Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ՓԱՌԱՏՈՆ` ՆՎԻՐՎԱԾ ՌՈՄԱՆՈՍ ՄԵԼԻՔՅԱՆԻ 130-ԱՄՅԱԿԻՆ

Մ. Հ.

Դեկտեմբերի 23-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնի համերգը, որը նվիրված է Ռոմանոս Մելիքյանի 130 եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90-ամյակներին:

Ծրագրում կհնչեն Ռոմանոս Մելիքյանի «Օրորե», «Վայրի ծաղիկ», «Սեւ կաքավիկ», «Ծիլ-ծիլ ա», «Ես բլբուլ եմ», «Աշնան երգ», «Պսակ-պսակ», «Կլոր պար», «Սիրուն գիշեր», «Դափ դափի դափ», «Շափաղ կուտաս», «Մի լար», «Արտուտիկ», «Զընկլիկ», «Վարդը», «Սիրուն ուռենի» վոկալ ստեղծագործությունները: Համերգային ծեւագրի մենակատարներն են` Արմինե Խաչատրյանը, Արմինե Վարդանյանը, Արշակ Մուրադյանը, Փիրուզա Արզումանյանը, Անուշ Մելքումյանը, Լուիզա Երեմյանը, Կիմ Սարգսյանը:

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը յուրաքանչյուր տարի կրում է այն մեծերի անունները, ում հոբելյանը նշվում է տվյալ տարի: Փառատոնի նպատակն է սերունդների միջեւ ամուր կապի ստեղծումը, հայ կոմպոզիտորական դպրոցի` ապագա սերունդների համար ստեղծած ժառանգության արժեւորումը եւ այդ գործընթացի շարունակականության ապահովումը: Փառատոնը միտված է նաեւ հայ կոմպոզիտորական դպրոցի նվաճումների հանրահռչակմանը:

Նշենք, որ Հայ կոպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո:

Այն կազմակերպել են մշակույթի նախարարությունը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը եւ Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունը: