Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՉՔԵՐԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ

09/09/2016
- 09 Դեկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՆԱԻՐ ՅԱՆ

Մենք եւ մեր միլիցիոներ-ոստիկանները

Աչքովս տեսածն եմ ասումՙ մանկական հուշերիցս. քեռիս ոստիկան էր, ավելի ճիշտՙ միլիցիայի մայոր: Հենց մեր տուն էր գալիս, բակի չարաճճի տղաները թաքստոցներից կանչում էին. «Միլիցա-պեպելնիցա, ատամներդ քարից ա»: Քեռիս ներողամիտ ծիծաղով մեր տան դուռը բաց էր անում, բայց ես նրա ծիծաղի մեջ ինչ-որ տխուր բծեր էի տեսնում: Մորս խնդրում էի. «Քեռուն ասաՙ էլ այդ համազգեստով մեր տուն չգա»: Մեր ազգականները քեռուս հոգու հետ խաղում էին. «Տո քեզնից ի՞նչ միլիցա. դու մրջյուն էլ չես տրորի, դու միլիցեքի անվան հետ խաղում ես»: Քեռիս էլի ներողամիտ ծիծաղում էր, ու նրա ծիծաղի մեջՙ նորից այդ տխուր բծերը: Մի օր քեռիս էլի մեր տուն եկավ: Բակի չարաճճի տղաները քեռուս վրա չնայեցին էլ. իրենց «բռնոցի-պպզոցին» շարունակեցին: Քեռիս այլեւս միլիցիայի մայոր չէր, այլ սովորական քեռի: Հագին վանդակավոր, բաց կապույտ վերնաշապիկ էրՙ առանց ուսադիրների: Նա աշխույժ ծիծաղեց. նրա ծիծաղի մեջ տխուր բծեր չկային:

Աչքովս տեսածն եմ ասումՙ պատանեկան հուշերիցս. մեր հարեւանի տունը կռիվ էր ընկել: Ուզում էին իրենց մինուճար որդուն բանակից ազատեն ու ելքը գտել էինՙ միլիցիայի դպրոց: Խառը տարիներ էին. տղաներին հենց փողոցից բռնում-տանում էին Ղարաբաղՙ կռիվ: Դպրոցը նոր ավարտած Արտուշի մայրը եղբորից փող էր պարտք արել, մարդ մեջ գցել, որ միլիցիայի դպրոցի տնօրենությանը կաշառի, տղային ընդունել տա: Արտուշի հայրը բղավում էր. «Իմ տղան միլիցա դառնա՞, ես միլիցու հեր ե՞մ, բա ամոթ չի՞»: Իսկ մայրը լաց էր լինում. «Ոչինչ, դիմացի, բա մինուճարիս տանեն կրակի բերան գցե՞ն»: Արտուշին ընդունել տվեցին միլիցիայի դպրոց. նա բանակից ազատվեց: Աշխարհով մեկ եղած մայրը մոմի լույսի տակ աչքալուսանքի սեղան գցեց: Մի-երկու հարեւան մտան նրանց տուն, այն էլ մանրամասներ իմանալու, թե Արտուշի բախտը ոնց, ինչ միջոցներով բերեց: Արտուշի մոր եփած-թխածը մինչեւ առավոտ սեղանին սառավ-մնաց:

Մեր բակի տղաների հետեւից հերթով «պավեստկա» էր գալիս, բացի Արտուշից: Նա ուսանողական գրքույկը միշտ ծոցագրպանում էր պահում, որ եթե ստուգեն, հանի-ցույց տա. ինքն ապահովագրված է բանակից ու պատերազմից: Մի-երկու շաբաթից մեր երկրորդ հարկի հարեւան Դավիթի բանակի քեֆն էր: Դավիթն ու Արտուշը նույն դասարանում էին սովորել: Դավիթի հայրն ու մայրը պարտք արեցին, որ իրենց տուն եկող-գնացողին հյուրասիրեն-ճանապարհ դնեն: Ամբողջ թաղը Դավիթենց տանն էր: Նրան զուռնա-դհոլով ճանապարհեցին Ղարաբաղ: Բակի տղաները Դավիթին ձեռքների վրա պահածՙ օդ էին թռցնում, «ջա՜ն, Դավո ջան» գոռում: Արտուշը չկար:

Աչքովս տեսածն եմ ասում. մեր օրերում մի առավոտ երթուղային տաքսի բարձրացավ մի զինվոր: Ուղեւորներիս հայացքները վայրկենապես ջերմացան, իսկ տղամարդկանցից մեկն անմիջապես վեր կացավ, թեՙ նստիր, ցավդ տանեմ: Զինվորն, իհարկե, չնստեց: Երկու կանգառ հետո մի տատիկ փողը վարորդին տվեց, թեՙ երկու հատ ստացիր, մեկն էլ մեր զինվորի տեղը: Վարորդն առարկեց. «Ես զինվորի հարյուր դրամը ոչ մի անգամ չեմ վերցնում, մայրիկ ջան. էսօր քոնն էլ չեմ վերցնում, որ դու էդքան ջիգյարով մարդ ես»: Զինվորը կարմրեց. շոգը քիչ էր, անհարմար վիճակից է՛լ ավելի քրտնեց:

Աչքովս տեսածն եմ ասում. դարձյալ մեր օրերում մի առավոտ երթուղային տաքսի բարձրացավ մի երիտասարդ ոստիկան: Ազատ տեղ կար, նստեց: Հաջորդ կանգառում մայր ու աղջիկ բարձրացան: Ոստիկանը տեղն ուզում էր զիջել, կինը հրաժարվեց ու քթի տակ մռթմռթացՙ ինձ քո տեղը պետք չի: Ոստիկանը կարմրեց. շոգը քիչ էր, անհարմար վիճակից է՛լ ավելի քրտնեց:

Աչքովս տեսածն եմ ասում. Արցախյան պատերազմի վետերաններին մամուլի ակումբներից մեկը հրավիրել էր զրույցի: Թեման 1990-94 թվականների մեր հաղթանակներն ու պարտություններն էին: Հաղթանդամ, ազդեցիկ արտաքինով բանախոսներ էինՙ միլիցիայի նախկին բարձրաստիճաններ, որ մասնակցել էին արցախյան ազատամարտի կարեւոր ճակատամարտերին: Ոգեւորված պատմում էին իրենց սխրանքներից ու մեզ էլ ոգեւորում: Նորաթուխ լրագրողուհիներից մեկը, որ արագ-արագ արձանագրում էր նրանց ասածները, ձայնի անկեղծ երանգով բացականչեց. «Ես էլ չէի ուզում գալ էս ասուլիսին. ինչ լավ եղավ, որ եկա. կարծիքս լրիվ փոխվեց ոստիկանների մասին: Ուրեմն դուք հասել եք մինչեւ Նախիջեւան ու փորձել ազատագրե՞լ այն… Ո՜նց եմ սիրում ձեզ»: Նախկին միլիցիայի նախկին բարձրաստիճան ազատամարտիկի խոսքը բերանում մնաց: Մյուս բանախոսն իրավիճակը հարթեց. «Աղջիկ ջան, երկու ժամում Նախիջեւանը կվերցնեինք, եթե Երեւանիցՙ իշխանություների կողմից հրաման չգար, թեՙ հետ եկեք, թե չէ զինվորական դատարանի առաջ պատասխան կտաք: Իզուր էլ լսեցինք նրանց, պիտի առաջ գնայինք, ջհանդամ թե գլխներիս չէին սարքի ու բանտում փտեցնեին: Հիմա գոնե մեր հողերը մերը կլինեին»: Բամբ ձայնով, խիտ հոնքերով ու ամրակազմ ազատամարտիկ-միլիցիոներներն այդ օրը պատմեցին այն, ինչը մինչ այդ երբեք չէին ասել: Քսան տարուց ավելի կուլ էին տվել, իրենց ներսի ճշմարտության բերանը կարել ու այդ օրը մեկը մյուսին լրացնելովՙ պատմում էին, սկզբումՙ կցկտուր, միմյանց խոսքը կասեցնելով, բայց հետոՙ ավելի անկաշկանդ ու թեթեւացած: Պատմում էին պատերազմի դավերի, յուրայինների դավաճանության, դասալքության ու «վերեւների» քաղաքական խաղ-խարդավանքների մասին: Միլիցիան խոսեց, բայց մենքՙ լրագրողներս, որոշեցինք լռել խոսող բերանների լեզուները կտրել չտալու համար: Ճիշտ է, միլիցիան հիմա ոստիկանություն է դարձել, բայց դեպքերի ու դեմքերի վրա վաղեմության ժամկետ դեռ չի իջել:

