ՀԺԿ ՄԱՄՈՒԼԻ ՕՐԳԱՆՆԵՐԸ` «ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆ»

4

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ

Հայոց պետականության կերտման ու կայացման գործում մեծ ներդրում ունեցած կուսակցություններից է Հայաստանի Առաջին Հանրապետության գոյության ողջ ընթացքում ՀՅԴ-ից հետո երկրորդ ամենահզոր քաղաքական ուժ Հայ Ժողովրդական կուսակցությունը (այսուհետեւ` ՀԺԿ): Կուսակցությունը նշանավոր մտավորական Համբարձում Առաքելյանի նախաձեռնությամբ «Մշակ» թերթի շուրջ համախմբված մտավորականության եւ Թիֆլիսի գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ հիմնադրվել է 1917 թ. ապրիլի 11-ին Թիֆլիսում:

Ինչպես յուրաքանչյուր կուսակցություն, այնպես էլ ՀԺԿ-ն, իր քաղաքական հավատամքը, նպատակներն ու դրանց հասնելու միջոցները ներկայացնելու, դրանք ժողովրդի սեփականությունը դարձնելու, ընթացիկ կարեւոր իրադարձությունների նկատմամբ կուսակցության վերաբերմունքը պարզաբանելու, ինչպես նաեւ քարոզչական գործունեությանը զարկ տալու նպատակով 1918 թ. սեպտեմբերի 1-ից արեւելահայ կյանքի կենտրոն Թիֆլիսում սկսեց լույս ընծայել «Ժողովրդի Ձայն» հասարակական, քաղաքական, գրական օրաթերթը: Պարբերական, որը զարմանալիորեն դուրս է մնացել ուսումնասիրողների տեսադաշտից եւ ցարդ ոչ մեկը ոչինչ չի գրել այդ թերթի մասին:

Թերթի հրատարակիչը Հայ Ժողովրդական կուսակցությունն էր: Այն ստորագրվում էր` խմբագրական կոլեգիա, սակայն որոշ անհատներ (Գ. Մելիք-Ղարագյոզյան, Տ. Հախումյան) հաճախ էին խմբագրականներ հեղինակում: Թերթը տպագրվում էր «Մամուլ» տպարանում, որը գտնվում էր Լորիս-Մելիքյան փողոցի թիվ 22 հասցեում: Մեծ թվով հայ եւ օտարազգի մտավորականներ ողջունեցին «Ժողովրդի Ձայնի» հրապարակ իջնելը եւ բարի երթ մաղթեցին պարբերականին:

Դրանով «Վերջապէս իրականանում էր Հայ Ժողովրդական Կուսակցութեան վաղեմի իղձը եւ նրա անդամներն այսուհետեւ լիակատար հնարաւորութիւն են ստանում արտայայտելու իրենց հայեացքներն ու հասկացողութիւնները այն բազմատեսակ հրատապ հարցերի մասին, որոնցով այնքան լի է մեր ժամանակը»: Խմբագրակազմի ներկայացմամբ թերթն անշեղորեն հետեւելու է կուսակցության ըմբռնումներին, լուսաբանելով եւ ցույց տալով այդ ըմբռնումների իրավացիությունն ու օգտակարությունը հայ ժողովրդի համար:

ՀԺԿ-ն պարզ եւ որոշակի հայտարարում էր, որ ազգային կուսակցություն է եւ իր նպատակն է ամբողջ հայ ժողովրդի եւ նրա ազգային ողջ մշակույթի պաշտպանությունը քաղաքական միջոցներով: Միաժամանակ «չթաքցնելով» ազգային նպատակները, կուսակցությունը քննադատաբար էր վերաբերում «նեղ ազգայնականութեանն ու շովինիզմին» եւ համոզված էր, որ հայ ժողովուրդը բոլոր հարեւան ազգերի հետ կարող է համերաշխ ապրել: Իսկ ինչ վերաբերում էր Անդրկովկասին, ապա կուսակցությունը գտնում էր, որ տարածաշրջանի երեք գլխավոր ժողովուրդները կարող են եւ պետք է միասնաբար գործենՙ երկրամասը ստեղծված բարդ քաղաքական եւ տնտեսական կացությունից դուրս բերելու համար: Պարբերականի տեսաբաններն արձագանքելով վրացական իշխող շրջանակների ձայնափող «Գրուզիա» ռուսալեզու թերթի հայտնած այն կարծիքին, որ ՀԺԿ-ն ու իր «Ժողովրդի Ձայնը» լինելով հայ բուրժուազիայի խոսափողըՙ անտեսում են հարեւան ժողովուրդների շահերը, մերժում էր այդ տեսակետը. «Մենք ուրախ կլինենք,- գրում էին նրանք, որ վրաց շրջանների միջից երեւան գայ ազատամիտ, գործնական եւ ազգային` բայց ոչ շովինիստական մի կուսակցութիւն, որի հետ ձեռք ձեռքի տուած, մենք կարողանայինք մի ընդհանուր երկրային քաղաքականութիւն վարել ի շահ մեր ժողովուրդների»:

Թերթի խմբագրակազմը շեշտում էր, որ երկրում ստեղծված արտակարգ պայմաններն ու բարդ քաղաքական իրավիճակը «ստիպում են աչալուրջ զգուշութեամբ վերաբերուել կեանքի բոլոր անցուդարձերինՙ աշխատելով գտնել նրանց պատմական-քաղաքական հիմքը եւ արմատական պատճառները»: Մանրամասնելով, որ անկախ ժողովրդի մեծ կամ փոքրաքանակ լինելուց, նրա գոյությունը կախված չէ դասակարգային շերտավորումից կամ քաղաքական- տնտեսական պայքարից: Թերթը նշում էր, որ ավելի ազդեցիկ են «պետական եւ ազգայնական սկզբունքները, որոնց քննութեան եւ պարզաբանութեանն էլ նուիրուած կը լինեն «Ժողովրդի Ձայն»-ի էջերը»: Իսկ քանի որ հայ ժողովուրդը գտնվում է ծանր եւ ողբերգական վիճակում, ուստի խմբագրակազմի կարծիքով հնարավոր չէ անտեսել Հայաստանի վերաշինության եւ վերակենդանության հարցը, որի շուրջ պետք է համախմբվեն մեր ժողովրդի բոլոր մտավոր եւ բարոյական ուժերը, «որպէս զի հնարաւոր լինի մաքառել այն խորին յուսահատութեան եւ թերահաւատութեան դէմ, որ համակել է մեր ժողովրդին պատմական անօրինակ տարաբախտ պայմանների շնորհիւ»:

Իրենց նպատակին հասնելու գլխավոր միջոցներից մեկը թերթը համարում էր այն, որ ժողովրդի մեջ ամրապնդվի համոզմունք, որ միայն բոլոր հարեւանների հետ համերաշխ, խաղաղ աշխատանքը եւ անկեղծ բարեկամությունը հնարավորություն կտան «պատուով դուրս գալու այն փակուղիից, որի մէջ գտնւում հայութիւնը»: Թերթի հեղինակներն ընդգծում էին նաեւ, որ լինելով կուսակցական օրգան «Ժողովրդի Ձայն»-ը չի լինելու նեղ կուսակցական պարբերական: Այն անկախ կուսակցական պատկանելությունից խորը եւ լուրջ քննադատության կենթարկի հայ կեանքի բոլոր թերությունները եւ կջատագովի լավն ու կառուցողականը: Որովհետեւ «Ժողովրդի Ձայնի» նպատակը չէ լոկ կուսակցական պայքար մղել եւ ճշմարտութիւնը ճնշել յօգուտ զանազան «դասակարգային» եւ անհատական սկզբունքների, այլ ծառայել ճշմարտութեանն ու քաղաքակրթական յառաջադիմութեանը»: Միաժամանակ շարունակական պայքար մղելով գաղափարական հակառակորդների դեմ` հեռու մնալով ամեն տեսակ անձնական կամ կուսակցական խծբծանքներից:

Շատ քիչ դեպքերում տպագրվել են թերթի հավելվածներ, որոնք վերաբերել են կարեւորագույն իրադարձություններին կամ գործիչների: Օրինակ` հավելվածի ձեւով թերթի թիվ 57-ում տպագրված է ԱՄՆ-ի նախագահ Վիլսոնի ճառը:

Վերջապես «Ժողովրդի Ձայնը» իր նպատակն էր համարում նաեւ մտավոր ու հոգեւոր սնունդ տալ իր ընթերցողներին: Դրա համար էլ խոստանում էր իր էջերում զգալի տեղ հատկացնել նաեւ գեղարվեստական եւ պատմական-քննադատական հոդվածներին: Թերթելով պարբերականի բոլոր համարները համոզվում ես, որ գոյության բոլոր տարիներին թերթը պահպանել է իր այդ խոստումը եւ իր էջերում տեղ հատկացրել չափածո եւ արձակ համեմատաբար ոչ շատ ծավալուն ստեղծագործություններին: Դրանցում առանձնանում են Հ. Թումանյանի, Տ. Հախումյանի մեծախորհուրդ եւ ժամանակի ու իրավիճակի արգասիք քառյակները, Ազատ Վշտունու բանաստեղծությունները, Շիրվանզադեի գողտրիկ պատմվածքները եւ այլն: Շատ քիչ դեպքերում թերթում տեղ են գտել նաեւ զգալի ծավալ ունեցող ստեղծագործություններ, որոնք մաս-մաս տպագրվել են մի քանի համարներում:

Թերթի մշտական խորագրերից էին` «Պատերազմ», «Մեր կուսակցության մէջ», հայ, ռուսական եւ թուրքական «Մամուլ», «Հեռագրեր», «Թղթակցութիւններ», «Հայ-թուրքական յարաբերութիւններ», «Հայաստանի խորհրդարան», «Հայ Ժողովրդական կուսակցութեան պրոպագանդայի դասընթացներ», «Հայ գաղթականութեան վիճակը», «Օրուայ խնդիրները» եւ այլն: Խմբագրակազմի կողմից առանձնահատուկ ուշադրության էին արժանանում եւ հղումներ էին կատարվում Թիֆլիսի ռադիոկայանի հաղորդումներից: Նկատելի է, որ առաջին համարից սկսած աստիճանաբար զգալի տեղ էր հատկացվում գովազդին եւ հայտարարություններին: Ի դեպ, դրանք ավելանում էին ոչ միայն քանակով ու ծավալով, այլեւ ավելի հաճախակի էր դառնում առաջին էջում դրանց հայտնվելը, որը պայմանավորված էր նյութական գործոնով, քանի որ ավելի բարձր արժեք ունեին բառաշատ հայտարարություններն ու առաջին էջում տպագրվածները:

Թերթն արձագանքում էր գրեթե բոլոր կարեւոր իրադարձություններին եւ հայտնում իր մոտեցումները, որոնք հիմնականում բխում էին հայ ժողովրդի շահերից եւ համընկնում էին ՀԺԿ-ի ծրագրային դրույթներին: Այսպես, առաջին համարներից սկսած անդրադառնալով Ռուսաստանում տեղի ունեցող դարակազմիկ իրադարձություններինՙ թերթը մերժողական կեցվածք էր դրսեւորում բոլշեւիկյան Ռուսաստանի նկատմամբ: Արձանագրելով, որ Ռուսաստանի Ժողովրդական կոմիսարների կառավարության նախագահ Լենինի դեկրետով հրամայված է ցրել Ռուսաստանի բոլոր Հայոց Ազգային խորհուրդները, թերթը նշում է, որ Լենինը դա պատճառաբանում է այն հանգամանքով, որ «իբրեւ թէ այդ բոլոր կազմակերպութիւնները լինելով ճիւղեր Թիֆլիսի Հայոց Ազգային Խորհրդի եւ սննդուելով բուրժուական գումարներով, դաւեր են կազմում Խորհուրդների իշխանութեան դէմ, ոյժ տալով Ռուսաստանում հակայեղափոխական շարժման»: Ապա հոդվածագիրն ավելացնում է, որ այս ակտով մի նոր փաստաթուղթ է ավելանում Հայկական հարցի վերաբերյալ, որը «ինչպէս իրական կեանքը, անողոք կերպով յօդս է ցնդեցնում մեր բոլոր երազները»: Թերթի կարծիքով գլխավորն այն էր, որ տարաբախտ հայ ժողովուրդն ստանում էր մի նոր եւ ծանր հարված հենց այն երկրից, որից նա ամենից քիչն էր սպասում, եւ դեպի որը ամենից շատ էր հարում: Ավարտելով հոդվածագիրը գրում է, որ հայերի համար որպես մխիթարանք մնում էր հուսալ, որ դեկրետը հրատարակել է ոչ թէ ռուս ժողովրդը, այլ նրա խորթ զավակ բոլշեւիկյան իշխանությունը:

