Սաստիկ սառնամանաքին հնարավոր է անել երկու բանՙ քնել կամ խմել: Բայց մեր պատմության հերոսը հորինեց երրորդ բանը, չնայած սառնամանիք էր: Նա որոշեց զարթնել, վեր կենալ, քանի որ հագնված էր, անգամ փողկապ ուներՙ դուրս գալ եւ կանգնելով Մոսկվայի ամենակենտրոնում, մի լավ ձգվել ու բացականչելՙ «Ուխա~յ»: Անցորդներ քիչ կային. սաստիկ սառնամանիք էր, իսկ այդ ժամանակՙ…քնել կամ խմել: Ով էլ կար, մեր հերոսի վրա առանձնապես ուշադրություն չդարձրեց: Մեր հերոսը հանրահայտ դեմք էր, զիլ տղա, իսկ որքան հանրահայտ ու զիլ է լինում մարդը, այնքան շատ են նրա նմանակները: Քիչ անցորդներն ուրեմն մեր հերոսին դրեցին նրա նմանակներից մեկի տեղը եւ միայն մի փոքրիկ տղա, որը բռնել էր մայրիկի ձեռքը, ցուցամատն ուղղելով մեր հերոսի կողմը, բացականչեցՙ «Մամ, Լենի~նը»:
Առաջին միտքը (բացի ձգվելուց եւ «ուխայ» բացականչելուց), որ ծնվեց վեր կացած Լենինի գլխում հետեւյալն էրՙ «Էլ ո՞ւմ արթնացնել»: Կուսակցությունից որեւէ մեկին արթնացնել պրոլետարների առաջնորդը չէր ցանկանում, նախ նրանցից ոչ ոք չկարողացավ կառուցել կոմունիզմ, եւ երկրորդըՙ նրանցից ոչ ոք չկարողացավ մարդկանց համոզել, որ կոմունիզմն իրականում չի կառուցվում-ավարտվում, այլ կառուցվում է միշտ: «Գուցե զինվորականների՞ն,- մտածեց Լենինը,- բայց չէ՞ որ նրանք եւս բոլորը կուսակցակային էին, իսկ նրանք, ովքեր հոգու խորքում կուսակցական չէին, հայ էին: Վերջիններիս էլ արթնացնել չեմ ուզում, քանի որ տպավորություն կստեղծվի, որ սովետական բանակում միայն հայերն են կռվել, ինչը մինչեւ հոգու խորքը կվիրավորի ադրբեջանցիներին»: Նույն պահին Լենինը եւս մեկ անգամ բացականչեց «ուխա~յ» եւ որոշեց միայնակ, առանց դաշինքների եւ թիմի ապրել: «Տեսնեմ, թե ո՞ր երկրում են ընտրություններ», անցավ Վլադիմիր Ուլյանովիՙ միշտ պայծառ մտքով: «Երանի հյուսիսում չլինի, սիրտս մի տեսակ հարավ է ուզում, ուխա~յ» :
Նույն պահին, հարավում, իրեն հատկացված բուրգում մոծակի խայթոցից զարթնեց ինքըՙ փարավոն Թութանհամոնը: Առաջին միտքը, որ ծնվեց նորին գերազանցության վսեմ գլխում, հետեւյալն էրՙ «Տեսնես, Լենինը զարթնե՞լ է»: Հա, ի դեպ, Թութանհամոնը Լենինին ճանաչում էր մանկուց, ավելի ճիշտՙ հակառակը. Լենինն էր մանկուց ճանաչում փարավոնին: Քանի որ դեռ մանկուց բոլորիս հայտնի է, որ պրոլետարների մեծ առաջնորդ, միշտ պայծառ մտքով Վլադիմիր Լենինը մանկության տարիներին մեծ հետաքրքրությամբ կարդում էր եգիպտական փարավոնների, հատկապես Թութանհամոնի մասին: Իսկ ում մասին կարդում ես, նրան ճանաչում ես, եթե, իհարկե, Աստվածաշունչ չես կարդում:
Հարավի եւ հյուսիսի քամիները շուտով տեղեկացրեցին Լենինին եւ Թութանհամոնին, որ երկուսն էլ զարթնել են եւ Լենինը ճանապարհվեց դեպի հարավ: Սակայն, լինելով իսկական հարավցի եւ արեւելքցի հյուրընկալ մարդ, Թութանհամոնը որոշեց, որ ինքը կշարժվի Լենինին ընդառաջ, մանավանդ որ ցանկանում է վերջինիցս վերջապես ճշտել, թե ինչո՞ւ էր փոքր ժամանակ, երբ կարդում էր իր պատկերներով գիրքը, լոլիկը ճպացրել հենց իրՙ փարավոնի դեմքին:
Նույն ընթացքում աշխարհի, ինչպես ասում ենՙ արեւելյան մասում, երկինքն ու երկիրը շուռ եկան: Զարթնեց ինքըՙ Չինգիզ խանը: Խանը ձեւականություններ չէր սիրում, հետեւաբար ոչ «ուխայ» բացականչեց, ոչ էլ մտածեց: Նա վերցրեց իր սուրը, մի քիչ հաց ու պանիր, եւ ճանապարհ ընկավ: Խանն իհարկե գիտեր, թե դեպի ուր, բայց քանի որ խանը մտածում էր միայն երբեմն, այն էլ բացառապես մոնղոլերեն, մենք չհասկացանք, թե խանը դեպի ուր էր շարժվում:
Հանդիպեցին Երեւանում, նկատի ունեմՙ Լենինն ու Թութանհամոնը: Նախ ողջագուրվեցին, չնայած փարավոնն ուշադիր զննեց առաջնորդի ձեռքերըՙ պարզելու, թե արդյոք լոլիկոտ չե՞ն: Ապա շատ արագ հարթեցին լոլիկի պահը, Լենինն ասաց, որ ինքը դիտմամբ չի արել, փոխարենը իսկական կրասնոդարյան լոլիկ տվեց Թութանհամոնին, վերջինս էլ ագահորեն կերավ: Եւ մինչ կանցնեին ավելի առարկայական զրույցի, լսվեց մի ահեղ ձայն. «Հե~յ, չե՞ք տեսնում, անցնում եմ, ճանապարհ տվեք»: Չինգիզ խանն էր:
«Ես իմացա, որ Հայաստանը աշխարհի միակ երկիրն է մնացել, որտեղ պաշտում են հինավուրցությունը, գնահատում են հին աշխարհի առաջնորդներին, դրա համար էլ փութացի այստեղ, մանավանդ որ ինձ հայտնեցին, թե շուտով այստեղ ընտրություններ են», առանց ավելորդ թիթիզությունների, միանգամից գործին անցավ Չինգիզ խանը: Լենինն ու Թութանհամոնը միմյանց նայեցին, Լենինը ոչինչ չհասկացավ, Թութանհամոնը խորամանկ ժպտաց: Խանը շարունակեց. «Ուստի ձեզ հետ միասին, թե առանց ձեզ, ես պատրաստվում եմ մասնակցել հայաստանյան ընտրություններին: Չնայած առանց ձեզ չեմ կարող, քանի որ այստեղ ընտրություններին մասնակցելու համար պետք է կուսակցություն ունենաս»: Լենինը սկսեց բղավել. «Ի՞նչ, կուսակցությո՞ւն, նորի՞ց, խնդրում եմ, տեսե՞ք, ես էլի լոլիկ ունեմ, այ, տես, խան, թե այս մեկը ինչպես է ժպտում»: «Սկզբում ընտրություններ, հետոՙ լոլիկ, Վովա», ասաց խանը: Թութանհամոնն էլ ավելացրեց. «Դու չէի՞ր կոչ անում աշխարհի բոլոր պրոլետարներին միանալ, հիմա միանում ենք, դե՞մ ես»: «Իսկ ինչպե՞ս կանվանենք մեր կուսակցությունը», հին եւ բարի ժամանակները հիշելով եւ խորամանկ ու փայլող աչքերով հարցրեց Լենինը: «Հզոր Մոնղոլիա», Չինգիզ խան էր: «Փարավոնների երկիր», Թութանհամոնն էր: «Ընկերներ,- Լենինն էր,- ինչպես է երեւում, որ մեր միջի ամենաերիտասարդը ես եմ: Ախր, մենք Հայաստանում ենք, ի՞նչ Մոնղոլիա, այն էլՙ հզոր: Իսկ փարավոն, ընկերս, Հայաստանում արդեն կա դրանից, ավելինՙ նա եւս պատրաստվում է մասնակցել ընտրություններին: Ես առաջարկում եմ պարզ անուն, օրինակՙ «Կարմիրներ»: Հայերը սիրում են կարմիր գույնը»: «Լավ է, բայց ես առաջարկում եմ այսպեսՙ «Խանի կարմիր», Չինգիզ խանն էր: «Իսկ ինչո՞ւ ոչՙ «Փարավոնի կարմիր», Թութանհամոնն էր: «Ընկերներ, ախր, թարգեք ձեր այդ ամբիցիաները, սա ի՞նչ ստալինիզմն է, ի՞նչ անձի պաշտամունք է, մարդիկ զզվել են այդ ամենից: Մենք միայն պետք է ցույց տանք, որ հին ենք եւ սիրված: Սիրվածի հարցերը լուծում էՙ կարմիրը, իսկ հնությունը ցույց տալու համար առաջարկում եմ ավելացնել «մուգ» ածականը, մանավանդ որ կարմիրը հնանալով մգանում է: Կուսակցությունն էլ կոչենք ուրեմն «Մուգ կարմիրների կուսակցություն»ՙ ՄԿԿ»: «Խորամանկն ես, Վովա,-Չինգիզ խանն էր,- իսկ եթե սկզբից էլ դնենք «սաստիկ» բառը, այսինքն կոչվենքՙ «Սաստիկ մուգ կարմիրների կուսակցություն», կստացվի ՍՄԿԿ, չէ՞: Ոչ մի դեպքում…
«Դե վերջացրեք այս բանավեճը վերջապես, պարոնայք. մեզ բոլորիս միավորում է երկու բանՙ հզորություն եւ հնություն: Ուստի մեր կուսակցության անունը կլինիՙ «Ռոկֆոր»… Լենինին, Թութանհամոնին եւ Չինգիզ խանին աննկատ մոտեցել էր եւ խոսեց ինքըՙ Նապոլեոն Բոնապարտը: «Չմոռանաք, որ մենք բոլորս հողից դուրս եկանք (նայելով Լենինին), դե ոչ բոլորս, իհարկե, իսկ հայերը մանավանդ հիմա մի կարեւոր բան ունեն միայնՙ հողը: Ռոկֆորն էլ ուղիղ կապ ունի հողի հետ»:
«Եւ ուրեմն ես ներողություն եմ խնդրում ձեր վեճին միջամտելու համար, չնայած կար ժամանակ, երբ այսՙ մանրամասնորեն սիրելի հողում բոլորն ինձանից էին ներողություն խնդրում, բայց այն ինչ բոլորդ եք ասում, ինձ հիշեցնում է պատմական Հայաստանը, այդքան հին է, հեռու եւ անիրականանալի: Հետեւաբար ես առաջարկում եմ բոլորիդ այս կազմով գնանք իմ տուն, շատ հեռու չէ, գինի խմենք, հուսամ կայսրը դեմ չի լինիՙ հայկական գինի, եւ քանի որ գինին կարմիր է, առաջնորդը եւս դեմ չի լինի, ապա հանգիստ որոշենք մեր դաշինքի անվանումը», խմբին միացել էր Վանո Սիրադեղյանը:
Երկար խմեցին, երկար չէին խմել, մանավանդ այդ կազմով, երբ Վանոն հինավուրցներին հայտնեց, որ իրենք պետք է գնան առաջին նախագահի մոտ, ապա երկրորդ, հետո նախկին ԱԳ, պաշտպանության նախարարների մոտ, վարչապետների մոտ, Բաբկեն Արարքցյանի մոտ, քանի որ նպատակ կա իրոք կարգի ու ամենակարեւորըՙ խելքի բերել այս երկիրը, եւ դրա համար պետք չէ շտապել դաշինքի անվանման հարցում: Հինավուրցները համաձայնեցին: Միայն Չինգիզ խանը, Թութանհամոնին աչքով անելով, ասաց, որ ավելի նպատակահարմար կլինի, որ այդ բոլորն իրենց մոտ գան, ոչ թե հակառակը, քանի որ խանին եւ փարավոնին չի պատշաճում այս ու այն կողմ ընկնելը: Վանոն, այդ բոլորին ավելի լավ ճանաչելով, խոստացավ, որ ինքը այդ բոլորի տները կգնա միայն Լենինի հետ, այն էլ եթե առաջնորդը համաձայնվի:
Հաջորդ օրը հայտարարվեց նոր քաղաքական դաշինքի ստեղծման մասին: Դաշինքի առաջին ասուլիսին ներկայացած դաշինքը ներկայացնող երիտասարդ աղջիկներն ու տղաները հայտարարեցին, որ իրենց նպատակն է դուրս բերել վերջապես երկիրն այս ծայրահեղ ծանր վիճակից եւ որ իրենց առավելություններըՙ մրցակիցներից բազմաթիվ են: Օրինակ այն, որ իրենց դաշինքի ստեղծման ակունքներում, կազմում, անգամ շենքին մոտ վարկաբեկված, հին, անցած, հինավուրց քաղաքական կերպարներ ու դեմքեր չկան:
Հա, դաշինքն էլ կոչվեցՙ «Նոր Հայաստան»: Կուսակցության ցուցակն էլ գլխավորում էր ինչ-որ Մհեր: Փոքր-մոքր տղա էր, թերթերից մեկն էլ գրեց, որ նա մեր Փոքր Մհերն է, որը դուրս է եկել Ագռավաքարից, որպեսզի փրկի մեզ:
Ուխա~յ…