Աչքովս տեսածն եմ ասումՙ մանկական հուշերիցս: Ձմեռ էր, ընտանիքով Երեւանից Աբովյան քաղաք էինք գնում: Հայրս մեքենայի ղեկին էր. մայրս, բարուրը գրկին, արցունքներն էր կուլ տալիս: Ես ու քույրս սսկվել-նստել էինք. նույնիսկ իրար վրա լեզու հանելու տրամադրություն չունեինք: Նորածին քրոջս տանում էինք աբովյանցի բժշկի մոտ: Գոնե նա մի ճար աներ. երեւանցի բժիշկները մորս խորհուրդ էին տվել համակերպվել իրավիճակի հետ: Հորս սրտից արյուն էր կաթում. շտապում էր, բայց օրինապահ վարորդ էր, խախտում չէր անում: Միլիցիան կանգնեցրեց: Տռուզ փորով, ցրտից ու վիտամինների ավելցուկից շողշողացող թշերով կարճահասակ միլիցիոներ էր: Հորս դեմ տվեց ձեռքի փայտիկն ու հրահանգեցՙ փչի՛: Հայրս փչեց. խմած չէր: Մեքենան դրսից ու ներսից հայացքով չափեց-զննեց. կասկածելի բան չգտավ: Ծոր տալով հարցրեց. «Երեւանից Աբովյան ինչի՞ եք գնում»: Հայրս պատասխանեցՙ «Երեխան հենց հիմա 40 աստիճան ջերմություն ունի, պիտի արագ հիվանդանոց հասցնենք. բժիշկն սպասում է, իսկ երեխան սպասել չի կարող»: Միլիցիոների հոնքն էլ չշարժվեց: Ծոր տալով շարունակեց. «Բա էս ցրտին կանգնած ենք առավոտից, չե՞ս ուզում գրպանս տաքացնես»: Կապույտ 5-նոցով հայրս նրա գրպանը տաքացրեց, որովհետեւ միլիցիոների գրպաններն այդպես տաքացնելուն էին վարժեցրել նրան իր ընկերները, ընկերների ընկերներն ու մի ամբողջ երկիր: Քրոջս փրկեցին, բայց ոչ բժիշկները, այլ մայրսՙ իր կամքի ուժով, հավատով ու համառությամբ: Իսկ միլիցիային իմ մանկական պատկերացումներում այդպես էլ ոչ ոք չփրկեց, անգամ մրջյուն չտրորած քեռիսՙ միլիցիայի մայորի իր ուսադիրներով, հակամիլիցիոներական խառնվածքով ու էությամբ:

Աչքովս տեսածն եմ ասում. ավելի ճիշտՙ իմ տեսածը շատերն են տեսել «Սասնա ծռերի» հետ կապված բողոքի ցույցերի ժամանակ արված լուսանկարըՙ երիտասարդ աղջիկն ու ոստիկանըՙ գրկախառնված: Աղջիկը հարցրել էր. «Եթե հրաման ստանասՙ կրակել, դու կկրակե՞ս ինձ վրա»: Ո՛չՙ պատասխանել էր ոստիկանը: Աղջիկն էլ հուզված գրկել էր նրան: Հետո պարզվեց, որ ոստիկանի համազգեստով տղան նկարիչ է: Ու քանի որ հիմա նկարչությամբ փող չես վաստակի, տղան ստիպված հերթափոխով ոստիկան է աշխատում: Այստեղից ոչ թե սկսում են մեր իրականության պարադոքսային երեւույթները, այլ այստեղ դրանք խաչվում են ու բախվում: Ու եթե աչքովս էլ տեսնեմ, էլ ոչինչ չեմ ասի: Գրվածքիս շարունակության մեջ արդեն ուրիշներն են խոսելու:

Պարզ հետեւություն. շարունակությունըՙ հաջորդիվ:

Նախորդ գրառումը

ԳԱԲՐԻԵԼ ՎԱՀԱՆՅԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐՔԵՐԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԻ ՆՈՐ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՓՏԵԼ ԲԱՆՏԵՐՈՒՄ ԱՌԱՆՑ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԻ ՆՈՐ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՓՏԵԼ ԲԱՆՏԵՐՈՒՄ ԱՌԱՆՑ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական