Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

«ԳՐԱԿԱՆ ՏԱՊԱՆԸ» ՀԱՍԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոկտեմբերի 24-ին Գաֆեսճեան արվեստի կենտրոնում կմեկնարկի «Գրական տապան 2013» փառատոնը:

Գրական ամենամյա փառատոնն այս տարի կհյուրընկալի մոտ 50 մասնակցի ամբողջ աշխարհից: Փառատոնին մասնակցում են նաեւ օտարերկրացի 16 հյուրեր, ինչպես «Մենությունը ցանցում» բեսթսելերի հեղինակ Յանուշ Վիշնեւսկին եւ «Տապանի ստվերում» վեպի հեղինակ Աննե Պրովոոստը եւ այլք:

«Գրական տապան» միջազգային փառատոնը գրողների, գրականագետների, ընթերցողների, մշակույթին, գրականությանը նվիրյալ կամ պարզապես սիրող մարդկանց ֆորում է:

Հայաստան հրավիրելով աշխարհի տարբեր երկրների գրականության ներկայացուցիչներին, նրանց ներկայացնելով հայկական մշակույթը, գրականությունը, երկիրը` «Գրական տապան»-ը հայ գրողների, գրականագետների, լրագրողների, ընթերցողների եւ հրավիրյալ գրողների համար ինչպես մասնագիտական, այնպես էլ մշակութային, հասարակական-քաղաքացիական խնդիրների քննարկման հարթակ է դառնում:

Փառատոնի շրջանակում հյուրերն ու հայաստանցի գրողները կհանդիպեն ընթերցողների հետ, կներկայացնեն իրենց գրքերը, գաղափարներն ու ծրագրերը, քննարկումներ կանցկացնեն կլոր սեղանի շուրջ:

Բուհերում եւ գրադարաններում կկազմակերպվեն վարպետության դասեր:

Փառատոնի ընթացքում մասնակիցները կծանոթանան Հայաստանի պատմամշակութային վայրերին կայցելեն Էջմիածին, Զվարթնոց, Օշական, Նորավանք, Խոր Վիրապ, Պատմության թանգարան, Մատենադարան, Փարաջանովի, Մինաս Ավետիսյանի, Պարույր Սեւակի տուն-թանգարաններ:

Հյուրերը ճանաչողական այցով կլինեն նաեւ 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Գյումրիում, որտեղ կմասնակցեն մասնագիտական քննարկումների:

Փառատոնի արդյունքում, ավանդույթի համաձայն, կհրատարակվի օտարերկրյա գրողների Հայաստանին նվիրված ստեղծագործությունների բազմալեզու ժողովածու, որը կլինի բնագրով եւ հայերեն թարգմանությամբ:

«Գրական տապան 2013» միջազգային փառատոնն իրականացնում է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերությունը (ԱՕԿՍ) մշակույթի նախարարության աջակցությամբ: