Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼ ԵՆ ՊԵՆՏԱԳՈՆԻ ՊԱՏՎԵՐՆԵՐ

2000 թվականից մինչեւ օրս գերմանական 22 համալսարաններ եւ գիտահետազոտական ինստիտուտներ դրամաշնորհների տեսքով ընդհանուր առմամբ մոտ 10 մլն դոլար են ստացել ԱՄՆ պաշտպանության նախարարությունից, հաղորդում է գերմանական «Դի Վելթ» թերթը: Պենտագոնը վճարել է ինչպես հիմնարար (ֆունդամենտալ) հետազոտությունների, այնպես էլ ռազմական տեխնոլոգիաների ասպարեզում կատարված աշխատանքների դիմաց: Պենտագոնից դրամաշնորհներ ստացել են նույնիսկ այն համալսարանները, որոնք համապատասխան փաստաթղթերի ստորագրումից հետո հրաժարվել են ռազմական հետազոտություններ անցկացնել բուհի ներսում:

Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմիլիան համալսարանը 2012 թ. ավելի քան 470 հազար դոլար դրամական օժանդակություն է ստացել պայթուցիկ նյութերի մարտական հատկանիշների բարելավման ոլորտում կատարած հետազոտությունների համար, հաղորդում է թերթը: Ֆրաունհոֆերի անվան ընկերությունը (կիրառական հետազոտությունների ինստիտուտների միավորում) ամերիկյան բանակի համար մշակել է նոր զրահապատ ապակի եւ մարտագլխիկներ, Մարբուրգի համալսարանն աշխատել է ամերիկյան անօդաչու ինքնաթիռների տարածական կողմնորոշման համակարգերի եւ «կառավարելի ճշգրիտ զինամթերքների» վրա:

Պենտագոնի եւ գերմանական բուհերի կնքած պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 9,4 մլն դոլար: Այդ բուհերի թվում են Մաքս Պլանկի ինստիտուտը, Ֆրաունհոֆերի ընկերությունը, Ալֆրեդ Վեգեների անվան բեւեռային եւ ծովային հետազոտությունների ինստիտուտը եւ Լայբնիցի անվան Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի ագրարային զարգացման ինստիտուտը: