Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

«ԵՐԿՆՔԻՑ ԵՐԵՔ ԽՆՁՈՐ ԸՆԿԱՎ…». ՀԱՅԵՐԵՆ ԲԱՐԲԱՌՆԵՐՈՎ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՏԱՐԲԵՐ ԱԶԳԵՐԻ ՀԵՔԻԱԹՆԵՐ

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը սեպտեմբերի 20-22-ը կանցկացնի «Երկնքից երեք խնձոր ընկավ…» հեքիաթասացության եւ բարբառի 5-րդ մրցույթ-փառատոնը: Այս մասին տեղեկացրեցին մշակույթի նախարարությունից:

Փառատոնի նպատակն է վերակենդանացնել հեքիաթասացությունըՙ որպես բանահյուսական նյութի մատուցման կարեւորագույն միջոց, խրախուսել բանավոր խոսքի մշակույթի զարգացումը: Փառատոնը նպաստում է նաեւ հայերենի այն բարբառների կիրառմանը, որոնք այսօր հնարավորություն չունեն կենցաղավարելու իրենց պատմաաշխարհագրական հայրենիքում (Արեւմտյան Հայաստանի եւ Նախիջեւանի բարբառներ):

«Երկնքից երեք խնձոր ընկավ…» հեքիաթասացության եւ բարբառի 5-րդ մրցույթ-փառատոնին մասնակցելու հայտեր են ներկայացրել Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի մարզերը, ՀՀ-ում բնակվող քրդական, վրացական, գերմանական, եզդիական, լեհական համայնքները, Սիրիայի, Լիբանանի, Վրաստանի, ինչպես նաեւՙ արեւմտահայ համայնքի ներկայացուցիչներ: Մասնակիցները հայերեն բարբառներով կներկայացնեն բելառուսական, գերմանական, ճապոնական, ռուսական, վրացական, իռլանդական, անգլիական, բուլղարական, ֆրանսիական հեքիաթներ:

2013 թ. «Երկնքից երեք խնձոր ընկավ…» հեքիաթասացության եւ բարբառի փառատոնը հաղթող է ճանաչվել ԻԿՕՄ-ի (Թանգարանների միջազգային կոմիտե) գագաթնաժողովի շրջանակներում իրականացվող ՍԵԿԱ-ի (ԻԿՕՄ-ի Կրթության եւ մշակութային գործունեության միջազգային կոմիտե) հայտարարած «Լավագույն փորձ» մրցույթում (Best Practice AWARD)ՙ ընդգրկվելով «5 լավագույն փորձ» ծրագրերի շարքում: