Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Պոնտոսի հույների բռնագաղթը

Պոնտոսի հույների ցեղասպանությունը

Ներկայում քչերը գիտեն,որ Հայերի ցեղասպանությունից բացի, ավելի քան հարյուր տարի առաջ իրականացվեց նաեւ Պոնտոսի հույների ցեղասպանությունը: 

Հունաստանը մայիսի 19-ը պաշտոնապես ճանաչել է Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակման օր: Կիպրոսը  նույնպես այդ իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն:Պոնտոսի հույների ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են ԱՄՆ-ի Նյու-Յորք, Հարավային Կարոլինա, Նյու   Ջերսի, Ֆլորիդա, Մասաչուսեթս, Պենսիլվանիա եւ Իլինոյս նահանգները:

Հույների ցեղասպանությունը կազմակերպել էր Օսմանյան կայսրության կառավարությունը եւ թուրքական իշխող վերնախավը: Հակահույն արյունալի բռնությունները, կոտորածներն ու ցեղասպանական մյուս գործողություններն ուղղված էին Օսմանյան կայսրության հույն ազգաբնակչության դեմ:  Իրականացվեցին հույների  բռնի տարհանումը, որի մասն էին կազմում մահվան երթերը, աքսորները, տարաբնույթ պատիժները, ինչպես նաեւ հույն  մշակութային, պատմական  հուշարձանների ավերումը: Ակներեւ է, որ Օսմանյան կայսրության կառավարող վերնախավը  գործում էր նույն արյունոտ  ոճով, ինչ հայերի դեպքում: Այդ ժամանակահատվածի ընթացքում զոհվեցին մի քանի հարյուր հազար հույն բնակիչներ: Փախստականների մեծ մասը ապաստան գտան  Հունաստանում, Ռուսական կայսրությանը պատկանող Արեւելյան Հայաստանի, Վրաստանի, Հարավային Կովկասի, Հյուսիսային Կովկասի եւ այլ երկրամասերի տարածքներում: 1919-1922 թվականների  Փոքր Ասիայի հույների ճնշող մեծամասնությունը կա՛մ ստիպված փախել էր հայրենի բնակավայրերից, կա՛մ սպանվել: Օսմանյան կայսրության մյուս ազգային խմբերը եւս ցեղասպանության ենթարկվեցին, օրինակ  ասորիները: Հույների ցեղասպանության զոհերի թվաքանակը տարբեր գնահատականներով կազմում է 350 հազարից մինչեւ 1,2 միլիոն մարդ:

Անտանտի պետությունները, հատկապես Անգլիան եւ Ֆրանսիան, դատապարտել են Օսմանյան կայսրության կառավարության կողմից սկսված եղեռնը որպես Հանցագործություն մարդկության հանդեպ: 2007 թվականին Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը  բանաձեւ է ընդունել՝ Օսմանյան կայսրության քրիստոնյա բնակչության վերաբերյալ՝ այն բնութագրելով որպես ցեղասպանություն: Համանման բանաձեւեր են ընդունել Հունաստանի, Կիպրոսի, Հայաստանի, Նիդերլանդների, Շվեդիայի եւ Ավստրիայի խորհրդարանները:

Անհրաժեշտ է խստորեն դատապարտել բոլոր ցեղասպանությունները:Հասնել այն բանին,որ միջազգային տարբեր մակարդակներում այս հարցին տրվի համապատասխան լուծում` վերադարձվի այն ամենը, ինչ պատկանում է տվյալ ժողովրդին:Միայն այս դեպքում կարող ենք կանխել  մարդկությանը սպառնացող հետագա բոլոր ցեղասպանությունները:Այս հարցում կարեւոր դերակատարություն ունեն նաեւ զանգվածային լրատվամիջոցները:

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ

Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի անդամ