Որքա՞ն է կազմելու պետական սուբսիդավորումը եւ ի՞նչ տոկոսադրույքներով են վարկերը հասնելու գյուղացիական տնտեսություններին
Հայաստանում գյուղատնտեսության բարձր ռիսկայնության երկու գլխավոր պատճառներից մեկը կարկուտն է: Եթե ցրտահարության դեմ գործնականում անհնար է պայքարել եւ միայն կորուստները որոշ չափով կարելի է նվազեցնել, ապա կարկուտի վնասները հնարավոր է հասցնել զրոյի: Կարկուտի վնասների դեմ պայքարի միջոցներից բավականին բարձր են գնահատվում հակակարկտային ցանցերը: Դրանց կիրառումը զարգացած տնտեսություն ունեցող երկրներում բավականին տարածված է: Հայաստանում նույնպես դրանք կիրառվում են, բայց առայժմ փոքր տարածքների վրա: Չնայած գրեթե 100 տոկոս արդյունավետությանը, ներկայումս մեր երկրում միայն 60-70 հա տարածքներում են տեղադրված կարկտապաշտպան ցանցեր: Հիմնական պատճառը դրանց թանկ լինելն է ու գյուղացիական տնտեսությունների կողմից բավարար միջոցների բացակայությունը: Այս առումով, դրական տեղաշարժ պետք է համարել կառավարության կողմից գյուղատնտեսությունում հակակարկտային ցանցերի ներդրման նպատակով վարկերի տոկոսադրույքները սուբսիդավորելու որոշումը: Այդ նպատակով, արդեն եկող տարի նախատեսված է մոտ 700 մլն դրամ հատկացնել:
Մասնավորապես, կառավարությունը վերոնշյալ գումարն ուղղելու է վարկիՙ տարեկան 14 տոկոս կազմող տոկոսադրույքի մեծ մասի սուբսիդավորմանը, որի արդյունքում տնտեսվարողների համար վարկի տոկոսադրույքը կկազմի ընդամենը 2 տոկոս տոկոսադրույքովՙ 7 տարի ժամկետով: 700 մլն դրամ գումարով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը հնարավորություն կտա տարեկան սուբսիդավորել 1350 հա, այդ թվում`1000 հա խաղողի եւ 350 հա պտղատու այգիների հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրված վարկերի տոկոսադրույքը: Արդյունքում, հանրապետության այգիների շուրջ 2,4 տոկոսը կպատվի կարկտապաշտպան ցանցաշերտերով, բացառելով կարկուտի ռիսկը: Միանշանակ է, որ հետագայում այս ձեւով պաշտպանված գյուղատնտեսական տարածքները անհրաժեշտ է ընդլայնել:
Պատկերացում կազմելու համար, թե ի՞նչ վնասներ է կրում գյուղատնտեսությունը կարկտահարությունից, ներկայացնենք վերջին տարիների պատկերը: 2013-ին մայիսին Արմավիրի մարզում կարկտահարության հետեւանքով 11090 հա ցանքատարածություններին, պտղատու եւ խաղողի այգիներին հասցված վնասը կազմել է շուրջ 25,3 մլրդ դրամ: 2014-ին Հայաստանի Լոռու եւ Շիրակի մարզերում վնասվել են 52 համայնքների 15101 հա ցանքատարածություններ: Վնասըՙ 6,7 մլրդ դրամ: 2015-ին կարկտահարության հետեւանքով վնասվել են հանրապետության 8 մարզի 82 համայնքի շուրջ 8,8 հազար հա ցանքատարածություններ, իսկ վնասը կազմել է շուրջ 7,8 մլրդ դրամ: 2016-ին կարկտահարությունը վնասել է 9 մարզի150 համայնքի շուրջ 23,1 հազար հա մշակվող տարածություններ, վնասը` շուրջ 33,6 մլրդ դրամ: Այսինքն, ըստ կառավարության ներկայացրած հիմնավորման, յուրաքանչյուր տարի կարկուտի պատճառով վնասվում են հանրապետության այգետարածքների 10-15 տոկոսը, իսկ կարկտահարված տարածքներում բերքի կորուստը որոշ դեպքերում կազմում է 80-100 տոկոս:
Կարկտապաշտպան ցանցերի ներդրման արդյունավետությունը արդարացված է նաեւ դրանց գնի եւ ներդրման արդյունքում ստացվող անկորուստ բերքի համեմատության հաշվարկներով: Համաձայն դրանց, կարկտահարությունից տարեկան բերքի 45 տոկոս կորստի դեպքում, վնասի չափը հակակարկտային ցանցերի սուբսիդավորման ծրագրի իրականացման ժամանակահատվածում (7 տարի) ավելի քան 2,6 անգամ գերազանցում է հակակարկտային ցանցի ձեռք բերման եւ տեղադրման ծախսերը, իսկ բերքի 30 տոկոս կորստի դեպքումՙ վնասի չափը շուրջ 75 տոկոսով է գերազանցում հակակարկտային ցանցերի տեղադրման ծախսերը:
Եթե նկատի ունենանք, որ գյուղատնտեսության համախառն արտադրանքի մոտ 75 տոկոսը հենց բուսաբուծության արտադրանքն է, ապա ակնհայտ է դառնում, որ այս ծրագրի իրականացումը, իսկ ապագայում նաեւ ընդլայնումը, էական ազդեցություն կունենան գյուղատնտեսության ընդհանուր ցուցանիշների վրա :
Միաժամանակ, հարկ է չմոռանալ նաեւ կարկուտի դեմ պայքարի այլ ուղղությանՙ հրթիռահրետանային հակակարկտային համակարգի ներդրման մասին, աստիճանաբար ազատվելով ցածր արդյունավետություն ունեցող գազագեներատորային հակակարկտային համակարգից: Համակարգ, որի անարդյունավետ լինելու մասին բարձրաձայնել էինք դրա ներդրման առաջին իսկ տարիներից («Անտրամաբանական մոտեցում հակակարկտային համակարգի ընտրության հարցում», «ԱԶԳ», 22.07.2009 թ.):