Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ՓԱՐԱՔԱՐԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԿԱՐԳ ՉԻ ԱՆՑԿԱՑՎԻ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայ եկեղեցու Արմավիրի թեմի կարգադրությամբ Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցում հոգեհանգստյան կարգի անցկացումը կարգելվի: «Ազգ»-ի հետ զրույցում թեմից տեղեկացրեցին, որ ստացել են բազմաթիվ նամակներ, դժգոհություններ բնակիչներից, հետեւաբար թեմը երկար քննարկումներից հետո հանգել է նման որոշման:

Հիշեցնենք, որ եկեղեցում անցկացվող հոգեհանգստյան կարգի պատճառած անհարմարությունների մասին գրել է նաեւ «Ազգ»-ը:

Օգոստոսի 31-ի համարում, ներկայացրել էինք փարաքարցիների դժգոհություններն այն մասին, որ կատարվող թաղման եւ հոգեհանգստյան արարողությունների պատճառով կորցրել են իրենց հանգիստը եւ այնպիսի տպավորություն էՙ կարծես ամեն օր մասնակցում են թաղման եւ հոգեհանգստյան արարողությունների: Բացի այդ, հոգեհանգստյան կարգերի անցկացումը մեծ խնդիր էր առաջացնում նաեւ վարորդների համար, ովքեր ամեն օր երթեւեկում էին այդ հատվածով:

Եկեղեցին գտնվում էր Էջմիածին-Երեւան մայրուղու հենց մայթին եւ արարողությունների ժամանակ արդեն գերծանրաբեռնված փողոցներով երթեւեկելը դառնում էր անհնար: