Մինչ բազմաթիվ սփյուռքահայեր նախատում են Հայաստան-Սփյուռք համաժողովները, որոնց հերթական 6-րդ նիստերը կայանալու են սեպտեմբերի 18-20-ը, 1,700 հայեր աշխարհի տարբեր անկյուններից արձանագրվել են մասնակցելու դրանց: Սա նշանակում է, որ մեծ թվով հայեր արժեւորում են նման միջոցառումների անցկացումը եւ դրանց մասնակցությունը: Այնպես որ, ճշմարտությունը ինչ-որ այս երկու մոտեցումների միջեւ պետք է որոնել:
Նրանք, ովքեր կարեւոր ներդրումներ են կատարել հայրենիքում, հազվադեպ են հայտնվում այս համաժողովներում: Նրանց թվում կարելի է նշել բարեգործների, որոնք միլիոններ են նվիրել, տեխնոլոգիայի գծով մասնագետների, հաջողակ ձեռնարկատերերի, որոնք զանազան ծրագրեր են իրականացնում Հայաստանում, հարգարժան գրողների, ստեղծագործական եւ կատարողական արվեստի բնագավառների ներկայացուցիչների, որոնք համաշխարհային ճանաչման են արժանացել, հայկական ծագումով մարդկանց, որոնք կառավարական պաշտոններ են զբաղեցնում օտար երկրներում, եւ վերջապես հայտնի լրագրողների եւ հաղորդավարների, որոնք աշխատում են օտարերկրյա լրատվամիջոցներում:
Կազմակերպիչների նպատակը պետք է լինի, թերեւս, ընդգրկել այդ մարդկանց եւ ոչ թե ֆորումը բաց անել ամեն ցանկացողի առաջ: Ճիշտ է, մասնակիցները խոսում են ձեւակերպված օրակարգի հարցերի շուրջ, բայց միայն խոսում են: Եվ շատ են խոսում: Գործ անողներն են պակասում:
Չենք ցանկանում հարցը սարկազմով քննարկել, որովհետեւ իրականում մեծապես գնահատում ենք եւ արժեւորում միջոցառման անցկացումը: Խորհրդային կայսրության անկումից ի վեր Հայաստանում ապրող եւ աշխարհի տարբեր երկրներում սփռված հայերը ջանք ու եռանդ չեն խնայել իրարու ավելի լավ ճանաչելու համար եւ ստեղծելու մի ընդհանուր հարթակ համագործակցության, որի միջոցով հայրենիքը կհզորանար եւ, իր հերթին, կհզորացներ սփյուռքըՙ նպաստելով նրա ինքնության պահպանմանը: Դա է պատճառը, որ այս տարվա համաժողովի համար կազմակերպիչներն ընտրել են «Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն» նշանաբանը, ինչը խոսում է այն մասին, որ դեռեւս անելիքներ կան այդ բնագավառներում եւ հատկապես դրանցից առաջինում:
Երկօրյա համաժողվի օրակարգը բավականին հագեցած է եւ ընդգրկում է հետեւյալ մասնագիտական բնագավառները:
1) Հայաստանի զարգացման հիմնախնդիրները, որն իր մեջ ներառում է արտասահմանյան ներդրումներ, զբոսաշրջության խթանում եւ գործարար շրջանակների համագործակցություն:
2) Հայաստանի պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ի դեմս ժամանակակից մարտահրավերների: Շեշտադրումըՙ հրադադարի խախտումները սահմանամերձ շրջաններում:
3) Հայաստանի արտաքին քաղաքականությունը, որի օրակարգում գլխավորապես ղարաբաղյան հակամարտության եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրներն են:
4) Հայապահպանության խնդիրները լեզվի, գրականության եւ մշակույթի միջոցներով:
Անհրաժեշտ է, որ սփյուռքահայերը իրազեկ լինեն Հայաստանի խնդիրներին եւ չնայած սփյուռքը ի վիճակի է լուրջ եւ նշանակալի ներդրում ունենալ հաղթահարելու համար որոշ մարտահրավերներ, այնուամենայնիվ պաշտպանության խնդիրը, լինելով կենաց ու մահու հարց Հայաստանի համար, դժվարություններ է ներկայացնում սփյուռքի համար:
Ինչ վերաբերում է արտաքին ներդրումներին, գնդակը Հայաստանի կառավարության ձեռքերում է: Հայաստանի անկախացումից ի վեր շատ սփյուռքահայեր, հայրենասիրական մղումներով, շտապեցին գործարարությամբ զբաղվել, կամ տնտեսության մեջ ներդրումներ կատարել, բայց հուսախաբ եղան ու զայրացած հեռացան հայրենիքից: Իրարահաջորդ իշխանություններ խոստացան բարելավել կացությունը, բայց ապարդյուն: Կաշառակերությունը, ԽԾԲ հասկացությունը, անարդար հարկերն ու թալանը սփյուռքահայերի հայրենասիրությունը զրոյի են հավասարեցրել կամ ֆարսի վերածել:
Արտասահմանյան ներդրումները կամ կապիտալը հայրենասիրություն չեն ճանաչում: Եթե խաղի կանոնները հավասար լինեն բոլորի համար եւ ոչ մի խմբավորում օրենքից դուրս չկարողանա գործել, ապա ոչ միայն հայրենասեր սփյուռքահայեր կարող են իրենց նպաստը բերել, այլեւ արտասահմանյան կապիտալը կարող է հոսել դեպի Հայաստան:
Դժբախտաբար, ներդրումների հարցը այնքան շատ մարդկանց է վրդովեցրել, որ դեռ երկար ժամանակ ցավալի խնդիր է մնալու ի վնաս Հայաստանի տնտեսությանը:
Համաժողովում այս բոլոր հարցերը կարող են քննարկվել, վերլուծվել եւ գուցե գտնվեն դրական ելքեր: Ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Սփյուռքը պարտավոր է եւ կարող է իր նպաստը բերելՙ եթե միասնական է, կազմակերպված եւ քաղաքականացված: Մենքՙ հայերս ունենք որոշակի ռեսուրսներ արեւմտյան երկրներում, որոնք դեռ չեն օգտագործված: Հայաստանը կարող է ուղղորդել սփյուռքահայերին, բայց գլխավոր պատասխանատվությունն ընկնում է սփյուռքի առաջնորդների ուսերին, որպեսզի նրանք կարողանան միասնաբար գործել:
Բայց համաժողովի հաջողությունը չափվելու է երկու կարեւոր հարցերի շուրջ գտած լուծումներով. մշակել արտագաղթը կասեցնելու մարտավարություն եւ կազմավորել համահայկական մի խորհուրդՙ Հայաստանի եւ սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությամբ, որ գործնական ուղի մշակի երկկողմ վստահությունն ու համագործակցությունը վերականգնելու համար: Այլապես, ինչո՞ւ պիտի զինվորն իր կյանքը զոհաբերի մի երկրի սահմանում, որի բնակչությունը խուռներամ լքում-հեռանում է:
Թուրքիան եւ Ադրբեջանը շրջափակել են Հայաստանը եւ նրան պարտադրել աստիճանական թուլացման մի պատերազմ, որպեսզի ահ ու սարսափի մեջ պահի բնակչությանը եւ ստիպի լքել իր հայրենիքը: Իսկ կառավարությունը նպաստում է այդ մթնլորտինՙ չկարողանալով մշակել մի արդյունավետ քաղաքականություն, որ քաջալերի քաղաքացիներին մնալու իրենց երկրում ավելի լավ ապագա կերտելու հույսով: Եթե սահմանապահ զինվորից պահանջվում է վտանգել կյանքը, եւ եթե սփյուռքահայը որոշում է ներդրում կատարել Հայաստանի տնտեսության մեջ, ապա կառավարության պաշտոնյաների պարտքն է հրաժարվել կաշառակերությունից, վերացնել անարդար հարկումները, եւ երկրում հաստատել օրենքի իշխանություն:
Թշնամին հակված է միայն քայքայելու, եւ եթե կառավարությունը վճռական գործողություններ չծավալի բոլոր մակարդակներում եւ բնագավառներում, ապա Հայաստանը չի կարող առաջքն առնել այդ քայքայման, որի մասն է կազմում բնակչության արտագաղթը: Կացությունը չափազանց լուրջ է:
Հաջորդ էական հարցը կազմավորումն է համահայկական մի խորհրդի, որը կկարողանա կարգավորել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները:
Մինչեւ օրս սփյուռքի ուժերի եւ արժեքների հայաստանյան ընկալումները շատ մակերեսային են եղելՙ հիմնված գլխավորապես սխալ անհատների եւ կազմակերպությունների վրա: Սփյուռքի իրապես գործունյա եւ առաջատար տարրերը կարող են ընդգրկված չլինեն համաժողովում, բայց Հայաստանի կառավարության պարտականությունն է գտնել նրանց եւ ապահովել նրանց մասնակցությունը:
Կառավարության ներկա կոալիցիայի իշխանության բաժանումը սխալ նախադրյալների վրա է հիմնված: Եթե միեւնույն ձեւաչափով է կազմավորվելու համահայկական խորհուրդը, ապա վստահ կարելի է ասել, որ ձախողելու է իրականացնելու իր առաքելությունը: Հաջողության բանալին ներառնվածության գաղափարի մեջ է: Բոլոր կողմերն ու խմբավորումները պետք է զգան, որ ժողովրդականություն վայելելու մրցումի չեն մասնակցում, ոչ էլ դառնալու են զոհը այլոց թելադրանքների:
Ավանդաբար նման համաժողովները զուգակցվում են ճոխ ընդունելություններով եւ խրախճանքով: Այնքան ժամանակ, որ դրանք չխանգարեն գործնական աշխատանքներին եւ առաջընթացին, համաժողովը կարող է իր առաքելությունը կատարած համարել:
Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, The Armenian Mirror-Spectator