«Հունիսի 24-ին նախատեսված նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների շեմին դատական հետապնդումներն ընդդեմ քրդամետ ժողովրդադեմոկրատական կուսակցության (HDP) անդամ, պատգամավոր Կարո Փայլանի շարունակվում են», գրում է Ամբերին Զամանը «Ալ Մոնիտորում»: Դրանք մեծ մասամբ հիմնված են 299 եւ 301 հայտնի հոդվածների վրա, որոնք պատիժ են սահմանում թուրք ազգին եւ նախագահին վիրավորանքներ հասցնելու համար: Հետապնդումները հատկապես ուժեղացել են ծայրահեղ աջակողմյան առաջնորդ Դեվլեթ Բահջալիի հետ Էրդողանի կազմած կոալիցիայից հետո: HDP-ի ինը օրենսդիրներ, ներառյալ կուսացկության կողմից առաջադրված նախագահական թեկնածու Սելահադդին Դեմիրթաշը, ներկայիս բանտարկված են:
«Իմ դեմ ուղղված մեղադրանքները զարմանալի չէին: Բահջալիի հետ համագործակցելուց հետո մթնոլորտը փոխվեց եւ հստակ նշաններ կային դրանց համար», ասել է Փայլանը «Ալ Մոնիտորին», ավելացնելով, որ ճանաչված գործարար եւ խաղաղության ու ազատ արտահայտվելու ջատագով Օսման Կավալայի ձերբակալումը նույնպես կապված է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հետ:
Ըստ Կոլումբիա համալսարանի դասախոս Խաչիկ Մուրադյանի , որը Օսմանյան շրջանի մասնագետ է, Թուրքիան մի առիթ եւս կորցրեց (2009-ից հետո) կարգավորելու իր հարաբերությունները Հայաստանի հետՙ ընթացիկ թավշյա հեղափոխության ժամանակ: «Փոխարենը կառավարությունը, Հրանտ Դինքի արյունով շաղախված 301 հոդվածովՙ այժմ ընկել է Փայլանի հետեւից», նշել է Մուրադյանը:
Հետապնդումները դատապարտել է Եվրոմիությունը: Եվրոխորհրդարանի Թուրքիայի հարցերով զեկուցագրող Կատի Պերին «անընդունելի» է համարել դրանք: «Հիմնական ազատությունների եւ իրավունքների դեմ ուղղված այդ շարժումը դատապարտելի է: Եթե ժողովրդի կողմից ընտրված պատգամավորը չի կարող արտահայտել իր կարծիքը, էլ ուր մնաց, որ հասարակ ժողովուրդը կարողանա», նշել է նա «Ալ Մոնիտորին»:
Իսկ Փայլանը վճռական է տրամադրված, ըստ թերթի:
«Նրանք փորձում են լռեցնել ինձ բայց չեն հաջողելու», ասել է նա: