Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է ՃԱՆԱՉՎԱԾ ԼՐԱԳՐՈՂ ԳԵՆՈՖԻԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Հանկարծահաս ծանր հիվանդության հետեւանքով Գերմանիայում մահացել է շուրջ 30 տարի լրագրությամբ զբաղվող Գենոֆիա Մարտիրոսյանը: «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրող, Մարտիրոսյանին օգնելու նախաձեռնության հեղինակ Սեւակ Հակոբյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ լրագրողի հոգեհանգստի եւ հուղարկավորության մանրամասները հայտնի կդառնան նրա աճյունը Գերմանիայից Հայաստան տեղափոխելուց հետո:

Լրագրողական գործունեության ողջ ընթացքում իր անաչառ վերլուծություններով ու երկրի քաղաքական, հասակակական, սոցիալական խնդիրների հանդեպ սրտացավ վերաբերմունքով, մարդկանց օգնելու պատրաստակամությամբ, գործընկերների կողմից շատ սիրված Ժենյան վերջին շրջանում օգնության կարիք ուներ: Նրա կյանքի միակ փրկությունը Գերմանիայում` Քյոլնի հիվանդանոցում շտապ վիրահատության եւ բուժման կուրսն անցնելն էր, ինչի համար ֆինանսական մեծ միջոցներ էին անհրաժեշտ` 60 հազար եվրո:

Գենոֆիա Մարտիրոսյանը շուրջ երեսուն տարի իր ավանդն էր ներդրել հայկական լրագրության մեջ: 1984 թվականից սկսած նա աշխատել է տարբեր պարբերականներում, այդ թվումՙ «Կոմսոմոլեց», «Ռեսպուբլիկա Արմենիա» եւ «Առավոտ» թերթերում: Նա եղել է «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթի փոխխմբագիրը, 10 տարի անընդմեջ «Առավոտ» թերթի առաջնորդողների հեղինակն էր, իսկ 2003թ.-իցՙ «Աֆիշա» ամսագրի, այնուհետեւՙ «Հայաստանի զրուցակից» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը:

«Ազգ»-ը խորապես ցավակցում է հայտնի լրագրողի հարազատներին եւ բոլոր գործընկերներին: