Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՀԹԳՄ-Ն ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԱՆՎՃԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Սեպտեմբերի 10-26-ը Հայաստանի թատերական գործիչների միությունում տեղի կունենա վերջին շրջանի մի քանի ներկայացումների ցուցադրություն:

Ի դեպ, յուրաքանչյուր ներկայացումից հետո կանցկացվեն քննարկումներ` թատերագետների, դերասանների, բեմադրիչների, ինչպես նաեւ, ցանկության դեպքում, հանդիսականի մասնակցությամբ:

Միջոցառումը կմեկնարկի «Խոստովանություն» մոնոդրամայով, ըստ Միշել դը Գելդերոդի` ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Ջանիբեկյանի դերակատարմամբ: Այս տարի վերոնշյալ ներկայացումն արժանացել է «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության «Վահրամ Փափազյան» հատուկ մրցանակին: Ներկայացումը այս ամռանը մասնակցեց նաեւ Կիեւի «Վիդլունյա» մոնոներկայացումների միջազգային 15-րդ փառատոնին` արժանանալով «Լավագույն տղամարդ դերասան» մրցանակին:

Իսկ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստ. արտիստ Ռոբերտ Հակոբյանը կներկայացնի «Ձեզ եմ դիմում տիկնայք եւ պարոնայք» (ըստ Զ. Սուրմելյանի) եւ «Հնագույն մասնագիտություն» (ըստ Թ.Պապաշվիլու) մոնոներկայացումները: Ի դեպ, «Ձեզ եմ դիմումը» այս տարի նույնպես մասնակցեց «Վիդլունյա» մոնոներկայացումների միջազգային փառատոնին` ստանալով գլխավոր մրցանակը:

Կներկայացվեն նաեւ տարբեր տարիներին «Արմմոնո» փառատոնում աչքի ընկած մի շարք մոնոներկայացումներ:

Չեն անտեսվել նաեւ առավել աչքի ընկած երիտասարդական ներկայացումներից մի քանիսը` «Մահը թակում է դուռը», ըստ Վ. Ալենի, բեմադրիչ Լիլիթ Մելիքյան, «Չեմ բողոքում», ըստ Դ. Ֆոյի եւ Ֆ. Ռամեի, բեմադրիչ Մարիամ Սարյան, «Կոմիտասի տասը պատվիրանները», հեղինակ եւ բեմադրիչ Ցոլակ Մլքե-Գալստյան: Դիտումները կեզրափակի Արթուր Կարապետյանի «Յագո» ներկայացումը, ըստ Վ. Շեքսպիրի:

Ներկայացումների մուտքն ազատ է: