Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Փողոց Փարաջանովի անունով

Թբիլիսիում տեղի է ունեցել Սերգեյ Փարաջանովի անվան փողոցի պաշտոնական բացման արարողությունը:

Թբիլիսիի Մթածմինդա թաղամասի փողոցներից մեկը այսուհետ կկրի հայազգի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անունը: Այդ փողոցում է ծնվել եւ մեծացել արվեստագետը: Փողոցի բացման արարողությունը կայացել է Թբիլիսիի ավագանու նախաձեռնությամբ: Թբիլիսիի փողոցների վերանվանման հանձնա-ժողովը միաձայն որոշում էր ընդունել`մայրաքաղաքի փողոցներից մեկը, որտեղ բնակվել է Ս. Փարաջանովը, անվանակոչել նրա անվամբ:

Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականին Թիֆլիս քաղաքում` հնավաճառի ընտանիքում: Այս մասնագիտությունը ժառանգական էր Փարաջանովների ընտանիքում: Հայրը հուսով էր, որ իր երեխաներն էլ կշարունակեն իրենց նախնիների գործը:

Սերգո Փարաջանովն իր առանձնահատուկ ոճով, բազմազանությամբ ու ոչ ստանդարտ մոտեցումներով պատվավոր տեղ է գրավել կինոաշխարհում: Նա համարվում է 20-րդ դարի ականավոր կինոռեժիսորներից մեկը: Ս. Փարաջանովի ստեղծագործությունները հիմնականում արտացոլում են Կովկասի էթնիկ բազմազանությունը:

Ստ.  ՊԱՊԻԿՅԱՆ