Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՕՐԱՑՈՒՅՑԸ ՊԱՏՄՈՒՄ Է ՆԱԽԱՑԵՂԱՍՊԱՆԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հ. Ծ.

«Լույսը խավարից առաջ»: Սա է «SAVE» ծրագրի Հայկական լուսանկարչական արխիվներ բաժնի հրատարակած 2014 թվի օրացույցների թեման, որտեղ, ըստ «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթում տպագրված Թոմ Վարդապետյանի հոդվածի, ներկայացված է Օսմանյան կայսրությունում նախացեղասպանական ժամանակների հայերի առօրյա կյանքը:

Ծրագրի 27-րդ օրացույցը մեզ շրջագայության է տանում դեպի Վան, Բիթլիս, Էրզրում, Տիգրանակերտ, Խարբերդ եւ ապա դեպի Սեբաստիա, Ամասիա, Կեսարիա եւ Պարտիզակ: Շապիկի նկարում Էնդրիկյան ընտանիքն է Մալաթիայից: Ընտանիքի անդամները ճանաչված պղնձագործներ եւ հողագործներ են եղել: Թեմայի մասին մտածելիս ծրագրի գործադիր տնօրեն Ռութ Թոմասյանը կապ է տեսել «լույսի» եւ «կյանքի» միջեւ: «1914-ին արդեն հայերն զգում էին, որ վատ ժամանակներ են գալու»: Որոշ ընտանիքներ իրենց զավակներին Եվրոպա էին ուղարկել կամ Ամերիկաՙ նոր կյանք սկսելու: Բայց մեծ մասը մնում էր, չէ՞ որ իրենց բնօրրանն էր, ո՞ւր գնային», ասում է նա:

Օրացույցի նկարները ընտրվել են հազարավորների միջից: Դրանք ցույց են տալիս, թե ինչպիսի կենսունակ կյանք են վարել մեր նախնիները: Թոմասյանը հավաքել է ավելի քան 35 հազար նկար, որոնց մի մասը 1860-ական թվականներին է պատկանում: «Այսօր էլ այդ վայրերը ձգում են մեզ մագնիսական ուժով, եւ մենք ցանկանում ենք մեր սեփական աչքերով տեսնել դրանք», նշում է նաՙ ավելացնելով, որ օրացույցի պատրաստման աշխատանքներում իրեն օգնել են Վարդուշ Վարադյանը, Սյուզան Ադամսը, Ջոն Կեբաջյանը եւ Արամ Սարգիսյանը: