Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՍԻՐԻԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԺՆԵՎ ՉԻ ԳՆԱ ԻՐԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

Ահմեդ Ջարբայի նախապայմանները

Սիրիայի ընդդիմադիր ուժերի գլխավոր կազմակերպությունըՙ Ազգային կոալիցիան, առաջ է քաշել Ժնեւում նախապատրաստվող հաշտության բանակցություններին իր մասնակցության նախապայմանները: Դրանք Արաբական պետությունների լիգայի անդամների հետ հանդիպման ժամանակ հրապարակել է կոալիցիայի ղեկավար ԱՀմեդ Ջարբան:

Ռոյթեր գործակալությունը մեջբերում է Ջարբայի այն խոսքերը, որ Ժնեւի բանակցություններին Իրանի ներկայացուցիչների մասնակցության դեպքում սիրիական ընդդիմությունը կբոյկոտի այդ բանակցությունները: Ջարբան պահանջել է, որ Իրանը բնութագրվի որպես «սիրիական տարածքի զավթիչ»:

Ընդդիմությունը սպառնում է Ժնեւի բանակցություններին չմասնակցել նաեւ այն դեպքում, եթե դրանց ընթացքում չնշվեն Սիրիայի նապագահ Բաշար Ասադի պաշտոնաթողության կոնկրետ ժամկետներ:

Բացի դրանից, Ահմեդ Ջարբան համաշխարհային ընկերացությունից պահանջել է ընդունել «սիրիական ժողովրդին» ռազմական օգնություն ցույց տալու «հստակ որոշում»: Անշուշտ, խոսքը ընդդիմությանը զինելու պահանջի մասին է: Ազգային կոալիցիայի ղեկավարը խոստացել է, որ մատակարարվելիք զենքը «չի հայտնվի սխալ ձեռքերում»:

Ինչ վերաբերում է բանակցություններին Իրանի մասնակցությանը, Ռուսաստանը կողմ է դրան, մինչդեռ ԱՄՆ-ը հավանություն չի տվել Սիրիայի առնչությամբ այսպես կոչված «Գործողությունների խմբի» մշակած բոլոր համաձայնություններին:

Հոկտեմբերին նախագահ Բաշար Ասադը արդեն քննադատել էր ժնեւյան կոնֆերանսի գաղափարը, կասկած հայտնելով, թե բանակցությունների մասնակիցներն իրոք կներկայացնեն Սիրիայի ժողովրդին: Արաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքի եթերում Ասադը հայտարարել էր, թե «որոշում պետք է ընդունեն սիրիացիները, եւ կարեւոր չէՙ կհամաձայնվե՞ն արդյոք արտասահմանյան ուժերը»:

Ազգային կոալիցիայի ղեկավարությունը նոյեմբերի 9-ին Ստամբուլում կայանալիք նիստում պետք է վերջնական որոշում ընդունի Ժնեւի բանակցություններին սիրիական ընդդիմության մասնակցության վերաբերյալ:

Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված ժնեւյան կոնֆերանսի նախապատրաստությամբ սեպտեմբերի սկզբից զբաղվում են ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը: Երկու երկրների արտգործնախարարները հույս ունեն, որ կոնֆերանսը տեղի կունենա նոյեմբերին: Սակայն ստույգ ժամկետ առայժմ չի նշվել: