Հինգշաբթի, Հուլիսի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՍՐԱՅԵԼԻ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԹՈՒՐՔԵՐԻ ՄԻԱԺԱՄԱՆԱԿՅԱ ՀԱՇՏԵՑՈՒՄԸ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷ

08/07/2016
- 08 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

Անկարայի ռազմավարական որոշումը

Ինչո՞վ է պայմանավորված եւ ինչի՞ կհանգեցնի Թուրքիայի հաշտեցումը Ռուսաստանի եւ Իսրայելի հետ: Արդյոք պարզ զուգադիպությո՞ւն էր Մոսկվայի ու Թել-Ավիվի հետ Անկարայի հարաբերությունների միաժամանակյա կարգավորումը: Արդյոք կարելի՞ է խոսել Թուրքիայում ինչ-որ նոր արտաքին քաղաքական ուղեգծի ձեւավորման մասին: Այս առնչությամբ «Լենտա.ռու» կայքին տված հարցազրույցներում իրենց տեսակետներն են արտահայտել մի շարք հանրահայտ փորձագետներ:


Թուրք պետական գործիչ, Թուրքիայի նախկին արտգործնախարար Յաշար Յաքըշի կարծիքովՙ ռուսական «Սու-24»-ի ոչնչացումը եւ դրան Մոսկվայի հակազդեցությունը երկկողմ հարաբերությունները հասցրին երկու երկրների շահերին վնասող ճգնաժամի: Տեղին կլիներ, եթե հաշտեցմանն ուղղված առաջին քայլն աներ Թուրքիան: Ի վերջո այդ երկրի ղեկավարությունը որոշեց հանուն ազգային շահերի մի կողմ դնել հույզերը:

Ըստ Յաքըշիՙ Թուրքիան չէր կարող նման նախաձեռնությամբ հանդես գալ Ահմեդ Դավութօղլուի վարչապետության օրոք, քանի որ արտաքին քաղաքական գիծը ինքն էր որոշում որպես նախկին արտգործնախարար: Բինալի Յըլդրըմի վարչապետ դառնալը Անկարային լավ հնարավորություն տվեց փոխելու իր արտաքին քաղաքականությունը ըստ նոր իրողությունների:

Անկարան Թել-Ավիվի հետ երեք տարի բանակցում էր հաշտեցման նպատակով: Ռուսաստանի եւ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի ձգտումը պայմանավորված է մեկուսացումից դուրս գալու ցանկությամբ: Նոր ուղղությունը ընդհանուր գծերով սահմանել է ներկայիս վարչապետ Յըլդրըմը, հայտարարելով, որ երկիրը պետք է ավելացնի բարեկամների եւ պակասեցնի թշնամիների թիվը:

Սիրիայի հարցում Մոսկվայի եւ Անկարայի դիրքորոշումները մինչեւ օրս խիստ տարբեր են, սակայն երկու կողմերը ընդհանուր շահեր ունեն այդ երկրի տարածքում: Դրանցից մեկը պայքարելն է «Իսլամական պետության» դեմ: Ստամբուլի օդանավակայանում պատահած զազրելի ահաբեկությունից հետո Թուրքիան ու Ռուսաստանը դյուրությամբ կհամագործակցեն այդ ոլորտում, նկատի ունենալով, որ մահապարտ ահաբեկիչներից մեկը ծագումով Չեչնիայից էր:

Ինչ վերաբերում է Սիրիայի ապագային, այստեղ ամեն ինչ բարդ է: Թուրքիան շարունակում է պահանջել նախագահ Բաշար Ասադի պաշտոնաթողությունը, դա համարելով քաղաքական կարգավորման նախապայման: Սակայն վերջերս միջազգային ընկերակցությունը կատարեց մի քանի հետքայլ. այժմ գերիշխում է այն կարծիքը, թե Բաշար Ասադը կարող է իշխանության գլուխ մնալ անցումային ժամանակաշրջանում: Սա լիովին համընկնում է Մոսկվայի մոտեցմանը, ըստ որի Սիրիայի ժողովուրդն իրավունք ունի տնօրինելու սեփական ճակատագիրը:

Յաքըշի կարծիքովՙ Թուրքիան այլեւս չպետք է պահանջի Ասադի պաշտոնաթողությունը, թեեւ ռուս-թուրքական հարաբերություններում տարաձայնությունների գոյությունը սարսափելի չէ. միջազգային գործերում դա միանգամայն բնական է: Ամենագլխավորն այն է, որ նոր հիմք ստեղծվեց շփումների ու բանակցությունների համար:

Թել-Ավիվի համալսարանի Անվտանգության խնդիրների ազգային հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, Մոսկվայում Իսրայելի նախկին դեսպան Ցվի Մագենը նշում է, որ Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը օրերս հաստատեց Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագիրը: Որոշ նախարարներ դեմ էին հաստատմանը: Մի շարք հարցերի առնչությամբ Թուրքիան չէր ներկայացրել Իսրայելին ցանկալի լուծումներ, մասնավորապես «Համասի» հետ չէր կարգավորել Պաղեստինում գտնվող իսրայելցի գերիների եւ սպանված իսրայելցիների մարմինների վերադարձման հարցերը: Թել-Ավիվում Թուրքիայի հանդեպ վերաբերմունքը մնում է բավական սառը. երկյուղներ կան, թե Գազայում Թուրքիայի գործողությունները բացասաբար կանդրադառնան Իսրայելի շահերի վրա: «Եվ այդուհանդերձ Թուրքիան տարածաշրջանում բավական լուրջ խաղացող է, որի հետ չարժե հակամարտության մեջ լինել», ընդգծում է Մագենը:

Նա Իսրայելի եւ Ռուսաստանի հետ հաշտվելու Անկարայի որոշումը համարում է ռազմավարական: Երկու երկրներն էլ լուրջ խաղացողներ են, մասնավորապեսՙ Սիրիայում: Թուրքերը փորձեցին ագրեսիվորեն վարվել երկու երկրների հետ, բայց որեւէ արդյունքի չհասան: Թուրքիան ստիպված որոշեց բարելավել հարաբերությունները. պատճառները ոչ միայն աշխարհաքաղաքական են, այլեւ տնտեսական: «Բնական գազի մատակարարումների հարցում Թուրքիան խնդիրներ ուներ թե՛ Ռուսաստանի եւ թե՛ Իսրայելի հետ, եւ դրանք հարկավոր էր լուծել: Ուստի երկու երկրների հետ մեկ օրվա տարբերությամբ հաշտության հայտարարումը չեմ համարում պատահականություն», շեշտում է նախկին դեսպանը: Մեկ ուրիշ ընդհանուր հարց է զբոսաշրջությունը: Ռուսաստանցի եւ իսրայելցի հանգստացողները Թուրքիայի բյուջեի մուտքերի կարեւոր աղբյուր էին: Անկարան նաեւ պետք է վերսկսի մրգերի արտահանումը Ռուսաստան, պաշտպանական ոլորտում վերականգնի համագործակցությունը Թել-Ավիվի հետ, լուծի շատ այլ հարցեր: Ներկայումս Ռուսաստանն ու Իսրայելը համագործակցում են Սիրիայի ապագա կարգերի քննարկման առումով, հաճախ համակարգում են իրենց գործողությունները: Ըստ որում, թե՛ Ռուսաստանը եւ թե՛ Իսրայելը շփումներ ունեն քրդերի հետ, այնպես որ միաժամանակյա հաշտեցման որոշումը, անշուշտ, պատահական չէ:

Իսրայելի եւ Ռուսաստանի հետ հակամարտության մեջ մտնելովՙ Թուրքիան հույս ուներ դառնալ տարածաշրջանի մահմեդական պետությունների առաջնորդը: Այստեղ նրա գլխավոր մրցակիցը Իրանն է, որը շիաների ռազմավարական առանցք է ձեւավորում: Դա ներհակ է Անկարայի շահերին, չխոսելով արդեն գաղափարախոսական տարբերությունների մասին: Առնվազն Սիրիայի հարցում Ռուսաստանը Իրանի հետ նույն դաշնախմբում է, ուստի կարծես թե հակադրվում է Թուրքիային: Իսրայելը, ընդհակառակը, Իրանին (մեղմ ասած) չի սիրում, եւ Անկարան հույս ունի Թել-Ավիվի հետ երկխոսություն ծավալել Սիրիայում Թեհրանին զսպելու նպատակով: Թուրքիան չի ուզում, որ Սիրիայի եւ տարածաշրջանի վերաբերյալ որոշումներ ընդունվեն առանց իր մասնակցության, հետեւաբար ստիպված է դիմել փոխզիջումների: Մոսկվայի եւ Թել-Ավիվի հետ հարաբերությունները կարգավորելու Անկարայի որոշումը նոր իրադրություն է ստեղծում տարածաշրջանում եւ ուժեղացնում է Ռուսաստանի դիրքերը եւ ապացուցում նրա կարեւորությունը, կարծում է Ցվի Մագենը:

Բրյուսելում գործող Եվրոպական քաղաքականության կենտրոնի (EPC) ավագ վերլուծաբան, Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին քաղաքականության փորձագետ Ամանդա Փոլը իր հերթին կարծում է, որ Ռուսաստանի եւ Իսրայելի հետ հաշտվելը չափազանց կարեւոր է Թուրքիայի համար եւ վկայում է Անկարայի վերադարձը առավել գործամետ արտաքին քաղաքականության ոլորտ: Իսրայելի հետ կապերի խզումից վեց տարի անց համաձայնագրի կնքումը էական դեր ունի երկու պետությունների եւ ամբողջ տարածաշրջանի համար: Դա կնպաստի Իսրայելի եւ Թուրքիայի տնտեսական զարգացմանը, ինչպես նաեւ կարեւոր է Պաղեստինի համար: Այժմ Թուրքիան ունի պաղեստինցիներին օգնելու ավելի մեծ հնարավորություններ (համաձայնագրի պայմաններից մեկը իսրայելական Աշդոդ նավահանգստով Գազա մարդասիրական օգնություն հասցնելու հնարավորությունն է):

ԱՄՆ-ը նույնպես գոհ է իրադարձությունների նմանօրինակ ընթացքից. տարածաշրջանում նրա ավանդական դաշնակիցները վերականգնել են բնականոն հարաբերությունները: Անկարա-Մոսկվա հաշտեցումը նմանապես լավ նորություն է: 2015 թ. նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանում պատահած միջադեպից հետո ռուսների պատժամիջոցները լուրջ վնաս պատճառեցին Թուրքիայի տնտեսությանը, ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը էապես կրճատվեց: Հարաբերությունների բարելավումը թույլ կտա վերականգնել եւ ուղղորդել երկկողմ տնտեսական կապերը: Նորությունը դրական է տարածաշրջանի նաեւ ուրիշ պետությունների, մանավանդՙ Ադրբեջանի համար, որը բավական անհարմար վիճակում էր հայտնվել Թուրքիայի հետ ավանդական սերտ հարաբերությունների եւ Ռուսաստանի հետ կապերի կարեւորության պատճառով:

Տնտեսության եւ անվտանգության վիճակի վատացումը, տարածաշրջանում երկրի մեկուսացման խորացումը եւ միջազգային վարկի անկումը Թուրքիային ստիպեցին փոփոխել իր քաղաքականությունը: Անկարայի արտաքին քաղաքականությունը դարձել էր չափազանց գաղափարախոսական ու կտրուկ: Դրա հետեւանքը դարձավ բարեկամների թվի զգալի կրճատումը: Ի վերջո Անկարան գիտակցեց փոփոխության անհրաժեշտությունը: Վարչապետ Դավութօղլուի պաշտոնաթողությունից հետո ձեւավորվեց առավել դրական քաղաքականություն, եւ դա սոսկ զուգադիպություն չէ: Սրանով հանդերձ Ամանդա Փոլը կարծում է, որ Անկարայի արտաքին քաղաքականության ձախողումների համար միայն Դավութօղլուին մեղադրելը ճիշտ չէր լինի, քանի որ նրա բոլոր քայլերին հավանություն էր տալիս Էրդողանը:

Նախորդ գրառումը

ԳՐԱԴԱՐԱՆԸ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐ-ՄԱՏԵՆԱԳԵՏԸ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԲԼԵՐԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԻՐԱՔԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

ԲԼԵՐԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԻՐԱՔԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՄԱՐ

Լրահոս

Փաշինյանի և Ֆոն դեր Լայենի համատեղ ասուլիսը

02/07/2026

https://www.youtube.com/watch?v=FJnBcV-W2EA

Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան

01/07/2026

Պատմական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը շարունակել է Իսրայելի կառավարության՝  Հայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ հարցազրույց տալով News.am-ին։ Արմեն Այվազյանն առանձնացրել է...

Հայաստանի զինված ուժերում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել

01/07/2026

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ...

GB News լրատվամիջոցն անդրադարձել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ուղղված մեր պաշտոնական նամակին

01/07/2026

Բրիտանական հեղինակավոր GB News լրատվամիջոցն անդրադարձել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ուղղված մեր պաշտոնական նամակին: Մեր իրավաբանական թիմի...

Եթե ՍԴ-ն վերաբաշխի մանդատները, ԲՀԿ-ի 5 մանդատի հաշվին ՔՊ-ից կպակասի 3, «Ուժեղ Հայաստան»-ից կամ «Հայաստան»-ից՝ 1 մանդատ. Օրբելյան

01/07/2026

Մենք երկու պահանջ ունենք՝ անվավեր ճանաչել ընտրության արդյունքները. այդ դեպքում ողջ Հայաստանում վերաքվեարկություն է լինելու։ Եթե ամբողջ Հայաստանում վերաքվեարկություն չեղավ,...

Եթե դատարանն ամբողջությամբ անվավեր չճանաչի ընտրության արդյունքները, առնվազն պետք է կայացնի անվավեր ճանաչելու և մանդատների  վերաբաշխման որոշում. Օրբելյան

01/07/2026

Առկա փաստերը հիմք են տալի պնդելու, որ այն դեպքում, եթե դատարանն ամբողջությամբ անվավեր չճանաչի ընտրության արդյունքները, առնվազն պետք է կայացնի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական