Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՈՒՍՈՒՑՉԻ ՎԱՐԿԱՆԻՇՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐՆ Է ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ

Պ. Ք.

Սասսեքսի համալսարանի պրոֆեսոր Պիտեր Դոլտոնի կազմած ուսուցիչների հասարակական կարգավիճակի միջազգային սանդղակում առաջին տեղը զբաղեցնում են չին ուսուցիչները: Հետազոտության արդյունքները հրապարակված են Varkey Gems Foundation կազմակերպության կայքէջում:

Վարկանիշներով Չինաստանին հաջորդում են Հունաստանը եւ Թուրքիան, ապաՙ Հարավային Կորեան, Նոր Զելանդիան, Եգիպտոսը եւ Սինգապուրը: Տասնյակը եզրափակում են Հոլանդիան, ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան:

Varkey Gems Foundation-ի հովանավորությամբ անցկացված հետազոտության ընթացքում հարցումներ են անցկացվել աշխարհի 21 երկրում: Վարկանիշը որոշվել է մի քանի գործոններով, այդ թվումՙ ուսուցչի կարգավիճակը մյուս մասնագիտությունների ներկայացուցիչների համեմատությամբ, աշակերտների մեջ հարգանքի մակարդակը, աշխատավարձի մակարդակը, ինչպես նաեւ երկրում ուսուցչական կարիերայի գնահատանքի աստիճանը:

Չինաստանում հարցման մասնակիցների 50 տոկոսը հայտարարել է, որ հավանություն կտար, եթե զավակներն ընտրեին ուսուցչի կարիերան: Չինացիների կարծիքով, կարգավիճակով ուսուցչությանն ամենամոտիկ զբաղմունքը բժշկությունն է: BBC-ն նշում է, որ Մեծ Բրիտանիայում բժիշկներին ամենից հաճախ համեմատել են հիվանդապահների եւ սոցիալական աշխատողների հետ, ԱՄՆ-ումՙ գրադարանավարների, Ճապոնիայումՙ տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Աշխարհում ուսուցիչների հանդեպ աշակերտների ամենամեծ հարգանքն արձանագրվել է Չինաստանում, Սինգապուրում եւ Թուրքիայում, նվազագույն հարգանքըՙ Բրազիլիայում, Իսրայելում եւ Հարավային Կորեայում:

Varkey Gems Foundation-ը ոչ առեւտրային բարեգործական կազմակերպություն է, որը գործում է կրթության ոլորտում: Հիմնադրամի նախագծերի թվում են Պակիստանում ջրհեղեղից տուժած շրջանների դպրոցի վերականգնումը, Նայրոբիում աղքատ երեխաների համար դասարանների կառուցումը, Հնդկաստանի դպրոցների պարենավորումը: