Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Սեյսմակայունությունը՝ գիտնականների ուշադրության առարկա

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Նազարովի անվան Երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում մշակվում է սեյսմիկ ինտենսիվության տարածքային սանդղակի նախնական տարբերակը:

Տարածքային սեյսմիկ սանդղակի անհրաժեշտության, դրա մշակման գիտական եւ կիրառական հիմքերը դրվել են 1988թ-ի Սպիտակի երկրաշարժի հետեւանքների լայնածավալ ուսումնասիրման ժամանակ՝ Գյումրի եւ Սպիտակ քաղաքների տարածքներում երկրաշարժի ինտենսիվության գնահատման եւ խոշորամասշտաբ մակրոսեյսմիկ քարտեզներ կազմելու նպատակով:

Տարածքային սեյսմիկ սանդղակի մշակման հիմքում դրվել է երկու կարեւոր գործոն: Առաջինը՝ ի տարբերություն ներկայում օգտագործվող MSK-64 սանդղակի՝ շինությունների տիպայնացումն իրականացվելու է ոչ թե ըստ նրանց կոնստրուկտիվ հատկությունների, այլ ըստ նրանց իրական սեյսմազինվածության աստիճանի: Երկրորդը՝ հաշվի են առնվելու մեր տարածաշրջանի շինարարության իրականացման ազգային-ավանդական առանձնահատկությունները եւ երկարամյա փորձը:

Շենքերի եւ շինությունների նախնական տարակարգման հիման վրա իրականացվել են մակրոսեյսմիկ հետազոտություններ Սպիտակի երկրաշարժի ազդեցության գոտում գտնվող գրեթե բոլոր բնակավայրերում: Կազմվել են  Գյումրի, Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան քաղաքների մանրամասն մակրոսեյսմիկ քարտեզները:

Տարածքային սեյսմիկ սանդղակի կիրառական նշանակությունը պայմանավորված է երկրաշարժերի ինտենսիվության առավել իրատեսական գնահատման անհրաժեշտությամբ:

 Ստեփան  ՊԱՊԻԿՅԱՆ

Ռուսաստանի  բնագիտության  ակադեմիայի  պրոֆեսոր