Հինգշաբթի, Հուլիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԱՓԻԴ ՄԵՋ ՄՆԱ ՈՒ ԿԱՐՃԱՑՐՈՒ ԼԵԶՈՒԴ

30/01/2015
- 30 Հունվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի «հավասարության նշանը» ինչ-որ փոփոխության է ենթարկվել, բայց ի՞նչ օգուտ…

Ավելի քան 20-ամյա զինադադարի պայմանավորվածության պայմաններում ղարաբաղյան հակամարտությունը երբեմն կոչում են սառեցված, թեեւ այդպիսին կոչելու հիմքեր չկան. հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ժամանակ առ ժամանակ ակտիվանում են դիվերսիաներն ու սադրանքները, փորձեր են արվում փոխելու սահմանային գծերի մոտավոր ուրվագծերը, դրա հետեւանքով էլ զոհվում են զինվորներ, խաղաղ բնակիչներ` որոշ դեպքերում հայկական, այլ դեպքերում ադրբեջանական կողմից տուժածների գերակշռությամբ:

Ոչ մի կերպ չեն կարող սփոփիչ լինել հակառակորդի կրած կորուստների մեծաթիվ լինելն ու այդպիսով ի ցույց դրվող ձախողումները, երբ սահմանին ու շփման գծին զոհերը հաջորդում են միմյանց: Սփոփիչ չեն նաեւ պարգեւատրումները, հետմահու: Առավել անմխիթար է մոտեցումն այս իրականությանը, երբ զինադադարի 2014թ. օգոստոսյան խախտումներին ու զոհերին հիմա էլ հունվարյանն է հաջորդում:

Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը երկու զոհ, ապա հունվարի 11-ին` հայ հովվի սպանությունը, հունվարի 17-ին եւս մեկ զինծառայող, հունվարի 20-ին`մեկ զոհ, որին հաջորդեց եւս մեկ զինվորի մահը նույն օրվա գիշերը, հունվարի 21-ի առավոտյան էլ` զոհ դիպուկահարի կրակոցից, հունվարի 23-ին էլ կրկին երկու զոհ եւ մեկ վիրավոր: Սարսափելի թվաբանություն է, իսկ որպես վիճակագրություն` դաժան:

Այս նույն ժամանակահատվածի համար ադրբեջանական կողմից, ըստ հայկական աղբյուրների, զոհերը շատ ավելի մեծաթիվ են, որոնց մասին, սակայն, ադրբեջանական լրատվամիջոցներում նախընտրում են, եթե ընդհանրապես որոշում են իրազեկել, տեղեկացնել որպես բանակում դժբախտ պատահարներից տուժածներ` այն էլ դեպքերից օրեր անց: ԼՂՀ պաշտպանության բանակի հաղորդագրության համաձայն, Ադրբեջանում պաշտոնապես էլ որոշում է կայացվել սեփական զինուժի վերաբերյալ որեւէ բացասական տեղեկատվության չհրապարակումը, այդ իսկ պատճառով սահմանին ու շփման գծին հունվարյան իրավիճակի մասին ադրբեջանական կայքերում գրեթե ոչինչ գտնել հնարավոր չէ, բացառությամբ ստանդարտ ու ամեն օր նույն ժամին` առավոտյան 10:30-ի մոտակայքում հրապարակվող «հայկական կողմից խախտել են զինադադարը» պատրաստի լուրից:

Ամեն դեպքում, ակնհայտորեն անգամ պաշտոնական հաղորդագրություններում տոնայնության ու բովանդակության փոփոխություն է նկատվում այն մոտեցմամբ, որ հայկական կողմն իր պարզաբանումներում ավելացրել է, թե իրականացվում են նաեւ պատժիչ գործողություններ, որ խաղաղություն է պարտադրվելու Ադրբեջանին: Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մակարդակով արվում են հայտարարություններ, թե «Մեր հանդեպ ձեռնարկված ցանկացած միջադեպի հետեւել եւ հետեւելու է հատուցման գործողություն»:

Ասել է, թե ադրբեջանական նույնանման քայլերի դեպքում լարվածության սրացումը կարող է դառնալ անխուսափելի:

Իսկ որ Ադրբեջանում առանձնակի չեն մտահոգված ոչ ձախողումներով, ոչ զոհերով, կարելի է եզրակացնել այն իրավիճակից, որ շարունակական է մնում երկրում մարդու իրավունքներով զբաղվողների, լրագրողների, ակտիվիստների նկատմամբ ճնշումների ու ձերբակալությունների ֆոնին: Հաստատապես Ադրբեջանին անհրաժեշտ է միզաջգային տարբեր կամզակերպությունների ու տարբեր պետությունների քննադատությունը մարդու իրավունքներին առնչվող իրավիճակի վերաբերյալ շեղել այլ ուղղությամբ, որի համար, ըստ ադրբեջանական քարոզչության, «ագրեսոր» Հայաստանը որպես հարեւան արդեն իսկ բավարար պատճառ է:

Այսինքն` սահմանային լարվածությունն Ադրբեջանի համար ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանի ուշադրությունը շեղելու հարցն է լուծում, որեւէ ադրբեջանական կողմի ունեցած խնդիրներում թերեւս առաջնային է, հաշվի առնելով, որ երկրում բռնությունների քննադատությամբ արտահայտվող երկրների հետ երկկողմ հարաբերությունները սկսել են տուժել` լինի ադրբեջանա-ամերիկյան, թե այլ երկկողմ շփում:

Սակայն ներքին իրավիճակը սահմանային լարվածությամբ ու զոհերով շղարշելու մտադրությունը չի կարող միակը լինել Ադրբեջանի պարագայում: Հիմնավոր են նաեւ դատողություններն այն առնչությամբ, որ Թուրքիան «ադրբեջանական ճակատում» այսպես էլ պատրաստվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Գրեթե պատերազմական իրավիճակի ստեղծումը ադրբեջանական դիվերսիաների միջոցով իսկապես կարող է 100-ամյա ողբերգության նկատմամբ ուշադրության պակաս առաջացնել այն դիտարկմամբ, որ մերօրյա հակամարտությունը զոհերով կարժանանա առավել մեծ ուշադրության ու ջանքերի:

Եվ եթե այս ամենին գումարենք բանակցային հանդիպումներին անընդհատ նոր առաջարկների փաթեթով ներկայացող Ադրբեջանի ցանկությունը ստանալու ավելին ու միջազգային հանրության գրեթե լռելյայն մոտեցումն այս իրավիճակին, ակնհայտ է, որ մեծագույն ցանկության դեպքում անգամ պատերազմի հավանականությունը զրոյին մոտեցնել չի հաջողվի:

Ամեն դեպքում, միջազգային արձագանքի առումով առաջին թվիթերյան խոսքը, կրկին ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի նախագահներին հենց հունվարի 23-ին արեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը` կոչ անելով դադարեցնել բռնությունները շփման գծում եւ հավատարիմ մնալ բանակցային գործընթացին: Ալիեւ կրտսերին թվիթերյան կոչերը հասու չեն երեւի, քանի որ դիվերսիոն փորձերը շարունակվեցին:

Նույն հաջողությամբ դժվար թե Ալիեւին հասնեին նաեւ Հայաստանի արտգործնախարարի խոսքերն ու մեկնաբանությունները, երբ Էդվարդ Նալբանյանն ամփոփեց ԱԳՆ 2014թ. գործունեությունը հունվարի 26-ին: Սահմանային դեպքերի առնչությամբ, թե ինչու է ԱԳՆ-ը պասիվ, նախարարը հարկ համարեց ներկայացնել, թե ինչպես է դիվանագիտությունն ընդհանրապես աշխատում:

«Արտգործնախարարությունը անում է բոլոր անհրաժեշտ գործողությունները: Իհարկե, ոմանք, անհրաժեշտ գործողություններ ասելով պատկերացնում են աջ ու ձախ աղմուկ հանելը, իսկ ոմանքՙ համապատասխան հետեւողական աշխատանք տանելը: Եթե այստեղ խոսքը գնում է «ճառ ասելու, թե զանգ կախելու մասին», ես նախընտրում եմ երկրորդը», միով բանիվ այսպես պարզաբանեց Նալբանդյանը:

Այդուհետեւ Ուորլիքը տեղեկացրեց, որ հանդիպում է նախապատրաստվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ` Կրակովում, հունվարի 27-ին, ինչի առնչությամբ էլ ԵԱՀԿՄինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) եւ Պիեռ Անդրուն (Ֆրանսիա)` Մամեդյարովի հետ հանդիպումից հետո հանդես եկան հայտարարությամբ: Այդ համատեքստում էլ քիչ անհասկանալի է հայկական կողմում հրճվանքը, թե վերջապես կոչերն ու զուսպ լինելու հորդորներն ուղղղակի հասցեագրված են միայն Ադրբեջանին այն դեպքում, երբ հանդիպմանը կարծես ուրիշ մեկ երկրի ներկայացուցիչ չի եղել:

Ինչեւէ, հայտարարությունում, մասնավորապես, համանախագահները նշել են, որ Մամեդյարովին խորը մտահոգություն են հայտնել հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում հարձակումների առնչությամբ, որոնց արդյունքում կան զոհեր:

«Մենք կոչ ենք արել Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման լուծման իր ստանձնած պարտավորություններին» ձեւակերպմամբ փաստացի Ադրբեջանին հորդորում են դիվերսիաների չգնալ, ինչպես նաեւ չմոռանալ խաղաղ գործընթացին հավատարիմ լինելու սեփական հայտարարությունները:

Այս ձեւակերպման շարունակությունը տարբերվում է ինչպես խստությամբ, այնպես էլ բառապաշարով`արդեն ուղղված Հայաստանին. «Մենք կոչ ենք անում նաեւ Հայաստանինՙ բոլոր միջոցները ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ»:

Ակնառու է, որ հավասարության նշանի հետ ինչ-որ բան է պատահել, քանի որ Ադրբեջանին ուղղված կոչն ավելի խիստ, անգամ դիտողության երանգ ունի այն դեպքում, երբ Հայաստանին կարծես առաջարկում են հանդարտեցնել իրավիճակը:

Առավել հետաքրքրական ու թերեւս բացառիկ ձեւակերպում է հունվարի 27-ին տարածված հայտարարության այն հատվածը, որում ասվում է, թե համանախագահները «Ադրբեջանի արտգործնախարարին հիշեցրել են Մինսկի խմբի համանախագահների մանդատի (լիազորությունների շրջանակի), Մինսկի խմբի համանախագահների դերի եւ ԵԱՀԿ դիտորդների պարտականությունների մասին եւ մտահոգություն հայտնել շարունակվող բանակցային գործընթացի վերաբերյալ հնչող քննադատության առնչությամբ»: Այսինքն` համանախագահներն արձագանքել են ադրբեջանական կողմի ինչպես քննադատությանը, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբին ուղղված մեղադրանքներին, եւ ըստ իս, Մամեդյարովի համար ամենատգեղ ձեւակերպմամբ` դիվանագիտական կոշտ լեզվով ու գրեթե պահանջովՙ կարճացնելու Ադրբեջանի լեզուն:

Ինչ կտա այս հայտարարությունը` դժվար չէ կանխատեսել, հաշվի առնելով հարեւան երկրում տիրող իրավիճակն ու իրականության հետ վերջին աղերսներից զրկվող Ալիեւ կրտսերի կառավարման ոճը: Վկան հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Տավուշում հնչած կրակոցներն են ու դիվերսիոն գործողությունը, որի ժամանակ երկու զինծառայող է վիրավորվել:

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ տարածաշրջանային տուրիզմն այլեւս ոչինչ չի փոխում, ուստի այդ այցելության ազդեցությունն ու նշանակությունը եւս գրեթե առ ոչինչ են, հատկապես որ Ադրբեջանին առայժմ զսպելու միակ եւ արդարացի միջոցը մնում է սահմանին ու շփման գծում կանգնած զգոն ու աչալուրջ զինվորը:

Նախորդ գրառումը

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ` ՀՈԼՈՔՈՍԹԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ

Հաջորդ գրառումը

ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՆՊԱՍՏԱՎՈՐ ԼԻՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

03/07/2026
Հաջորդ գրառումը

ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՆՊԱՍՏԱՎՈՐ ԼԻՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Լրահոս

Եթե ես արժանի էի մեր ձևով եկեղեցուն պաշտպանելու համար կալանքի և բանտային խցում կալանքը կրելու,  ես դրա համար հպարտ եմ. Սամվել Կարապետյան

09/07/2026

13 ամիս առաջ ինձ առաջադրվեց 3 մեղադրանք,  մեկը՝ «մեր ձևով» եկեղեցուն պաշտպանելու  համար, որի համար ես հպարտ եմ, և երկու...

Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվեց

09/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է: Հիշեցնենք, որ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական...

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն իր զորակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին

09/07/2026

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ամբողջ աշխատակազմը խոր մտահոգությամբ և լիակատար աջակցությամբ իր զորակցությունն է հայտնում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ...

Սամվել Կարապետյանի տնային կալանքը 2 ամսով երկարացվեց

09/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը ևս երկու ամիս կմնա տնային կալանքի տակ: Հիշեցնենք՝ դեկտեմբերի 30-ին Սամվել Կարապետյանի նկատմամբ դատարանը...

Ոչ թե կարված գործ է, այլ կարկատան է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ձայնագրություն է ուղարկել

09/07/2026

Մեր երեսին ուղղակի շպրտում են` եթե ձեր իշխանությունները ոչինչ չեն անում և շահագրգիռ չեն ձեր վերադարձով, ի՞նչ եք ուզում միջազգային...

ԱՄՆ-ն հարվածել է Իրանի Չինաստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղային կամրջին

09/07/2026

Միացյալ Նահանգները հարվածել է Չինաստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղային միջանցքի Աքկալա կամրջին. տեղեկատվությունը տարածել է Fars գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ այսօր առավոտյան, Իրանի հյուսիսում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական