմ երկրի ղեկավարներից որեւէ մեկին, միջազգային ատյաններում ներկայանալու դեպքում հպարտության զգացողություն չէի ունեցել:

Ինքս ինձ եւ այլոց թեկուզ մտքումս ասում էիՙ սա ի՛մ ղեկավարն է, իմ հանրապետության թիվ մեկ մարդը, սա ես եմ, սա է իմ երկրի դեմքը:

Ահա երազած, սպասված առիթ, իմ նախագահն է խոսում ինքնավստահ, փայլուն անգլերենով, առանց ուսուցչի ցուցամատի, առանց դառը ժպիտի ու ոչ մե՛կ ֆլեգմատիզմով:

Եթե անդրադառնամ նյութինՙ խոսքս քաղաքական երանգ կստանա, ուստի ասեմ, որ ես գնվեցի, քաղաքակիրթ, ինքնատիրապետման պահվածքով, իր տեղում լինելու փաստով, առավելեւս իր տեղում լինելու վրա զարմացած չլինելով:

Գերագույն պահեր ապրեցի, երբ խոսք գնաց Էրդողանի հետ հնարավոր զրույցի մասին: Առաջին պլան եկավ մարդը, բանական արարածը, քրիստոնյա, անպաճույճ մաս մաքուր խոսքով ու հայացքով, եւ ինչ լավ կլիներ, որ բոլոր ղեկավարներն այդպիսին լինեին:

Տողերս գրվում են այն մտահոգությամբ, որ «ներբողը» արժեք է ունենալու, բայց թե Դուք թե՛ ենթական լավ գիտեք, որ ոչնչի սպասելիք ունեմ, ութսունի սահմանն անցած, հրաժեշտի պատրաստ եւ գուցե այդ պատճառով անշահախնդիր: