«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ` ՀԱՍԿԱՆԱԼԻ Է, ԹԵ ԻՆՉՈՒ ԵՆՔ ՈՐՈՇԵԼ ԱՆԴԱՄԱԿՑԵԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ»

Պարզաբանումներ ներկայացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը
Երեւանում անցկացվող «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային մեդիաֆորումի ժամանակ ելույթ ունենալովՙ երեկ, վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նաեւ տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի քայլերին: Վարչապետի խոսքով, մեր երկրի համար մեծ նշանակություն ունի անվտանգության ապահովումը, քանի որ, ի տարբերություն հարեւան երկրների, տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը Հայաստանի վրա ավելի մեծ ազդեցություն է թողնում փակ սահմանների պատճառով:
«Կարծում եմ` հասկանալի է, թե ինչու ենք մենք որոշել անդամակցել Մաքսային միությանը եւ ինտեգրվել եվրասիական տնտեսական տարածքին: Դա հնարավորություն է տալիս մեր ռազմավարական գործընկերոջ եւ հիմնական ներդնողիՙ Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցելու ավելի հիմնարար պլատֆորմի վրա, թույլ է տալիս հանել բազմաթիվ սահմանափակող գործոններ, որոնք կարող են ի հայտ գալ, եթե Հայաստանը հայտնվի Մաքսային միությունից դուրս: Վերջին տարիներին ինտենսիվ գործընթացներ են տեղի ունենում ՄՄ-ի շրջանակներում, եւ եթե մենք չինտեգրվենք ՄՄ-ին, ապա դա նոր սահմաններ կստեղծի Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսվարող սուբյեկտների միջեւ, ինչը մեզ համար անթույլատրելի շքեղություն է: Դրա համար էլ կայացվել է քաղաքական որոշում, որ մեր երկրի տնտեսության զարգացումը պետք է լինի ՄՄ-ի շրջանակներում», նշեց Տիգրան Սարգսյանը:
Մեդիաֆորումին մասնակցում են ռուսաստանյան եւ եվրոպական երկրների ԶԼՄ-ների 36 ներկայացուցիչներ:
