Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՏԱՐԵԿԱՆ 1000 ՄԱՍՆԱԳԵՏԻ ՊԱՀԱՆՋԱՐԿ 10-15 ՏՈԿՈՍ ԱՃ ՈՒՆԵՑՈՂ ՈԼՈՐՏԻ ՀԱՄԱՐ

Ա. Մ.

Երեւանում բացվեց տեղեկատվական տեխնոլոգիաների «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը

Երեւանում երեկ բացված «Խելացի լուծումներՙ խելացի երկրների համար» խորագրով «ԴիջիԹեք» բիզնես ֆորումին մասնակցում էին 62 կազմակերպություններ, 43-ը տեղական, մյուսներըՙ ամերիկյան, ռուսական, սինգապուրյան, վրացական, իտալական, ուկրաինական եւ այլ ընկերություններ: Ֆորումի բացմանը ելույթ ունեցավ վարչապետ Տիգրան Սարգսյանը :

Վարչապետը ակնառու համարեց այս ոլորտում մասնավոր հատվածի հետ կատարված աշխատանքների արդյունքները, արձանագրելով տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ահռելի առաջընթացը, որը «առաջընթաց է նաեւ միջազգային համեմատությունների մեջ»: Ըստ Տիգրան Սարգսյանի, դրա վառ վկայությունն է նաեւ այն հանգամանքը, որ համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունները հենց Հայաստանի Հանրապետությունում են տեղակայում իրենց տարածաշրջանային կենտրոնները: Վարչապետի կարծիքով, դրան մեծապես նպաստում են նաեւ ԱՄՆ-ումՙ Սիլիկոնյան հովտում անցկացվող ֆորումները, մեր երկրին հնարավորություն տալով ուղղակի կապ հաստատելու աշխարհի առաջատար ընկերությունների հետ:

Տիգրան Սարգսյանի խոսքերով, տարեկան 10-15 տոկոս աճ ապահովող ՏՏ ոլորտը կառավարության առջեւ դնում է կադրերի պատրաստման խնդիր, որպեսզի բուհերը կարողանան տարեկան առնվազն 1000 մասնագետ մատակարարել այս ոլորտին, ինչը կառավարության առաջնահերթություններից մեկն է: Այնուհետեւ վարչապետը հիշատակեց ձեռնարկությունների պետական ռեգիստրում եւ կադաստրի համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը եւ դրանց արդյունավետությունը, տեղեկացրեց, որ ՏՏ-ի լայնածավալ կիրառում է սկսվել հարկային եւ մաքսային բնագավառում` կրճատելով հարկ վճարողների շփումը այս ոլորտի աշխատողների հետՙ նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը, ապա նաեւ համակարգը դարձնելով թափանցիկ եւ վերահսկելի:

«Բարձր արտադրողականության, բազմաֆունկցիոնալ շուրջ 7500 ՀԴՄ-ներ, որոնք ունեն հսկողական բարձր հնարավորություններ, թույլ են տալիս ոչ միայն իրականացնել հաշվառում, ստանալ հաշվետվություններ, այլեւ քարտային վճարումներ, հուլիսի 1-ից առաջին հերթին կտրամադրվեն խոշոր բիզնեսին», այս մասին իր ելույթում հայտնեց Տիգրան Սարգսյանը, ավելացնելով, որ 2014-ի հունվարի մեկից 60 հազար փոքր եւ միջին ձեռնարկություններ եւս հնարավորություն կունենան օգտվելու այդ ՀԴՄ-ներից, ինչն էապես կբարելավի վարչարարությունը հարկային եւ մաքսային ոլորտում: Ելույթի վերջում նա հավաստիացրեց, որ ՏՏ ոլորտը կառավարության առաջնահերթություններից մեկն է:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հիշեցրեց, որ նախորդ տարի ինքը վարչապետ Սարգսյանի հետ ԱՄՆ-ում մասնակցել է «ԱրմԹեք» համաժողովին եւ նշել, որ այդ համաժողովը ամերիկյան եւ հայկական ընկերությունների սերտ համագործակցության լավ օրինակ է: «ԱՄՆ-ի ընկերությունները Հայաստանում բավականին ակտիվ են: Շատ կարեւոր է, որ ՏՏ ընկերությունները եւ տնտեսության մյուս ճյուղերը փոխկապակցվեն: ՏՏ ոլորտը լավ աշխատանք է կատարում, նրա արտադրության 40 տոկոսն իրացվում է երկրի ներսում, ինչը լավ ցուցանիշ է նաեւ էլեկտրոնային կառավարման առումով», ասաց դեսպանը: