Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՔԵՐՐԻՆ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, ՈՐ ԼՐՏԵՍՄԱՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՉԱՓԻՑ ԴՈՒՐՍ ԾԱՎԱԼՈՒՆ ԷՐ

Պ. Ք.

ԱՄՆ-ի եւ ՀԲ-ի գաղտնալսումները դադարեցվել են

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին առաջին անգամ պաշտոնապես խոստովանել է, որ լրտեսման ամերիկյան ծրագրի ծավալները «չափից շատ» լայնընդգրկուն են եղել: Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:

Վաշինգտոնում Քերրին մասնավորապես ասել է. «Այո, որոշ դեպքերում լրտեսման ծրագիրը չափազանց հեռու է գնացել»: Միեւնույն ժամանակ նա հավաստիացրել է, որ լրտեսումն անհրաժեշտ է եղել, իսկ «անմեղ մարդիկ» դրանից չեն տուժել: Պետքարտուղարը նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայություններն այլեւս չեն իրականացնի այնպիսի լրտեսություն, որը զայրացնում է մերձավոր դաշնակիցներին, մասնավորապես Գերմանիային:

CNN հեռուստաալիքը հաղորդում է, որ Կոնգրեսում սկսել են նախապատրաստել գաղտնալսումների սկանդալի կենտրոնում հայտնված ԱԱԳ-ի լիազորությունները սահմանափակող օրինագիծ: Փոփոխությունները, սակայն, լինելու են շատ սահմանափակ եւ վերաբերվելու են հատուկ ծառայության այն գործողություններին, որոնք կապված են ամերիկացիների, այլ ոչ թե օտարերկրացիների հետ:

Տարբեր երկրներ շարունակում են ԱՄՆ-ից բացատրություն պահանջել լրտեսման ծրագրի առնչությամբ: Այսպես, Չինաստանը ամերիկացիներին կոչ է անում իր տարածքից դուրս բերել հատուկ ծառայությունների գործակալներին: Ավելի վաղ ԱԱԳ-ի գործունեությանը վերաբերող մի հրապարակումից պարզվել էր, որ Արեւելյան Ասիայում ԱՄՆ-ը ամենից շատ լրտեսական կենտրոններ ունի Չինաստանի տարածքում: Դրանք կազմակերպված են դեսպանությունների հիմքի վրա, մասնավորապեսՙ Պեկինում:

Հոկտեմբերի վերջերին ԱՄՆ-ից բացատրություններ էին պահանջել Ֆրանսիան, Գերմանիան եւ Իսպանիան, որոնք լրտեսվել էին ինչպես շարքային քաղաքացիների, այնպես էլ ղեկավարների մակարդակով:

Ռոյթեր գործակալությունը հաղորդում է, որ նախագահ Բարաք Օբաման կարգադրել է դադարեցնել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) վաշինգտոնյան կենտրոնակայանների գաղտնալսումները: Գործակալության «լավատեղյակ աղբյուրի» տվյալներով, ԱՄՀ-ի եւ ՀԲ-ի լրտեսումը դադարեցվել է ՄԱԿ-ի կենտրոնակայանի գաղտնալսումների դադարեցման հետ միաժամանակՙ հոկտեմբերի սկզբներին, բայց լրատվամիջոցներին դա հայտնի է դառնում միայն հիմա: