ՎԱՐԴԳԵՍ ԱՐԾՐՈՒՆԻ, Ռուսաստանի վաստակավոր շինարար
ՎԼԱԴԻՄԻՐ ԶԱԽԱՐՈՎ, Սեւծովյան-կասպիական տարածաշրջանի քաղաքական ու սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն
«Литературная газета», N 30, 24.07.2013г., Ռուս. թարգմ. Պ. Ք.
Պատմական ճշմարտության իրավական պաշտպանության անհրաժեշտության մասին
Ստորեւ թարգմանաբար ընթերցողի ուշադրությանն ենք հանձնում «Լիտերատուրնայա գազետա» մոսկովյան շաբաթահանդեսում լույս տեսած ուշագրավ հոդված, որն ընդդիմություն է եւ արժանի հակահարված ռուսաստանյան նեոֆաշիստական շրջանակներին, որոնց համար հիտլերական վայրագությունները եւ Թալեաթ-Էնվեր-Ջեմալ-Աթաթուրք ցեղասպանների արարքները դատապարտելի չեն:
Ինչպես հայտնի է դարձել, ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի քննարկմանը ներկայացվել է օրինագիծ, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում նացիզմի արդարացման համար: Անվտանգության եւ կաշառակերության հակազդման կոմիտեի նախագահ Իրինա Յարովայի ներկայացրած օրինագծի համաձայն, Միջազգային ռազմական դատարանի (Նյուրնբերգյան դատարանի) կայացրած դատավճռի ժխտումը, ինչպես նաեւ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ հակահիտլերյան կոալիցիայի երկրների բանակներիՙ միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանմանն ուղղված գործունեության ժխտումը կամ ստահոդ տեղեկությունների տարածումը քրեապես պատժելի են տուգանքի եւ մինչեւ երեք տարվա բանտարկության ձեւով: ԶԼՄ-ների օգտագործմամբ ձեռնարկվող համանման արարքները կհանգեցնեն մինչեւ հինգ տարվա պատժի:
Զարմանալի չէ, որ նմանօրինակ օրենսդրական փոփոխությունների լոկ հնարավորությանը վերաբերող տեղեկատվությունը Ռուսաստանում նացիզմը վերականգնողների որոշ խավերի գցել է գրեթե հիստերիկ վիճակի մեջ: Օրենքը դեռ չի ընդունվել, բայց արդեն հիմա Իրինա Յարովայի եւ ամբողջ պատգամավորական կորպուսի դեմ ուղղվում են ամբողջական գրաքննություն եւ ստեղծագործական ինքնարտահայտման ճնշում իրականացնելու մեղադրանքների հեղեղ: Չենք մեջբերի «պատմության ազատ մեկնիչների» զայրացկոտ արձագանքները, ովքեր տարօրինակ զուգադիպությամբ նախընտրում են համառորեն չնկատել, օրինակ, «Մեր մայրերը, մեր հայրերը» գերմանական խայտառակ ֆիլմը, որը գերմանաֆաշիստական զավթիչներին ներկայացնում է որպես սկզբունքորեն բավական լավ տղաների, որոնք ազնվորեն կատարում էին հրամանըՙ ի տարբերություն խորհրդային զինվորների եւ խորհրդային ժողովրդիՙ անխիղճ անասունի, որը չգիտես ինչու հանդգնել էր դիմադրել քաղաքակիրթ «ազատարարներին»: Սրանից հետո արդեն չենք զարմանում, երբ, օրինակ, Մոսկվայի մետրոպոլիտենի կենտրոնական կայարանների մուտքերի մոտ ոմանք կոչ են անում ուսումնասիրել «ազատարար» Հիտլերի «Իմ պայքարը» գիրքը կամ դաշնային զինվորական գերեզմանատունը «ընտանի կենդանիների գերեզմանոց» անվանող գերազատական լրագրողուհու անձնական կայքէջի գրառումները:
Եկեք համաձայնենք, որ ամենաթողության վերածվող ներկայիս բացարձակ ազատության պայմաններում չէր կարելի բացառել, որ Ռուսաստանի դաշնային ալիքները եւս վերջ ի վերջո հայրենական հեռուստադիտողին կցուցադրեին թեկուզ «մեղմ», բայց շատ բացահայտ նացիստամետ քարոզչության ռուսերեն կրկնօրինակված տարբերակը:
Այդ կարգի ռեւիզիոնիստական փորձերից են նաեւ ոչ միայն նախկին ԽՍՀՄ տարածքում նացիստների վայրագությունները եւ, ասենք, հրեա ժողովրդի ողջակիզումը ժխտելու, այլեւ Հայոց ցեղասպանությունըՙ 20-րդ դարում մարդկանց խմբի առաջին զանգվածային բնաջնջումը ուրանալու փորձերը: Այդ եղեռնագործության հեղինակների (փոքր բացառությամբ) հենց անպատժելիությունն էր ոգեշնչում նացիստ հանցագործներին: «Հիմա ո՞վ է հիշում Հայոց ցեղասպանությունը» արտահայտությունը տարածում գտավ հենց Երկրորդ աշխարհամարտի օրերին հրեաների եւ մյուս ժողովուրդների դեմ նացիստների զանգվածային հանցագործությունների ժամանակ:
1948 թ. դեկտեմբերի 9-ին ընդունված Ցեղասպանության ոճիրը կանխելու ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն, ցեղասպանություն ասելով հասկանում ենք գործողություններ, որոնք կատարվում են որեւիցե ազգային էթնիկական, ռասայական կամ կրոնական խումբ որպես այդպիսին լրիվ կամ մասամբ բնաջնջելու դիտավորությամբ: Երկհատոր «Ցեղասպանության հանրագիտարանի» խմբագիր, այդ թեմայի ճանաչված գիտակ Իսրայել Չառնիի բնորոշման համաձայն, նաեւ «լայն իմաստով ցեղասպանություն է զգալի թվով մարդկանց զանգվածային սպանությունը ոչ թե միմյանց դեմ տարբեր զինված ուժերի մարտական գործողությունների ընթացքում, այլ զոհերի անպաշտպանության եւ անօգնականության պայմաններում»:
Այստեղ նշենք, որ բուն «ցեղասպանություն» եզրույթը 1944 թվականին առաջարկեց լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը, որի ընտանիքը ողջակիզման զոհ դարձավ: Եվ հենց Օսմանյան կայսրության հայ բնակչության ոչնչացումն էր այն խոշորամասշտաբ ոճրագործությունը, որ դոկտոր Լեմկինը նկատի էր առնում որպես ցեղասպանության իրական հիմք: «Ցեղասպանություն» եզրույթի ստուգաբանությունը հունարեն «genos» (տոհմ, ցեղ) եւ լատիներեն «caedere» (սպանել) բառերի զուգորդությունն է: Հետագայում Նյուրնբերգի միջազգային դատարանը նացիստական Գերմանիայի նախկին ղեկավարներին դատապարտեց մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համարՙ դատավճռի մեջ «ցեղասպանություն» հասկացությունը ներառելով որպես ֆաշիստների կատարածի նկարագրություն:
Ուստի, ելնելով մասնավորապես նաեւ այն սկզբունքից, որ պետք է հիմք ընդունել ակունքները (մանավանդ որ դա թե՛ պատմականորեն ճիշտ է եւ թե՛ իրավաբանորեն հիմնավորված), հարկավոր է առաջարկվող օրինագծում մյուս հանցագործությունների կողքին հիշատակել նաեւ հայերի դեմ գործված ոճիրը: 20-րդ դարի այդ առաջին լայնընդգրկուն եղեռնագործության ճշմարիտ էությունն ու իմաստը համապատասխան իրավական գնահատականի արժանացան հենց «ցեղասպանություն» եզրույթի մեջ, որն ամրագրված է աշխարհի քսանից ավելի երկրների (այդ թվումՙ Ռուսական կայսրության, իսկ հետագայումՙ Ռուսաստանի Դաշնության) իշխանության մարմինների տարբեր մակարդակի որոշումներում: Տվյալ եղեռնագործության առաջին միջազգային արձագանքն արտահայտվեց 1915-ի մայիսին հենց Ռուսաստանի առաջարկությամբ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ընդունած համատեղ հայտարարության մեջ, որտեղ հայ ժողովրդի դեմ ուղղված վայրագությունները բնորոշվեցին որպես «նոր հանցագործություններ մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Կողմերը համաձայնել էին, որ թուրքական կառավարությունը պետք է պատժվի ոճիր գործելու համար:
Օսմանյան կայսրության եւ «նոր», քեմալական Թուրքիայի տարածքում հայ բնակչության ոչնչացման բազմաթիվ փաստերը հետագայում իրենց արտացոլումը գտան ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի 1995 թ. ապրիլի 14-ի որոշման մեջ: Տեքստում նշվում է.
«Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դուման, հիմնվելով Արեւմտահայաստանի տարածքում 1915-1922 թթ. հայերի բնաջնջման մասին վկայող անհերքելի պատմական փաստերի վրա, հետեւելով Ցեղասպանության ոճիրը կանխելու եւ դրա համար պատժելու ՄԱԿ-ի կոնվենցիայի (9 դեկտեմբերի, 1948 թ.) եւ Պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետի անկիրառելիության կոնվենցիայի (26 նոյեմբերի, 1968 թ.) ոգուն ու տառին, ձգտելով վերածնել Ռուսական պետության մարդասիրական ավանդույթները, հիշեցնելով, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ եվրոպական մեծ տերությունները դեռ 1915 թ. հայ ժողովրդի նկատմամբ թուրքական կայսրության ձեռնարկած գործողությունները որակեցին որպես «մարդկության դեմ ուղղված հանցագործություն», նշելով, որ եղբայրական հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջումը իր պատմական հայրենիքում կատարվել է Ռուսաստանի քայքայման պայմանների ստեղծման նպատակով, դատապարտում է հայերի 1915-1922 թթ. բնաջնջման կազմակերպիչներին, իր կարեկցանքը հայտնում հայ ժողովրդին եւ ապրիլի 24-ը համարում ցեղասպանության զոհերի հիշատակի օր»:
Այստեղ հարկ է նշել, որ հայերի դեմ գործված ոճիրները ամրագրված են նաեւ բուն Թուրքիայում 1919-ին սկսված դատավարության հետեւություններում ու գնահատականներում, երկիր, որը Գերմանիայի նման պարտություն կրեց Առաջին աշխարհամարտում:
Սուլթան Մեհմեդ 6-րդ Վահիդեդդինի (1918-1922) հատուկ հրամանագրի համաձայն, 1919 թ. մարտի 8-ին երիտթուրքերիկուսակցության առաջնորդների եւ նախարարների դատական գործը հանձնվեց Կոստանդնուպոլսի արտակարգ զինվորական դատարանի քննությանը: 1919-ին վեզիր Ֆերիդ փաշան նույնպես դատապարտեց երիտթուրքական կառավարության իրականացրած հանցավոր ծրագիրը: Դատավարությունը սկսվեց 1919 թ. ապրիլի 27-ին երկրի այն ժամանակվա մայրաքաղաքում եւ ընդմիջումներով շարունակվեց մինչեւ հունիսի 26-ը (13 նիստ): Դատական քննությունների ընթացքում դատապարտվեցին հեռակա 11 եւ ներկա գտնվող 20 պետական ու կուսակցական բարձրաստիճան անձինք:
Երիտթուրքերի գործով դատապարտվածների դատավճիռը հրապարակվեց 1919 թ. հուլիսի 5-ին: Չորս ոճրագործներՙ ներքին գործերի նախարար, երիտթուրքերի կուսակցության կենտրոնական կոմիտեի նախագահ եւ մեծ վեզիր (1917-1918) Թալեաթ փաշան, ռազմական նախարար Էնվեր փաշան, Առաջին աշխարհամարտի տարիներին Սիրիայի 4-րդ բանակի գլխավոր հրամանատար Ջեմալ փաշան, հատկապես հայերի եւ մյուս «անհաճո» ժողովուրդների ներկայացուցիչների սպանության համար ստեղծված «Թեշքիլաթ-ի Մախսուսե» հանցավոր կազմակերպության անդամ, կրթության նախարար դոկտոր Նազիմը, հեռակա կարգով դատապարտվեցին մահվան: Մյուս 27 մեղադրյալների մեծամասնությունը դատապարտվեց ազատազրկման: Սակայն Թուրքիայում Մուստաֆա Քեմալ փաշայի (որը հետագայում իրեն անվանեց Աթաթուրք) իշխանության գլուխ անցնելուց հետո այդ բոլոր պատիժները փաստորեն ի չիք դարձան: Եվ դա արվեց այն պատճառով, որ Մուստաֆա Քեմալն ինքը ակտիվորեն մասնակցել էր Օսմանյան կայսրությունում հայ եւ հույն բնակչության ոչնչացմանը:
Մուդրոսի զինադադարից հետո ջարդերի եւ տեղահանությունների ժամանակ ողջ մնացած հայերը սկսեցին վերադառնալ Կիլիկիաՙ հավատալով հայկական ինքնավարության ստեղծմանն օժանդակելու դաշնակիցների խոստումներին:
1920 թվականի օգոստոսի 10-ին Թուրքիայի սուլթանական կառավարությունը եւ պատերազմում հաղթած դաշնակիցները ստորագրեցին Սեւրի պայմանագիրը, որի համաձայն Հայաստանը պետք է ստանար Վանի, Էրզրումի եւ Բիթլիսի վիլայեթների զգալի մասը, ինչպես նաեւ Տրապիզոնի վիլայեթի մի մասը համանուն նավահանգստով: Սակայն պայմանագիրը մնաց թղթի վրա. 1920 թ. սեպտեմբերին թուրքերը պատերազմական գործողություններ սկսեցին Հայաստանի դեմ: Պատերազմն ավարտվեց Հայաստանի Հանրապետության պարտությամբ. թուրքերը ստացան Կարսի մարզը եւ Սուրմալուի գավառը:
1922 թվականի սեպտեմբերին Աթաթուրքի հրամանով թուրքական զորքերը մտան Զմյուռնիա (Իզմիր): Յոթնօրյա սպանդի ընթացքում զոհվեց մոտ 100 հազար մարդ:
Եվ այն, որ Թուրքիայում նախընտրում են չհիշել այդ եւ շատ ուրիշ հանրահայտ փաստերը (թեեւ այնտեղ եւս իրավիճակն աստիճանաբար փոխվում է), բնավ չի նշանակում, թե դա պետք է մոռանան «քննարկումների ազատության» վկայակոչումներով քողարկվող «օսմանյան ոգու» կամ «արիական ռասայի» երկրպագուները:
Աթաթուրքի անձի պաշտամունքից եւ իրենց կուռքին սրբացրած քեմալականներից հեռանալու Թուրքիայի ներկայիս վարչապետ Էրդողանի քաղաքականությունը հանգեցրեց այն անկարգություններին, որոնք սկսվեցին Ստամբուլում 2013 թ. հունիսի 1-ին եւ (ընդհատ) շարունակվում են մինչեւ օրս:
Եվ այս համատեքստում (նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնության եւ աշխարհի այլ երկրների պաշտոնական դիրքորոշումը) առնվազն տարակուսանք է հարուցում Հայոց ցեղասպանության փաստի կապակցությամբ հունիսի 11-ին պրոֆեսոր Մ. Ս. Մեյերի ելույթը «Կուլտուրա» հեռուստաալիքի «Փաստի իշխանությունը» հաղորդման ընթացքում: Հաղորդավարի «Ինչո՞ւ է այդքան ուժգնորեն արգելված Հայոց ցեղասպանության թեման» հարցին պարոն Մեյերը պատասխանում է բառացիորեն հետեւյալը.
– Ես կարծում եմՙ դա պայմանավորված է նրանով, որ Անտանտը փորձել է շահարկել այդ թեման: Ասում են, թե ամեն ինչում իբր մեղավոր են մահմեդականները, իսկ անմեղները հայ քրիստոնյաներն են: Թեպետ իրականում, իհարկե, այնտեղ եղել է ջարդ երկու կողմերից:
Հաղորդավարի «Իսկ որքանո՞վ են արդարացված թվերը, որ լսում ենք» հարցին հետեւում է այս պատասխանը.
– Սա մեր ընդհանուր խնդիրն է: Ըստ հաշվարկներիՙ այնտեղ եղել է ընդամենը մեկուկես միլիոն հայ, եւ քանի որ ինչ-որ մասը պահպանվել է, չի կարելի ասել, թե այդ մեկուկես միլիոնը տուժել է: Կարծում եմ նույնիսկ, որ վերջ ի վերջո եղել են ամեն տեսակ կորուստներ ոչ միայն կրակելու, սպանելու պատճառով. շատ-շատերը մահացան սովից…
Մինչդեռ տակավին 2006 թ. Երեւանում, «Ժողովրդավարության կովկասյան ինստիտուտի» զարգացման հիմնադրամի մամլո ասուլիսում Միխայիլ Մեյերը ասում էր բառացիորեն հակառակը. «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թ. ցեղասպանության ճանաչման տարբերակներից մեկը կարող է դառնալ Հաագայի դատարանին դիմելը…»: Հենց այն ժամանակ էլ նա ընդգծեց, որ «ոչնչացվեց հայ բնակչության կեսը, ինչով էլ լուրջ հարված հասցվեց հայերի գենոֆոնդին»:
Նրա խոսքերով, 20-րդ դարասկզբին երիտթուրքերի դատավարության ընթացքում ընդունվեց, որ իրականացվել է հայերի զանգվածային բնաջնջում. «Առաջին աշխարհամարտի ժամանակ «ցեղասպանություն» եզրույթը չկար, բայց դրանից ոչինչ չփոխվեց»: Նրա այն ժամանակվա կարծիքովՙ «Թուրքիային սարսափեցնում է ոչ այնքան Հայաստանի տարածքային պահանջը, որքան նյութական ու բարոյական վնասի փոխհատուցումը»:
Ի՞նչ կատարվեց 6 տարում: Ինչո՞ւ այդ մարդու կարծիքը կտրուկ փոխվեց: Ինչո՞ւ նա ցեղասպանության զոհերի թիվը կեսից իջեցրեց 1/3-ի ու նաեւ սկսեց ասել, թե Թուրքիայում «եղել է ջարդ երկու կողմերից»: Այս հարցերը պատասխան չունեն: Մի՞թե փաստերը (ինչպես նաեւ կատարվածի իրավական գնահատականները) կարող են ենթարկվել ինչ-ինչ արմատական փոփոխությունների:
Մենք գտնում ենք, որ ինչպես Հայոց ցեղասպանությունը, այնպես էլ Երկրորդ աշխարհամարտի ընթացքում իրականացված Հոլոքոսթը եւ նացիստների կողմից նախկին ԽՍՀՄ-ի եւ այլ երկրների խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացումը կասկածի տակ առնելու փորձերը մեծ հաշվով կատարված չարագործությունների արդարացումն են: Եվ, ցավոք, ստիպված ենք խոստովանել. պատմական ճշմարտությունը կարոտ է իրավական պաշտպանության, ներառյալ պատժի ոչ միայն վարչական, այլեւ քրեական միջոցները: Եվ սա որեւէ կապ չունի ստեղծագործական ինքնարտահայտման ազատության հետ:
Պատմության թուրք եւ մյուս կեղծարարները գուցե որոշ ժամանակ հարաբերական անպատժելիությունից օգտվեն սեփական ազգային տարածքներում: Սակայն դա նրանց բնավ իրավունք չի տալիս, արդի միջպետական տեղեկատվական հոսքերից օգտվելով, խեղելու բազմազգ ռուսական պետության հանրային գիտակցությունը, մեր ժողովուրդներին թերարժեքության բարդույթ պատվաստելու, քաղաքացիական հակամարտությունների սերմեր ցանելու, ազգամիջյան երկպառակություն հարուցելու:
Կասկածից վեր է, որ պատգամավոր Իրինա Յարովայի նախաձեռնությունը պահանջում է ամենայն աջակցություն: Մեզ թվում էՙ տվյալ օրինագիծը կարոտ է լրացումների ու ճշգրտումների, այդ թվումՙ նաեւ նախորդ գումարումներից Պետդումայի ընդունած մի շարք փաստաթղթերի համատեքստում: Մենք անհրաժեշտ ենք համարում թվարկումների ցանկը համալրել հետեւյալ բառերով. «… եւ Օսմանյան կայսրությունում հայերի 1915-1922 թթ. ցեղասպանության ժխտման համար»:
Մի խոսքով, անհրաժեշտ է օրենքը ընդլայնել, լրացնել (այնտեղ կոնկրետ պատմական իրադարձությունների հիշատակման առումով), ճշգրտել ենթադրվող պատժամիջոցների տեսակետից: Նախաձեռնության քննարկումը կիրականացվիՙ հենվելով քաղաքացիական հասարակության ուժերի վրա եւ բնավ ուշադրություն չդարձնելով ազատական աղիողորմ ճիչերին, որոնք ավելի ու ավելի սերտորեն միահյուսվում են նացիստների, հետեւաբարՙ նաեւ նրանց նախորդների հանցագործությունների ուղղակի արդարացման գծին: Չէ որ, վերջին հաշվով, հիստերիկան թուլության եւ պակասավորության հավաստի նշան է:
Նկար 1. Ծաղիկներ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի մոտ