Կիրակի, 2 Օգոստոս, 2026

ԲՈԲԵԼՅԱՆՆ ՈՒ ԶԱՐԻՖՅԱՆԸ ԴՈՈՒԼ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ

Հ.Ծ.

Քաղաքականության Դոուլ ինստիտուտում գտնվող Ռոբերտ եւ Էլիզաբեթ Դոուլի անվան արխիվային եւ հատուկ հավաքածուների կենտրոնը հայտարարել է, որ իր 2 գրանտային մրցանակները շնորհվել են պատմաբաններ Մայքլ Բոբելյանին եւ Ժյուլիեն Զարիֆյանին:

Բոբելյանը իրավաբան է, լրագրող եւ գրքերի հեղինակ, որոնցից կարեւորագույնը «Հայաստանի երեխաները: Մոռացված ցեղասպանությունը եւ արդարության համար մղվող մեկդարյա պայքարը» հատորն է: Նա Բոբ Դոուլի արխիվային բաժնում աշխատելու է ուսումնական կայքեր պատրաստելու հանձնարարությամբ:

Զարիֆյանը Ֆրանսիայի «Սերժի փոնտուազ» համալսարանում ամերիկյան պատմության պրոֆեսորի օգնական է եւ Ֆուլբրայթ կրթաթոշակի է արժանացել Հարավային Կալիֆոռնիա համալսարանի Շոա հիմնադրամի կենտրոնում ցեղասպանագիտության բարձրագույն կուրսերի հետեւելու համար: Ներկայիս աշխատում է «Մ. Նահանգները եւ Հայոց ցեղասպանության հարցը 1915-ից մինչեւ մեր օրերը» թեմայի վրա:

Ռոբերտ Դոուլի անվան քաղաքականության ինստիտուտը գտնվում է Քանզաս համալսարանի արեւմտյան մասում: Նպատակն է շարունակել Բոբ Դոուլի ջանքերն ուղղված ցեղասպանությունների ճանաչման գործընթացին:

Նկար 1. Քաղաքականության Դոուլ ինստիտուտը

Նկար 2. Մայքլ Բոբելյան

Նկար 3. Պրոֆ. Ժյուլիեն Զարիֆյան