Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ԱՊՍՏԱՄԲՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԶՈՐԱՀԱՎԱՔ ՀԱԼԵՊՈՒՄ

Իսլամիստները մի շարք պարտություններ են կրել

Սիրիացի ապստամբների շարքերում նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ կռվող իսլամիստները զենք բռնելու ունակ բոլոր մահմեդականներին կոչ են արել միանալ իրենց: Ֆրանսպրես գործակալությունը հաղորդում է, որ իսլամիստները ծեր եւ տկար մահմեդականներին հորդորել են ապստամբությանն օժանդակել փողով ու զենքով:

Դավանակիցներին ուղղված այդ արտակարգ կոչը ստորագրել են վեց արմատական խմբավորումներ, այդ թվումՙ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետությունը» եւ «Ալ Նուսրա ճակատը»:

Իսլամիստները խոստովանել են, որ վերջին շաբաթներին իրենք Հալեպի շրջանում մի շարք ծանր պարտություններ են կրել կառավարական զորքերից: Նրանց խոսքերով, ապստամբների շարքերում նկատելի են «մեծ կորուստներ», իսկ հակառակորդը կարողացել է գրավել մի ամբողջ շարք ռազմավարական օբյեկտներ: Կառավարական ուժերը մասնավորապես վերականգնել են հսկողությունը Հալեպի օդանավակայանի վրա, որը չէր գործում մեկ տարուց ավելի: Դա սիրիական բանակին թույլ է տվել բարելավել զորքերի մատակարարումը երկրի հյուսիսում:

Բացի դրանից, կառավարական ուժերը գրավել են Աֆեյրա քաղաքը եւ այն Հալեպին միացնող խճուղու բոլոր բնակավայրերը: Դրա շնորհիվ ամրապնդվել են բանակի դիրքերը Հալեպից հարավ-արեւելք ընկած շրջանում:

Արդեն մեկ տարուց ավելի փոփոխական հաջողություններով ճակատամարտ է մղվում Հալեպի համար: Այդ ամբողջ ժամանակամիջոցում քաղաքը մնում է կիսված, քանի որ կողմերից ոչ մեկը ուժեր եւ միջոցներ չունի ամբողջ Հալեպը վերահսկելու համար:

Չորեքշաբթի հետմիջօրեին հայտնի դարձավ, որ կառավարական զորքերը հերթական հաղթանակն են տարելՙ Դամասկոսից հարավ հետ գրավելով ապստամբների հենակետ Հուջեյրի քաղաքը: Մայրաքաղաքի այդ արվարձանում կա շիաների մզկիթ, որը ներկայումս ռազմակայան է Իրաքից, Իրանից եւ Լիբանանից եկած ջիհադիստ գրոհայինների համար:

Բրիտանական «Սքայ նյուզ» հեռուստաալիքը ընդդիմության աղբյուրներ վկայակոչելով հաղորդում է, որ ավելի վաղՙ նոյեմբերի 13-ին, Դամասկոսի արվարձանում կառավարական բանակի տասնյակ զինվորներ էին սպանվել երկու ականված ավտոմեքենաների պայթյուններից: