ԳԱՅԱՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Երեւան-Բեր Ձոր-Կարբի-Գյումրի-Ստեփանավան
Ասում ենՙ եթե որոշել ես օգնել եւ օգնում ես, ապա պատասխանատվություն ես ստանձնում այդ որոշման համար: Այդպես էլ Ամերիկայի եւ Կանադայի «Թեքեյան մշակութային միություն» մեծ ընտանիքը շուրջ 18 տարի շարունակ ստանձնել եւ շարունակում է իր բարեգործական ծրագրի իրականացումը Հայաստանում եւ Արցախում Վահան Թեքեյանի անունը կրող 5 դպրոցներում:
Ամեն տարի սփյուռքի մեր հայրենակիցները այցելելով դպրոցներՙ ուսուցիչներին եւ օժանդակ աշխատակիցներին են հանձնում «Ուսուցիչ մը հովանավորէ» ծրագրի շրջանակներում հանգանակված նյութական աջակցությունը:
Այս տարի բարեգործական ծրագիրը իրականացվեց մայիսյան եռատոների եւ հատկապես Սարդարապատի հերոսմարտիՙ Առաջին Հանրապետության 100-ամյակի տոնակատարություններին ընդառաջ: Հայաստան էին այցելել սփյուռքահայ թեքեյանցիներՙ մասնակցելու համազգային ուրախությանը:
Գեւորգ եւ Սիլվա Քյոշկարյանները (ԱՄՆ, Լոս Անջելես) առաջին անգամ էին այցելելում Արցախի Բեր Ձորի դպրոցի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 դպրոց: Որքան հիացած էին Արցախի չքնաղ բնությամբ, նույնքան տխրեցինՙ երբ ներս մտան դպրոց: Տեսնելով դպրոցի տնօրենՙ Անահիտ Քոսակյանի եւ աշակերտների ուրախ դեմքերը, նրանք մոռացան առաջինից երրորդ հարկ ձգվող խոնավ պատերն ու առնվազն 50 տարվա ավերված մանրահատակը: Աշակերտները իրենք ցույց տվեցին վերջին 1.5տարում վերանորոգված եւ լուսավոր 4 դասարանները, պատմեցին դպրոցական առօրյայի, նոր կրթական ծրագրերի մասին: Հյուրերից ուսուցիչները շնորհակալությամբ եւ երախտիքի խոսքերով ստացան ընծաները եւ անկեղծ պատմեցին դպրոցի կարիքներից, այն որ ՙ ջուր չունենալու պատճառով աշակերտները մինչեւ օրս օգտվում են դպրոցի բակի բացօթյա զուգարանից, վերանորոգման եւ կահավորման խիստ կարիք ունի նիստերի դահլիճը, ոչ բարվոք տանիքի պատճառով անձրեւաջրերը մշտապես ողողում են հատկապես երրորդ հարկի բորբոսով պատված դասարանները…
Երեւանի Վահան Թեքեյանի անվան համար 92 դպրոց այցելեց ԱՄՆ եւ Կանադա ԹՄՄ Կենտրոնական վարչության նախագահ Երվանդ Ազատյանը (ԱՄՆ, Դետրոյթ) ուղեկցությամբ վարչականներՙ Հակոբ Վարդիվարյանի (ԱՄՆ, Նյու Յորք), Գեւորգ եւ Վարդիթեր Մարաշլյանների, Արամ Արքունի (ԱՄՆ, Բոստոն): Թեքեյանցիները ուսուցիչներին շնորհակալական խոսքերով էին հանձնում նրանց նվերները. Նրանք էլ իրենց հերթին էին շնորհակալություն հայտնում գնահատված լինելու համար: Տնօրենուհի Ծովինար Մարդանյանը հպարտությամբ էր խոսում աշակերտների հաջողությունների, օլիմպիադաներում նրանց նվաճումների մասին: Այս ամենով հանդերձ, անհրաժեշտ է նորոգել նախակրթարանը, հիմնովին վերացնել բուֆետի հակասանիտարական վիճակը:
Կարբիի` մասնակցությամբ Հակոբ Վարդիվառյանի եւ Վարդիթեր Մարաշլյանի, Գյումրու եւ Ստեփանավանի Վ. Թեքեյանի անվան դպրոցների այցելությունների օրերին դպրոցներում տեղի էր ունենում Վերջին զանգի արարողությունը: Ուսուցիչներին հղված աշակերտների շնորհակալություններին ու գնահատանքներին միացան նաեւ հյուրերը: «Երախտապարտ ենք ձեզՙ ձեր ներդրման, անմնացորդ նվիրումի համար, դուք եք, որ համբերատար դաստիարակում ու կրթում եք մատաղ սերնդինՙ պատրաստելով նրանց մուտքը նոր կյանք», իր խոսքում կարեւորեց Հ. Վարդիվառյանը: Կարբիի դպրոցի տնօրեն Արսեն Օհանյանը հյուրերին ուղեկցեց եւ ցույց տվեց դպրոցի հանդիսությունների սրահի աթոռները, որոնք 10 տարի առաջ նվիրաբերվել էին ԱՄՆ-ի եւ Կանադայի ԹՄՄ կենտրոնական վարչության գործադիր տնօրեն Մարօ Պետրոսյանի ընտանիքի կողմից, սակայն այսօր առավել հրատապ է դարձել դպրոցի տանիքի վերանորոգումը, որը կառուվել է 1973 թվականին:
Իհարկե դպրոցների պարբերաբար նորոգումները հրատապություն են ենթադրում եւ մեր բոլորի կողմից ցուցաբերվող սրտացավությունն ու հոգածությունը, շարունակվող նպատակային ներդրումները իրապես եւ որոշակի կերպով նպաստելու են վաղվա Հայաստանի քաղաքացու համար բարեկեցիկ ուսումնական միջավայրի ստեղծմանը: