Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Օրակարգում ժամանակակից ֆիզիկայի զարգացումն է

ՀՀ տնտեսության հետագա զարգացման համար կարեւոր նշանակություն ունի ֆիզիկա առարկայի դասավանդման մակարդակի բարձրացումը  հանրակրթական դպրոցներում: ՀՀ մի շարք ավագ դպրոցների ֆիզիկայի ուսուցիչներ նոր հմտություններ եւ գիտելիքներ ձեռք բերեցին «Ժամանակակից ֆիզիկա. հանրամատչելիացման եւ ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» գիտաժողովի ընթացքում: Գիտաժողովի աշխատանքներն ընթացան ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում, Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում, ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում, Հայկական ատոմային էլեկտրակայանում, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում:

Հայաստանի եւ արտերկրի գիտական ու կրթական հաստատությունների գիտնականները հանդես եկան զեկուցումներով՝ նվիրված ֆիզիկայի զարգացման ժամանակակից միտումներին, ժամանակակից աստղաֆիզիկային, քվանտային ֆիզիկային, ակուստաֆիզիկային, ատոմային եւ միջուկային ֆիզիկային: Մասնակիցները  ստացան վկայագրեր:

Գիտաժողովն անցկացվեց «Գիտությունը՝ հանրակրթությանը»  ծրագրի շրջանակում: Նպատակն էր խթանել Հայաստանում գիտության եւ կրթության կապի ամրապնդումը:

Գիտաժողովը կազմակերպել էին ՀՀ   Գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը: 

Անտարակույս, նման գիտաժողովները կնպաստեն մասնագիտության զարգացմանը մեր երկրում:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