«Ժողովրդի Ձայնի» համար անչափ կարեւոր էր մատաղ սերնդին սովի ճիրաններից փրկելու եւ դաստիարակության խնդիրները: Թերթի առաջին էջում պարբերաբար տպագրվում էին հայտարարություններ «Հայ Ժողովրդական կուսակցութեան պրոպագանդայի դասընթացքներ» վերտառությամբ, որոնց նպատակն էր նպաստել կուսակցության գաղափարախոսության տարածմանն ու շարքերի մեծացմանը: Դասընթացները եւ դասախոսությունները մեկը մյուսից կարեւոր ու արդիական թեմաներով էին` «Մեր կուսակցութեան նպատակները եւ տակտիկան: Սոցիալիզմը եւ Հայ Ժողովրդական կուսակցութիւնը, Կուսակցութեան դերը քաղաքական կեանքում, Տեսութիւն ռուս կուսակցութիւնների, Դաշնակցութեան դերը հայկական վիճակի մէջ, Աւտոնոմիա, ֆեդերացիա, կոնֆեդերացիա, Հանրապետութիւն, սահմանադրական եւ կիսասահմանադրական միապետութիւն, Գիւղացիական հարցը հայկական կեանքում, Անդրկովկասի ժողովուրդների միութեան գաղափարը, Հայերը եւ միջազգային քաղաքականութիւնը, Մեր կուսակցութեան նախապատմութիւնը, Մեր կրթական գործը, Մեր գաղթականական հարցը, Հայկական հանրապետութիւնը քաղաքական, տնտեսական, վիճակագրական եւ աշխարհագրական տեսակէտից» եւ այլն: Բանախոսները հիմնականում կուսակցության անդամ մտավորականներ էին: Ինչպես օրինակ` Տ. Հախումյանը, Ստ. Մալխասյանը, Գ. Մելիք-Ղարագյոզյանը

ՀԺԿ-ի օրգանում իրենց հրապարակումներով հաճախ հանդես էին գալիս ինչպես կուսակցության անդամ, այնպես էլ ոչ կուսակցականՙ ժամանակի նշանավոր շատ մտավորականներ: Թերթի լույս ընծայման հատկապես առաջին շրջանում առանձնապես ակտիվ էին Լեոն, Շիրվանզադեն, Վահրամ Փափազյանը, Մանուկ Աբեղյանը, Հովհաննես Թումանյանը, Տիգրան Հախումյանը, Գրիգոր Ղափանցյանը եւ ուրիշներ: Իրենց հրապարակումներում որպես կանոն նրանք ներկայացնում էին հայ ժողովրդի օրհասական վիճակն ու կրած անհամար տառապանքները, սակայն չէին կորցնում լավատեսությունն ու ապագայի նկատմամբ լուսավոր հավատը: Օրինակ` պարբերականի մի քանի համարներում տպագրված Լեոյի «Փոքրիկ նամակներ» հոդվածաշարում հեղինակը մեծ ցավով արձանագրելով, որ «Կարսի անկումը կոտրեց հայ ժողովրդի մեջքը եւ մինչեւ այսօր մեզանում տիրում է անփոփոխ նոյն խուճապականութիւնը» , փոքրիկ պատմական էքսկուրս կատարելով եւ ցույց տալով մեր նախորդ սերունդների հերոսական ոգին եւ դժվարությունները հաղթահարելու կարողությունները, կոչ է ուղղում ամբողջ հայությանը` սթափվենք եւ լինենք արժանի մեր նախնիներին ու այս անգամ էլ հաղթահարենք մեզ բաժին հասած հերթական փորձությունը:

Թերթը կարեւոր էր համարում հայ ժողովրդի կողմնորոշման հարցը, հայ-վրացական հարաբերությունները, Հայաստանում տիրող վիճակը, կուսակցության գաղափարախոսական խնդիրները, գաղթականության եւ այլ մեկը մյուսից կարեւոր հիմնախնդիրներ: