Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ՀԱՅԱՍՏԱՆ-ՎԻԵՏՆԱՄ ԱՌԵՎՏՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ

Վ. Պ.

Մաքսային միությանը Հայաստանի սպասվող անդամակցությունը, պարզվում է, լայն հնարավորություններ է բացելու մեր երկրի համար ոչ միայն Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի հետ առանց այն էլ հարմարեցված առեւտրի առնչությամբ, այլեւ, օրինակ, Վիետնամի:

Վերը նշվածը լուրջ չընդունելով հանդերձ` լուրջ ներկայացնենք, որ այսօր Վիետնամ այցելող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր անունից հրապարակված հոդվածով հայտարարել է, թե Վիետնամի հետ Մաքսային միության երկրների ազատ առեւտրի գոտու ստեղծումը կարող է նպաստել առեւտրաշրջանառությանը: Ըստ Ինտերֆաքսի, Պուտինը, չնայած խոսել է Մաքսային միության բոլոր անդամների հնարավոր շահերից, բայց առեւտրաշրջանառության կրկնապատկման հավանականություն է նշել ռուս-վիետնամական հարաբերությունների առումով:

Վիետնամական մի շարք լրատվամիջոցներում հրապարակված հոդվածով Ռուսաստանի նախագահը որպես առեւտրաշրջանառության բազմապատկման ճանապարհ է նշել ազատ առեւտրի գոտու ստեղծման տարբերակը, ինչը, ըստ Պուտինի, «համապատասխանում է Եվրասիայում եւ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում քաղաքական-տնտեսական ինտեգրման տրամաբանությանը»:

Առավել կարեւոր է, որ Պուտինը տեղեկացրել է, որ Մաքսային միության անդամ երկրներ-Վիետնամ ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցություններն արդեն իսկ ընթացքի մեջ են, հաջող ավարտի հույսն էլ ունեն բոլոր կողմերը:

Փաստորեն Հայաստանն էլ, որ ներկա բռնած ուղին շարունակի, մի օր կկարողանա Վիետնամի հետ ազատ առեւտրի գոտում առեւտուր անել…